Հոդված 39. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող անձին կենսաթոշակ նշանակելը և վճարելը
Հոդված 39. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող անձին կենսաթոշակ նշանակելը և վճարելը
(վերնագիրը փոփ. 19.03.12 ՀՕ-100-Ն)
1. Անձին բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպություն ընդունելուց հետո` հինգ աշխատանքային օրվա ընթացքում, կազմակերպության ղեկավարը տվյալ վարչական տարածքն սպասարկող կենսաթոշակ նշանակող ստորաբաժանմանն այդ մասին գրավոր տեղեկացնում է` նշելով այդ անձի անունը, ազգանունը, հայրանունը և բնակության վայրի հասցեն: Եթե անձը կենսաթոշակի իրավունք ունի, սակայն նրան կենսաթոշակ չի նշանակվել, ապա կազմակերպության ղեկավարը տասը աշխատանքային օրվա ընթացքում նախապատրաստում է նրան կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ` օրենսդրությամբ սահմանված փաստաթղթերը և ներկայացնում կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում:
2. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում, ինչպես նաև Կառավարության սահմանած այլ կազմակերպություններում (մանկատանը) ապրող երեխային վճարվում է կերակրողին կորցնելու դեպքում կենսաթոշակի 50 տոկոսը:
Այդ գումարները, մինչև երեխայի 18 տարեկան դառնալը կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալը, յուրաքանչյուր ամիս հաշվառվում են կենսաթոշակի էլեկտրոնային գործում և երեխայի 18 տարին լրանալու կամ սահմանված կարգով պետական կազմակերպությունից հեռանալու օրվան հաջորդող մեկ ամսվա ընթացքում վճարվում միանվագ:
3. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում (ծերանոցում) ապրող կենսաթոշակառուին վճարվում է նշանակված կենսաթոշակի աշխատանքային մասը, իսկ այդ կազմակերպությունում ապրող` զինվորական կենսաթոշակ ստացողներին` նշանակված կենսաթոշակի 50 տոկոսը:
4. Բնակչության սոցիալական պաշտպանության պետական կազմակերպությունում ապրող կենսաթոշակառուի կենսաթոշակը նշանակվում և վճարվում է Կառավարության սահմանած կարգով:
(39-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.03.12 ՀՕ-100-Ն, փոփ. 21.12.15 ՀՕ-1-Ն, 23.03.18 ՀՕ-290-Ն)