Հոդված 6. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերի և փաստաթղթերի հասանելիությունը
Հոդված 6. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերի և փաստաթղթերի հասանելիությունը
(վերնագիրը փոփ. 09.06.22 ՀՕ-154-Ն)
1. Յուրաքանչյուր ոք իր նկատմամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-9-րդ կետերով նախատեսված հանգամանքներով քրեական հետապնդում չհարուցելուց, քրեական հետապնդումը դադարեցնելուց, իր նկատմամբ արդարացման դատավճիռ կայացվելուց կամ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթն ավարտվելուց հետո` չորս ամսվա ընթացքում, իրավունք ունի օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմիններից պահանջելու իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերը և փաստաթղթերը:
2. Նշված նյութերը և փաստաթղթերն ամբողջ ծավալով կամ դրանց մի մասը տրամադրելը մերժվում է, եթե քրեական վարույթը շարունակվում է, և դրանց տրամադրումը կարող է խոչընդոտել հանցագործության բացահայտումը, կամ եթե առկա է պետական կամ ծառայողական գաղտնիքի հրապարակման վտանգ, կամ երբ դրանով կարող են բացահայտվել օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հաստիքային գաղտնի աշխատակիցները և այդ մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձինք:
3. Եթե սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում և ժամկետում, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում քրեական վարույթը կարճելուց հետո՝ չորս ամսվա ընթացքում, անձը չի պահանջում տրամադրել իր նկատմամբ իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ստացված նյութերը և փաստաթղթերը, ապա դրանք նշված ժամկետներն անցնելուց հետո՝ 10 օրվա ընթացքում, ոչնչացվում են:
4. (մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-154-Ն)
5. Oպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների կողմից օպերատիվ-հետախուզական միջոցառումների՝ տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառի իրավախախտումների վերաբերյալ արդյունքների, այդ թվում՝ տեղեկությունների, նյութերի և փաստաթղթերի փոխանցումը Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին չի հանդիսանում դրանց հրապարակում:
(6-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-250-Ն, 03.03.21 ՀՕ-96-Ն, փոփ., խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-154-Ն)