Գլուխ 51 · ՀԱՇՎԱՐԿՆԵՐ
Հոդված 952. Չեկը չվճարելու մասին ծանուցելը
Հոդված 952. Չեկը չվճարելու մասին ծանուցելը
1. Չեկի տերը պարտավոր է բողոքի կամ դրան հավասարազոր ակտ կազմելու օրվանից հետո` երկու օրվա ընթացքում, չվճարելու մասին ծանուցել իր փոխանցագրողին և չեկ տվողին:
2. Յուրաքանչյուր փոխանցագրող ծանուցումն ստանալու օրվանից հետո` հաջորդ երկու աշխատանքային օրերի ընթացքում, պետք է ստացված ծանուցման մասին տեղեկացնի իր փոխանցագրողին: Նույն ժամկետում ծանուցում է ուղարկվում այդ անձի համար ավալ տվողին:
Նշված ժամկետում ծանուցում չուղարկած անձը չի կորցնում իր իրավունքները, սակայն հատուցում է չեկը չվճարելու մասին չծանուցելու հետևանքով առաջացած վնասները: Հատուցվելիք վնասների չափը չի կարող գերազանցել չեկի գումարը: