Հոդված 26. Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը
Հոդված 26. Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը
Հեռախոսային խոսակցությունների վերահսկումը հատուկ և այլ տեխնիկական միջոցների օգտագործմամբ իրականացվող խոսակցությունների, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և էլեկտրոնային հաղորդումների գաղտնի վերահսկումն է, որը նշանակում է`
1) հեռախոսային ֆիքսված ցանցի դեպքում`
ա. հեռախոսային խոսակցության ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձևով ամրագրումը,
բ. հեռախոսահամարի պարզումը,
գ. տվյալ հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, հեռախոսային խոսակցությունն սկսելու պահին և ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը,
դ. հեռախոսային զանգի վերահասցեագրման կամ փոխանցման դեպքում այն հեռախոսի համարի պարզումը, որի վրա փոխանցվել է զանգը.
2) բջջային հեռախոսային ցանցի դեպքում`
ա. հեռախոսային խոսակցության, ներառյալ` կարճ հաղորդագրությունների (sms) և ձայնային հաղորդագրությունների ձայնագրումը կամ դրանց բովանդակության այլ ձևով ամրագրումը,
բ. հեռախոսային խոսակցությունն սկսելու ամսաթիվը, սկիզբը և ավարտը, հեռախոսահամարը, տվյալ հեռախոսահամարի բաժանորդի անհատական տվյալները, հեռախոսային խոսակցությունն սկսելու պահին և ընթացքում հաղորդակցվողների գտնվելու վայրը և տեղաշարժը պարզելու համար անհրաժեշտ տվյալներ հավաքելը և (կամ) ամրագրելը.
3) ինտերնետային հաղորդակցության, այդ թվում` ինտերնետային հեռախոսային խոսակցությունների և ինտերնետի միջոցով փոխանցվող էլեկտրոնային հաղորդումների դեպքում հաղորդման ձայնագրումը կամ դրա բովանդակության այլ ձևով ամրագրումը, ինչպես նաև տվյալները, որոնց միջոցով կարող են պարզվել`
ա. ինտերնետային ցանցին միանալու և ցանցից դուրս գալու աշխարհագրական վայրը, օրը, ժամը և տևողությունը, ներառյալ` IP (ինտերնետ պրոտոկոլի) հասցեն,
բ. ինտերնետն օգտագործողի կամ բաժանորդի անունը և անհատականացման տվյալները (user ID),
գ. հեռախոսի համարը, որով նա միանում է ընդհանուր օգտագործման հեռախոսացանցին, ինտերնետային հասցեն, ինտերնետային հեռախոսային զանգն ստացողի անունը կամ այդ անձին վերաբերող փաստերի, դեպքերի, հանգամանքների մասին յուրաքանչյուր տվյալ այնպիսի տեսքով, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ նույնականացնել նրա ինքնությունը: