Հոդված 115. Բաժնետիրական ընկերության կառավարումը
Հոդված 115. Բաժնետիրական ընկերության կառավարումը
1. Բաժնետիրական ընկերության կառավարման բարձրագույն մարմինը բաժնետերերի ընդհանուր ժողովն է:
Բաժնետիրական ընկերության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն են պատկանում`
1) ընկերության կանոնադրությունը և նրա կանոնադրական կապիտալի չափը փոփոխելը.
2) ընկերության տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) և վերստուգող հանձնաժողովի (վերստուգողի) անդամների ընտրությունն ու նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը.
3) ընկերության գործադիր մարմիններ կազմավորելը և նրանց լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելը, եթե ընկերության կանոնադրությամբ այդ հարցերի լուծումը վերապահված չէ տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) իրավասությանը.
4) ընկերության տարեկան հաշվետվությունները, հաշվապահական հաշվեկշիռները, շահույթների և վնասների հաշիվները հաստատելը ու նրա շահույթները և վնասները բաշխելը.
5) ընկերությունը վերակազմակերպելու կամ լուծարելու մասին որոշում ընդունելը:
«Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը կարող է վերապահվել նաև այլ հարցերի լուծում:
Բաժնետերերի ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանն օրենքով վերապահված հարցերը չեն կարող նրա կողմից փոխանցվել ընկերության գործադիր մարմինների իրավասությանը:
2. Հիսունից ավելի բաժնետեր ունեցող ընկերությունում ստեղծվում է տնօրենների խորհուրդ (դիտորդ խորհուրդ):
Տնօրենների խորհուրդ (դիտորդ խորհուրդ) ստեղծելու դեպքում, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան, ընկերության կանոնադրությամբ պետք է սահմանվի նրա բացառիկ իրավասությունը: Տնօրենների խորհրդի (դիտորդ խորհրդի) բացառիկ իրավասությանը կանոնադրությամբ վերապահված հարցերը չեն կարող նրա կողմից փոխանցվել ընկերության գործադիր մարմինների իրավասությանը:
3. Ընկերության գործադիր մարմինը կարող է լինել կոլեգիալ (վարչություն, տնօրինություն) և (կամ) միանձնյա (տնօրեն, գլխավոր տնօրեն): Գործադիր մարմինը ղեկավարում է ընկերության ընթացիկ գործունեությունը և հաշվետու է տնօրենների խորհրդին (դիտորդ խորհրդին) ու բաժնետերերի ընդհանուր ժողովին:
Ընկերության գործադիր մարմնի իրավասությանն է պատկանում օրենքով կամ ընկերության կանոնադրությամբ սահմանված` ընկերության կառավարման մյուս մարմինների բացառիկ իրավասության մեջ չմտնող բոլոր հարցերի լուծումը:
Բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշմամբ ընկերության գործադիր մարմնի լիազորությունները պայմանագրով կարող են տրվել այլ առևտրային կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ (կառավարչի):
4. Բաժնետիրական ընկերության կառավարման մարմինների իրավասությունը, ինչպես նաև նրանց որոշումների ընդունման և ընկերության անունից հանդես գալու կարգը սահմանվում է սույն օրենսգրքին, «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին և ընկերության կանոնադրությանը համապատասխան:
5. Սույն օրենսգրքի 107 հոդվածում նշված փաստաթղթերը հրապարակելիս բաժնետիրական ընկերությունը պարտավոր է ամենամյա ֆինանսական հաշվետվության վերստուգման համար ներգրավել արհեստավարժ վերստուգիչի, որը գույքային շահերով կապված չէ ընկերության կամ նրա մասնակիցների հետ:
Բաժնետիրական ընկերության գործունեության վերստուգումն այն բաժնետերերի պահանջով, որոնց հանրագումար բաժինը կանոնադրական կապիտալում կազմում է տասը և ավելի տոկոս, պետք է անցկացվի ցանկացած ժամանակ:
Բաժնետիրական ընկերության գործունեության վերստուգումներ անցկացնելու կարգը սահմանվում է օրենքով և ընկերության կանոնադրությամբ: