Հոդված 99. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարումը
Հոդված 99. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարումը
1. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կառավարման բարձրագույն մարմինը նրա մասնակիցների ընդհանուր ժողովն է:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում ստեղծվում է գործադիր մարմին (կոլեգիալ և (կամ) միանձնյա), որն ընթացիկ ղեկավարություն է իրականացնում նրա գործունեության նկատմամբ և հաշվետու է նրա մասնակիցների ընդհանուր ժողովին: Ընկերության կառավարման միանձնյա մարմնի կազմում կարող են ընտրվել նաև ընկերությանը չմասնակցող անձինք:
2. Ընկերության կառավարման մարմինների իրավասությունը, ինչպես նաև նրանց որոշումների ընդունման և ընկերության անունից հանդես գալու կարգը սահմանվում են սույն օրենսգրքին, սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքին ու ընկերության կանոնադրությանը համապատասխան:
3. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`
1) ընկերության կանոնադրությունը և նրա կանոնադրական կապիտալի չափը փոփոխելը.
2) ընկերության գործադիր մարմիններ կազմավորելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.
3) ընկերության տարեկան հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռները հաստատելը, նրա շահույթն ու վնասները բաշխելը.
4) ընկերությունը վերակազմակերպելու կամ լուծարելու մասին որոշում ընդունելը.
5) ընկերության վերստուգիչ հանձնաժողովի (վերստուգողի) ընտրությունը:
Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը կարող է վերապահվել նաև այլ հարցերի լուծում:
Ընկերության մասնակիցների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը` օրենքով վերապահված հարցերը չեն կարող նրա կողմից փոխանցվել ընկերության գործադիր մարմինների իրավասությանը:
4. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվության հավաստիությունը վերստուգելու համար ընկերությունն իրավունք ունի ամեն տարի ներգրավել ընկերության կամ նրա մասնակիցների հետ գույքային շահերով չկապված արհեստավարժ վերստուգիչի` աուդիտորի (արտաքին աուդիտ):
Ընկերության տարեկան ֆինանսական հաշվետվության վերստուգումը կարող է կատարվել նաև նրա մասնակիցներից յուրաքանչյուրի պահանջով: Այս դեպքում վերստուգումը կատարվում է այն պահանջող մասնակցի հաշվին:
Ընկերության գործունեության վերստուգումներ անցկացնելու կարգը սահմանվում է օրենքով և ընկերության կանոնադրությամբ:
5. Ընկերության գործերի վարման արդյունքների մասին տեղեկությունների հրապարակումը (հրապարակային հաշվետվություն) պարտադիր չէ, բացառությամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին օրենքով նախատեսված դեպքերի: