Հոդված 983.1. Ապահովագրության տարրերը
Հոդված 983.1. Ապահովագրության տարրերը
1. Ապահովադիրն ապահովագրողի հետ ապահովագրության պայմանագիր կնքած անձն է:
2. Ապահովագրված անձն այն անձն է, որի հետ կապված ապահովագրական պատահարի առաջացումը հանդիսանում է ապահովագրության պայմանագրի առարկա:
3. Շահառուն ապահովագրական պատահար տեղի ունենալու պարագայում ապահովագրական պայմանագրով նախատեսված ապահովագրական հատուցումն ստանալու իրավունք ունեցող անձն է:
4. Ապահովագրության օբյեկտն ապահովագրման ենթակա գույքային և անձնական շահերն են:
5. Ապահովագրական ռիսկն առաջանալու որոշակի հավանականությամբ և պատահականությամբ ապահովագրական պատահարի տեղի ունենալու հետևանքով առաջացող վնասի հնարավոր մեծությունն է:
6. Ապահովագրական հատուցումն ապահովագրական պատահարի տեղի ունենալու արդյունքում ապահովագրողի կողմից ապահովագրական պայմանագրի հիման վրա ապահովադրին կամ շահառուին վճարման ենթակա գումարն է` դրամական արտահայտությամբ կամ համարժեք գույքով:
7. Ապահովագրական գումարն ապահովագրողի կողմից վճարման ենթակա հնարավոր ապահովագրական հատուցման առավելագույն չափն է:
8. Ապահովագրավճարն ապահովագրության պայմանագրով սահմանված չափով և պայմաններով ապահովադրի կողմից ապահովագրողին հնարավոր ապահովագրական հատուցման դիմաց վճարվելիք գումարն է:
9. Ապահովագրական պատահարն ապահովագրական պայմանագրով նախատեսված դեպքն է կամ իրադարձությունը, որի տեղի ունենալու ուժով ապահովագրողը պարտավորվում է ապահովադրին կամ շահառուին վճարել ապահովագրական հատուցում:
10. Ապահովագրական սակագինը սահմանված ապահովագրական գումարի նկատմամբ ապահովագրավճարի դրույքաչափն է:
11. Չհատուցվող գումարը ոչ կյանքի ապահովագրության դեպքում ապահովադրի մասնակցության չափն է վնասի հատուցմանը, որը սահմանվում է ապահովագրության պայմանագրով՝ կոնկրետ գումարի կամ ապահովագրական գումարի նկատմամբ տոկոսի տեսքով: Չհատուցվող գումարի տեսակներն են`
1) պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է փաստացի վնասների կամ կորուստների հատուցման պարտականությունից, եթե այդ վնասը չի գերազանցում ապահովագրական պայմանագրով նախատեսված չհատուցվող գումարի չափը, և պարտավոր է վճարել հատուցումն ամբողջությամբ, եթե դրա մեծությունը գերազանցում է չհատուցվող գումարի չափը.
2) ոչ պայմանական չհատուցվող գումար, որի դեպքում ապահովագրողն ազատվում է որոշակի մասով հատուցում իրականացնելուց` անկախ վնասի կամ կորստի ընդհանուր չափից:
(983.1-ին հոդվածը լրաց. 09.04.07 ՀՕ-178-Ն)