Հոդված 118. Կոոպերատիվի գույքը
Հոդված 118. Կոոպերատիվի գույքը
1. Կոոպերատիվի սեփականության ներքո գտնվող գույքը, կոոպերատիվի կանոնադրությանը համապատասխան, բաժանվում է նրա անդամների փայերի:
2. Կոոպերատիվի անդամը պարտավոր է մինչև կոոպերատիվի գրանցումն ամբողջությամբ մուծել փայավճարը, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:
3. Կոոպերատիվի կանոնադրությամբ կարող է սահմանվել, որ կոոպերատիվին պատկանող գույքի որոշակի մասը կանոնադրությամբ սահմանված նպատակներով օգտագործվող անբաժանելի ֆոնդ է:
Անբաժանելի ֆոնդերն օգտագործելու մասին որոշումը կոոպերատիվի անդամներն ընդունում են միաձայն, եթե այլ բան նախատեսված չէ կոոպերատիվի կանոնադրությամբ:
4. Կոոպերատիվի անդամները պարտավոր են տարեկան հաշվեկշռի հաստատումից հետո` երկու ամսվա ընթացքում, լրացուցիչ վճարների միջոցով փակել առաջացած վնասները: Այս պարտականությունը չկատարելու դեպքում կոոպերատիվը, պարտատերերի պահանջով, կարող է լուծարվել դատական կարգով:
Կոոպերատիվի անդամները նրա պարտավորությունների համար համապարտ սուբսիդիար պատասխանատվություն են կրում կոոպերատիվի յուրաքանչյուր անդամի լրացուցիչ վճարի չմուծված մասի սահմաններում:
5. Կոոպերատիվի լուծարումից հետո մնացած գույքը բաշխվում է նրա անդամների միջև` կոոպերատիվի կանոնադրությանը համապատասխան:
⚖Հոդված 119. Կոոպերատիվի կառավարումը
1. Կոոպերատիվի կառավարման բարձրագույն մարմինը նրա անդամների ընդհանուր ժողովն է:
Հիսունից ավելի անդամ ունեցող կոոպերատիվում կարող է ստեղծվել դիտորդ խորհուրդ, որը վերահսկողություն է իրականացնում կոոպերատիվի գործադիր մարմինների գործունեության նկատմամբ: Դիտորդ խորհրդի անդամներն իրավունք չունեն գործել կոոպերատիվի անունից:
Կոոպերատիվի գործադիր մարմիններն են` նրա վարչությունը և (կամ) նախագահը: Նրանք ղեկավարում են կոոպերատիվի ընթացիկ գործունեությունը և հաշվետու են դիտորդ խորհրդին ու կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովին:
Դիտորդ խորհրդի և վարչության անդամներ, ինչպես նաև կոոպերատիվի նախագահ կարող են լինել միայն կոոպերատիվի անդամները: Դիտորդ խորհրդի կամ գործադիր մարմնի անդամը չի կարող լինել համանման այլ կոոպերատիվի անդամ: Կոոպերատիվի անդամը չի կարող միաժամանակ լինել դիտորդ խորհրդի և վարչության անդամ կամ կոոպերատիվի նախագահ:
2. Կոոպերատիվի կառավարման մարմինների իրավասությունը և նրանց որոշումների ընդունման կարգը սահմանվում են օրենքով ու կոոպերատիվի կանոնադրությամբ:
3. Կոոպերատիվի անդամների ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`
1) կոոպերատիվի կանոնադրությունը փոփոխելը.
2) դիտորդ խորհուրդ կազմավորելը և նրա անդամների լիազորությունները դադարեցնելը, ինչպես նաև կոոպերատիվի գործադիր մարմիններ կազմավորելն ու նրանց լիազորությունները դադարեցնելը, եթե կոոպերատիվի կանոնադրությամբ այդ իրավունքը չի տրվել դիտորդ խորհրդին.
3) կոոպերատիվի անդամներ ընդունելը և հեռացնելը.
4) կոոպերատիվի տարեկան հաշվետվությունները և հաշվապահական հաշվեկշիռները հաստատելն ու վնասները բաշխելը.
5) կոոպերատիվի վերակազմակերպման և լուծարման մասին որոշում ընդունելը:
Կոոպերատիվների մասին օրենքներով և կոոպերատիվի կանոնադրությամբ կոոպերատիվի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը կարող է վերապահվել նաև այլ հարցերի լուծում:
Կոոպերատիվի ընդհանուր ժողովի կամ դիտորդ խորհրդի բացառիկ իրավասությանը վերապահված հարցերը չեն կարող նրանց կողմից փոխանցվել կոոպերատիվի գործադիր մարմինների իրավասությանը:
4. Ընդհանուր ժողովում որոշումներ ընդունելիս կոոպերատիվի անդամն ունի մեկ ձայնի իրավունք: