Հոդված 108. Փակ բաժնետիրական ընկերություն
Հոդված 108. Փակ բաժնետիրական ընկերություն
1. Բաժնետիրական ընկերությունը, որի բաժնետոմսերը բաշխվում են միայն նրա հիմնադիրների կամ նախապես որոշված այլ անձանց միջև, համարվում է փակ բաժնետիրական ընկերություն: Նման ընկերությունն իրավունք չունի անցկացնել իր թողարկած բաժնետոմսերի բաց բաժանորդագրություն կամ անսահմանափակ թվով անձանց առաջարկել այլ կերպ ձեռք բերելու դրանք:
2. Փակ բաժնետիրական ընկերության մասնակիցների թիվը չպետք է գերազանցի «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քանակը, հակառակ դեպքում, այն մեկ տարվա ընթացքում ենթակա է վերակազմավորման բաց բաժնետիրական ընկերության, իսկ այդ ժամկետը լրանալուց հետո` դատական կարգով լուծարման, եթե մասնակիցների թիվը չնվազի մինչև օրենքով սահմանված քանակը:
3. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում փակ բաժնետիրական ընկերությունը պարտավոր է, ի գիտություն բոլորի, հրապարակել սույն օրենսգրքի 107 հոդվածում նշված փաստաթղթերը: