Հոդված 32. Աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը և ստաժը հաշվառելու կարգը
Հոդված 32. Աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերը և ստաժը հաշվառելու կարգը
1. Մինչև 1992 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթն աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ:
1.1. 1992 թվականի հունվարի 1-ից մինչև 2013 թվականի հունվարի 1-ն ընկած ժամանակահատվածի համար աշխատանքային ստաժը հաստատող հիմնական փաստաթուղթը՝
1) աշխատանքային գրքույկն է կամ Կառավարության սահմանած այլ փաստաթուղթ և
2) սոցիալական վճարներ կատարելը կամ աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթուղթը, բացառությամբ Կառավարության սահմանած դեպքերի:
1.2. Սոցիալական վճարներ կատարելը և աշխատավարձ ստանալը հաստատող փաստաթղթերի վավերապայմանները սահմանում է Կառավարությունը:
2. 2013 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածի աշխատանքային ստաժը հաստատվում է սույն օրենքով սահմանված տեղեկատվական շտեմարան ներառված տվյալների հիման վրա:
3. Աշխատանքային գրքույկի կամ դրանում համապատասխան գրառումների կամ ստաժը հաստատող` Կառավարության սահմանած այլ փաստաթղթերի բացակայության դեպքում աշխատանքային ստաժը հաստատվում է արխիվային տեղեկանքով, իսկ դրա բացակայության դեպքում` դատական կարգով:
Աշխատանքային ստաժը հաստատող արխիվային տեղեկությունները անհրաժեշտության դեպքում լիազոր մարմինը հարցման միջոցով ստանում է պետական արխիվից, եթե դիմումին կից ներկայացվել են հարցման համար անհրաժեշտ տվյալներ: Հարցման համար անհրաժեշտ տվյալների ցանկը և դրանք ներկայացնելու կարգը սահմանում է Կառավարությունը:
4. Մեկ օրացուցային տարվա համար չի կարող հաշվարկվել մեկ տարուց ավելի աշխատանքային ստաժ, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:
5. Պատերազմների, ռազմական գործողությունների, տարերային աղետների, վթարների, արհավիրքների և այլ արտակարգ իրավիճակների հետևանքով աշխատանքային ստաժը հաստատող փաստաթղթերի ձեռքբերման անհնարինության դեպքում Կառավարությունն ստեղծում է աշխատանքային ստաժ սահմանող հանձնաժողովներ, որոնց կազմում ընդգրկվում են գործադիր իշխանության, գործատուների, արհմիությունների կամ աշխատողների լիազորած ներկայացուցիչներ:
6. Աշխատանքային ստաժը, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրին համապատասխան՝ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող ստաժը, հաշվարկելու կանոնները սահմանում է Կառավարությունը:
(32-րդ հոդվածը լրաց. 21.12.15 ՀՕ-1-Ն, 16.12.16 ՀՕ-221-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-290-Ն, խմբ., լրաց. 04.05.22 ՀՕ-113-Ն)