Հոդված 30. Բյուրոյի գործունեության կարգավորումը և վերահսկողությունը
Հոդված 30. Բյուրոյի գործունեության կարգավորումը և վերահսկողությունը
1. Կենտրոնական բանկը կարգավորում և վերահսկում է Բյուրոյի գործունեությունը: Կենտրոնական բանկն իրավունք ունի սույն օրենքով սահմանված կարգավորումն ապահովելու նպատակով իր նորմատիվ իրավական ակտերով սահմանելու Բյուրոյի գործունեության նկատմամբ պահանջներ:
2. Բյուրոն Կենտրոնական բանկ է ներկայացնում հաշվետվություններ, որոնց ձևը, բովանդակությունը և ներկայացման կարգն ու ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Կենտրոնական բանկը կարող է իր նորմատիվ իրավական ակտերով սահմանել Բյուրոյի ինտերնետային կայքում, http://www.azdarar.am հասցեում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում, տեղեկատվական ամփոփագրերում, այլ միջոցներով հրապարակվող տեղեկությունների կազմը և հրապարակման (տրամադրման) կարգը:
3. Կենտրոնական բանկն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով և պարբերականությամբ իրականացնելու Բյուրոյի գործունեության ստուգումներ: Բյուրոն պարտավոր է ստուգումների ընթացքում Կենտրոնական բանկին տրամադրել պահանջվող և ստուգմանն առնչվող բոլոր տեղեկություններն ու փաստաթղթերը: Բյուրոյում Կենտրոնական բանկի ստուգումներն իրականացվում են «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
4. Կենտրոնական բանկը պարտավոր է պահպանել վերահսկողության ընթացքում իրեն հայտնի դարձած և օրենքով պահպանվող գաղտնիք համարվող տեղեկությունները և կարող է դրանք հրապարակել կամ տրամադրել այլ անձանց միայն օրենքով սահմանված դեպքերում և կարգով:
5. ԱՊՊԱ համակարգի շարունակականությունն ապահովելու նպատակով Կենտրոնական բանկը Բյուրոյին կարող է տրամադրել համակարգային վարկեր, որոնք ուղղվում են Երաշխավորման ֆոնդի կամ Բյուրոյի առջև դրված նպատակների իրականացմանը: Համակարգային վարկերը և դրանց օգտագործման համար հաշվարկված տոկոսները (տույժերը) մարվում են բացառապես այն միջոցների հաշվին, որոնց համալրման համար վարկերը ստացվել են: Սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված իրավական ակտերի իմաստով համակարգային են համարվում Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ Բյուրոյին սույն մասի համաձայն տրամադրված վարկերը:
(30-րդ հոդվածը փոփ. 16.04.26 ՀՕ-160-Ն)