Հոդված 175. Կենտրոնական դեպոզիտարիան
Հոդված 175. Կենտրոնական դեպոզիտարիան
1. Կենտրոնական դեպոզիտարիան բաժնետիրական ընկերություն է, որը սույն օրենքով, Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով և իր կանոններով սահմանված կարգով իրականացնում է կենտրոնացված պահառուի, կենտրոնացված ռեեստրավարի և արժեթղթերի հաշվարկային համակարգի օպերատորի գործառույթները:
2. Կենտրոնական դեպոզիտարիան, կարգավորվող շուկայի օպերատորի հետ կնքված պայմանագրի հիման վրա, իրավունք ունի իրականացնելու տվյալ կարգավորվող շուկայում արժեթղթերով կնքված գործարքների արդյունքում ծագած փոխադարձ պարտավորությունների (պահանջների) որոշման և հաշվանցման (քլիրինգի) գործառույթը:
3. Կենտրոնական բանկն իրավունք ունի իր նորմատիվ իրավական ակտերով Կենտրոնական դեպոզիտարիային թույլատրելու սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված գործառույթների իրականացման հետ կապված լրացուցիչ գործունեության տեսակներ՝ անհրաժեշտության դեպքում դրանց իրականացման համար լրացուցիչ պահանջների սահմանմամբ:
4. Կենտրոնական դեպոզիտարիային արգելվում է իրականացնել սույն հոդվածով չնախատեսված որևէ այլ գործունեություն, եթե այլ բան սահմանված չէ սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ընդունված նորմատիվ իրավական ակտերով:
5. Կենտրոնական դեպոզիտարիայի վրա տարածվում են «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջները, եթե սույն օրենքով այլ առանձնահատկություններ սահմանված չեն:
6. Սույն բաժնի դրույթները չեն տարածվում Կենտրոնական բանկի վրա, եթե Կենտրոնական բանկն իրականացնում է կենտրոնացված պահառուի և (կամ) հաշվարկային համակարգի օպերատորի գործառույթներ՝ Հայաստանի Հանրապետության կամ Կենտրոնական բանկի թողարկած արժեթղթերի գծով: