Հոդված 39.5. Շահագրգռվածության առկայության դեպքում բանկի գործարքների կնքման կարգը
Հոդված 39.5. Շահագրգռվածության առկայության դեպքում բանկի գործարքների կնքման կարգը
1. Բանկի որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունում է խորհուրդը՝ գործարքը կնքելու մեջ շահագրգռվածություն չունեցող խորհրդի անդամների ձայների մեծամասնությամբ:
2. Խորհուրդը շահագրգռվածության առկայությամբ գործարքը կնքելու մասին որոշումն ընդունելու համար պետք է գա այն եզրակացության, որ`
- գործարքը կնքելու հետևանքով բանկի կողմից ստացված վճարը պակաս չէ գործարքի արդյունքում բանկի կողմից գործարքի մյուս կողմին փոխանցվող գույքի, տրամադրված ծառայության կամ կատարված աշխատանքի՝ սույն օրենքի 39.7 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքից, կամ՝
- գործարքը կնքելու հետևանքով բանկի ձեռք բերած գույքի, ստացված ծառայության կամ բանկի համար կատարված աշխատանքի դիմաց վճարը չի գերազանցում նշված գույքի, ծառայության կամ աշխատանքի՝ սույն օրենքի 39.7 հոդվածով սահմանված կարգով հաշվարկված շուկայական արժեքը:
3. Որոշումը գործարքը կնքելու մասին, որում առկա է շահագրգռվածությունը, ընդունվում է ընդհանուր ժողովի կողմից քվեարկող բաժնետոմսերի (բաժնեմասերի, փայերի) սեփականատեր հանդիսացող և գործարքի կատարման մեջ շահագրգռվածություն չունեցող մասնակիցների ձայների մեծամասնությամբ, եթե գործարքը և (կամ) փոխկապակցված գործարքները կնքվում են բանկի քվեարկող բաժնետոմսերի կամ քվեարկող բաժնետոմսերի փոխարկվող բանկի այլ արժեթղթերի տեղաբաշխման նպատակով, որոնց քանակն ավելի է բանկի՝ արդեն տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակի 2 տոկոսից:
4. Գործարքի կնքումը, որում առկա է շահագրգռվածությունը, և որը բավարարում է սույն հոդվածի երրորդ մասով սահմանված պահանջները, կարող է կնքվել առանց ընդհանուր ժողովի որոշման, եթե`
ա) գործարքը բանկին շահագրգիռ անձի կողմից տրամադրվող փոխառություն է.
բ) գործարքը բանկի և մյուս կողմի միջև արդյունք է բնականոն տնտեսական գործունեության, որը կնքվել է մինչև սույն օրենքի 39.3 հոդվածի դրույթներին համապատասխան շահագրգռվածության ճանաչումը (որոշում չի պահանջվում մինչև հաջորդ ընդհանուր ժողովի գումարման օրը):
Եթե ընդհանուր ժողովի անցկացման օրվա դրությամբ անհնար է կանխատեսել բանկի և գործարքի մյուս կողմի բնականոն տնտեսական գործունեության ընթացքում շահագրգռվածության հնարավորությունը, ապա սույն հոդվածի երրորդ մասի պահանջները համարվում են կատարված, եթե ընդհանուր ժողովը որոշում կընդունի բանկի և մյուս կողմի միջև պայմանագրային հարաբերությունների հաստատման մասին, որով կսահմանվի կնքվող գործարքների բնույթը և գործարքների առավելագույն արժեքը:
5. Եթե խորհրդի բոլոր անդամները շահագրգիռ անձինք են ճանաչվել, ապա գործարքը կնքելու մասին որոշումն ընդունում է ընդհանուր ժողովը՝ գործարքում շահագրգռվածություն չունեցող մասնակիցների ձայների մեծամասնությամբ:
6. Եթե գործարքը, որում առկա է շահագրգռվածությունը, միևնույն ժամանակ բանկի գույքի օտարման կամ ձեռքբերման խոշոր գործարք է հանդիսանում, ապա դրա կնքումն իրականացվում է՝ հաշվի առնելով նաև սույն օրենքի 39.1 և 39.2 հոդվածների դրույթները:
(39.5 -րդ հոդվածը լրաց. 15.11.05 ՀՕ-227-Ն)