Հոդված 973. Իրավատիրոջ պարտականությունները
Հոդված 973. Իրավատիրոջ պարտականությունները
1. Իրավատերը պարտավոր է`
1) օգտագործողին փոխանցել տեխնիկական և առևտրային փաստաթղթեր, նրան տրամադրել համալիր թույլտվության պայմանագրով վերապահված իրավունքների իրականացման համար անհրաժեշտ այլ տեղեկատվություն, ինչպես նաև օգտագործողին և նրա աշխատողներին հրահանգավորել այդ իրավունքների իրականացման հետ կապված հարցերով.
2) օգտագործողին հանձնել պայմանագրով նախատեսված թույլտվությունները (լիցենզիաները)` ապահովելով դրանց ձևակերպումը սահմանված կարգով:
2. Եթե այլ բան նախատեսված չէ համալիր թույլտվության պայմանագրով, իրավատերը պարտավոր է`
1) ապահովել համալիր թույլտվության պայմանագրով տրամադրվող իրավունքի պետական գրանցումը (970-րդ հոդվածի 3-րդ մաս).
2) օգտագործողին մշտական տեխնիկական և խորհրդատվական աջակցություն ցույց տալ` ներառյալ նրա աշխատողների ուսուցման ու որակավորման բարձրացման ուղղությամբ աջակցությունը.
3) վերահսկել համալիր թույլտվության պայմանագրի հիման վրա օգտագործողի կողմից արտադրվող ապրանքների, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների որակը:
(973-րդ հոդվածը խմբ. 03.06.20 ՀՕ-297-Ն)