Հոդված 72. Հիմնական դրույթներ տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների մասին
Հոդված 72. Հիմնական դրույթներ տնտեսական ընկերակցությունների և ընկերությունների մասին
1. Տնտեսական ընկերակցություններ և ընկերություններ են համարվում իրենց հիմնադիրների (մասնակիցների)` բաժնեմասերի բաժանված կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալ ունեցող առևտրային կազմակերպությունները: Հիմնադիրների (մասնակիցների) ավանդների հաշվին ստեղծված, ինչպես նաև տնտեսական ընկերակցության կամ ընկերության գործունեության ընթացքում արտադրված և ձեռք բերված գույքը նրան է պատկանում սեփականության իրավունքով:
Սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում տնտեսական ընկերություն կարող է ստեղծել մեկ անձը:
2. Տնտեսական ընկերակցությունները կարող են ստեղծվել լիակատար ընկերակցության կամ վստահության վրա հիմնված ընկերակցության (կոմանդիտային ընկերակցության) ձևով:
3. Տնտեսական ընկերությունները կարող են ստեղծվել սահմանափակ կամ լրացուցիչ պատասխանատվությամբ ընկերության կամ բաժնետիրական ընկերության ձևով:
4. Լիակատար ընկերակցությունների մասնակիցներ ու վստահության վրա հիմնված ընկերակցությունների լիակատար ընկերներ կարող են լինել միայն անհատ ձեռնարկատերերը և (կամ) առևտրային կազմակերպությունները:
5. Տնտեսական ընկերությունների մասնակիցներ ու վստահության վրա հիմնված ընկերակցության ավանդատուներ կարող են լինել քաղաքացիները և իրավաբանական անձինք:
6. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք չունեն հանդես գալ որպես տնտեսական ընկերակցությունների ու ընկերությունների մասնակիցներ:
7. Տնտեսական ընկերակցությունները և ընկերությունները կարող են լինել այլ տնտեսական ընկերակցությունների ու ընկերությունների հիմնադիրներ (մասնակիցներ), բացառությամբ սույն օրենսգրքով և այլ օրենքներով նախատեսված դեպքերի:
8. Տնտեսական ընկերակցության կամ ընկերության գույքում ներդրված ավանդը կարող է լինել դրամ, արժեթղթեր, այլ գույք կամ գույքային իրավունքներ, ինչպես նաև դրամական գնահատում ունեցող այլ իրավունքներ:
9. Տնտեսական ընկերության մասնակցի ավանդի դրամական գնահատումը կատարվում է ընկերության հիմնադիրների (մասնակիցների) միջև համաձայնությամբ և ենթակա է գնահատման անկախ գնահատողի կողմից` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
(72-րդ հոդվածը փոփ. 27.07.01 ՀՕ-205)