Հոդված 31. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները
Հոդված 31. Օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացմանը ներկայացվող ընդհանուր պահանջները
1. Թվային, այդ թվում՝ հեռախոսային հաղորդակցության վերահսկումը ոստիկանության կամ քրեակատարողական ծառայության մարմինների կամ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից անցկացվում է` Գլխավոր վարչության կողմից օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, այդ թվում` կապի ուղիների և միջոցների տրամադրումով, ոստիկանության կամ քրեակատարողական ծառայության մարմինների կամ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից ստացվող տվյալների, տեղեկատվության և հաղորդումների անմիջական հսկմամբ և ամրագրմամբ, ընդ որում` բացառելով ազգային անվտանգության մարմինների և Գլխավոր վարչության կողմից այդ տվյալների, տեղեկատվության և հաղորդումների հսկումը և (կամ) ամրագրումը:
2. (մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-154-Ն)
3. Նամակագրության և այլ ոչ թվային հաղորդակցության վերահսկումը, բացառությամբ միջազգային նամակագրության, ոստիկանությունը, ռազմական ոստիկանությունը և քրեակատարողական ծառայության մարմիններն իրավունք ունեն անցկացնելու ինչպես ինքնուրույն, այնպես էլ ազգային անվտանգության մարմինների կողմից օպերատիվ-տեխնիկական պայմաններ ստեղծելով, այդ թվում՝ կապի ուղիներ և միջոցներ տրամադրելով՝ բացառելով ազգային անվտանգության մարմինների կողմից այդ տվյալների, տեղեկատվության և հաղորդումների հսկումը և (կամ) ամրագրումը:
4. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ, 12-րդ և 15-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումները կարելի է անցկացնել միայն այն դեպքերում, երբ առերևույթ առկա են հիմքեր՝ կասկածելու, որ անձը, որի նկատմամբ պետք է դրանք անցկացվեն, կատարել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն և այլ եղանակով օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնող մարմնի կողմից սույն օրենքով իր վրա դրված խնդիրների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերումը ողջամտորեն անհնարին է: (նախադասությունն ուժը կորցրել է 03.03.21 ՀՕ-90-Ն)
5. (մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-154-Ն)
6. (մասն ուժը կորցրել է 09.06.22 ՀՕ-154-Ն)
7. Արգելվում է անցկացնել սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ միջոցառումները, երբ անձը, որի նկատմամբ իրականացվելու է այդ միջոցառումը, հաղորդակցվում է իր փաստաբանի, ներկայացուցչի կամ օրինական ներկայացուցչի հետ: Սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, 11-րդ և 12-րդ կետերով նախատեսված օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ընթացքում օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման նպատակից անկախ պատճառով ստացված փաստաբանական գաղտնիք պարունակող տեղեկությունները ենթակա են անհապաղ ոչնչացման:
(31-րդ հոդվածը լրաց. 19.03.09 ՀՕ-61-Ն, փոփ. 08.04.09 ՀՕ-87-Ն, լրաց. 16.04.20 ՀՕ-250-Ն, փոփ. 03.03.21 ՀՕ-90-Ն, լրաց. 24.03.21 ՀՕ-148-Ն, փոփ., խմբ., լրաց. 09.06.22 ՀՕ-154-Ն)
(31-րդ հոդվածը 21.01.20 ՀՕ-5-Ն օրենքի 2-րդ հոդվածի փոփոխություններով ուժի մեջ կմտնի վարչապետի կողմից Հայաստանի Հանրապետության ոստիկանության համակարգում գործող օպերատիվ-տեխնիկական ստորաբաժանման պետին նշանակելու օրվան հաջորդող օրը)