Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-04-06-ից մինչև 2023-11-15։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

Հոդված 13. Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձանց, նրանց ընտանիքի անդամների ու խնամքի տակ գտնվող անձանց անվտանգությունը և սոցիալական պաշտպանությունը

գործել է մինչև 2023-11-15Բացել ARLIS-ում

Հոդված 13. Օպերատիվ ստորաբաժանումների աշխատակիցների և օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձանց, նրանց ընտանիքի անդամների ու խնամքի տակ գտնվող անձանց անվտանգությունը և սոցիալական պաշտպանությունը

1. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձինք ազատվում են հանցագործության կատարման համար քրեական պատասխանատվությունից` օրենքով սահմանված կարգով:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները պարտավոր են ապահովել օպերատիվ-հետախուզական միջոցառումների նախապատրաստմանն ու անցկացմանը ներգրավված անձանց և նրանց ընտանիքի անդամների պաշտպանությունը, եթե առկա է նրանց կյանքին և առողջությանը սպառնացող իրական վտանգ, որը պայմանավորված է այդ մարմինների հետ նրանց համագործակցությամբ:

3. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող, ինչպես նաև հանցագործությունների բացահայտմանն ու հանցագործների հայտնաբերմանն աջակցած անձինք կարող են ստանալ դրամական և այլ պարգևատրումներ: Այդ պարգևատրումների գումարները հարկման և հայտարարագրման ենթակա չեն:

4. Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնող մարմինների հետ գաղտնի համատեղ համագործակցող անձի` օպերատիվ-հետախուզական միջոցառմանը մասնակցելու հետևանքով զոհվելու դեպքում նրա ընտանիքին և խնամքի տակ գտնվող անձանց պետական բյուջեի միջոցներից վճարվում է միանվագ նպաստ` զոհվածի ամսական դրամական բավարարման տասը տարվա գումարի չափով, և օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է կերակրողին կորցնողի կենսաթոշակ: Իսկ եթե անձը նշված պայմաններում վիրավորվել է, ստացել է խեղում, կոնտուզիա կամ հաշմանդամություն, ապա պետական բյուջեի միջոցներից նրան վճարվում է միանվագ նպաստ` ամսական դրամական բավարարման հինգ տարվա գումարի չափով, և օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակվում է հաշմանդամության կենսաթոշակ:

5. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների պաշտոնատար անձանց` կազմակերպված հանցավոր խմբերում հատուկ առաջադրանքներ կատարելու, ինչպես նաև հաստիքային գաղտնի աշխատակիցների կարգավիճակով ծառայության ժամանակահատվածը արտոնյալ հաշվարկով մտնում է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմնում ծառայության ընդհանուր ստաժի մեջ, որի հաշվարկման կարգն ու պայմանները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։