Հոդված 217.2
Հոդված 217.2.
Ուզուֆրուկտը
1. Կողմերի համաձայնությամբ պայմանագրի հիման վրա անշարժ կամ շարժական գույքը կարող է ծանրաբեռնվել այնպես, որ անձը, հօգուտ որի կատարվել է այդ ծանրաբեռնումը, իրավունք ունենա տիրապետելու և օգտագործելու գույքը և դրա օգտագործմամբ ստացվածը (պտուղներ, արտադրանք, եկամուտներ) նույն կերպ, ինչպես դա իրավասու կլիներ անելու գույքի սեփականատերը (ուզուֆրուկտ):
2. Ուզուֆրուկտ ստացող անձի կողմից գույքի օգտագործմամբ ստացվածը համարվում է ուզուֆրուկտ ստացող անձի սեփականությունը:
3. Ուզուֆրուկտը սահմանվում է անհատույց, եթե այլ բան նախատեսված չէ կողմերի համաձայնությամբ:
4. Ուզուֆրուկտի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքի կամավոր գույքային սերվիտուտին վերաբերող կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքի 217.2-217.7 հոդվածներով:
5. Անշարժ գույքի նկատմամբ ուզուֆրուկտ սահմանելու մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման:
6. Անշարժ գույքի նկատմամբ ուզուֆրուկտը ենթակա է պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով: Շարժական գույքի նկատմամբ ուզուֆրուկտը ենթակա է պետական գրանցման՝ սույն օրենսգրքի 135 հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով նախատեսված դեպքերում և կարգով:
7. Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող գույքը ուզուֆրուկտով կարող է ծանրաբեռնվել օրենքով նախատեսված դեպքերում:
8. Հողամասի նկատմամբ ուզուֆրուկտ սահմանելիս ուզուֆրուկտ է սահմանվում նաև հողամասը զբաղեցրած շինության նկատմամբ, եթե այլ բան սահմանված չէ կողմերի համաձայնությամբ։
(217.2-րդ հոդվածը լրաց. 01.03.17 ՀՕ-70-Ն)