Հոդված 19.1. Վճարահաշվարկային կազմակերպության գործառույթների պատվիրակումը
Հոդված 19.1. Վճարահաշվարկային կազմակերպության գործառույթների պատվիրակումը
1. Վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է պատվիրակման պայմանագրով իր գործառույթներից որևէ մեկի կամ դրանց մի մասի կատարումը որոշակի ժամկետով կամ անժամկետ պատվիրակել այլ անձի:
2. Վճարահաշվարկային կազմակերպության գործառույթների պատվիրակումը չպետք է հանգեցնի վճարահաշվարկային կազմակերպության ներքին հսկողության որակի կամ վճարահաշվարկային կազմակերպության` օրենսդրության պահանջներին համապատասխանության նկատմամբ վճարահաշվարկային կազմակերպության իրավասու մարմնի կողմից իրականացվող մոնիթորինգի կարողության վատթարացմանը:
3. Վճարահաշվարկային ծառայությունների պատվիրակումը չի թույլատրվում:
4. Վճարահաշվարկային կազմակերպությունը կարող է իր գործառույթների իրականացումը պատվիրակել այլ անձի, եթե բավարարում է հետևյալ պայմանները միաժամանակ`
ա) պատվիրակումը չպետք է հանգեցնի վճարահաշվարկային կազմակերպության կառավարման բարձրագույն մարմինների պատասխանատվության փոխանցման.
բ) վճարահաշվարկային կազմակերպության հարաբերությունները հաճախորդների հետ և նրա պատասխանատվությունը հաճախորդների առջև չպետք է ենթարկվեն փոփոխության.
գ) չպետք է վտանգվի այն իրավական ակտերի պահանջների կատարումը, որոնք անհրաժեշտ են լիցենզիայի ստացման և պահպանման համար.
դ) վճարահաշվարկային կազմակերպությանը լիցենզիայի տրամադրման որևէ այլ պայման չպետք է փոփոխվի կամ վերացվի:
5. Իր գործառույթների կատարումն այլ անձի պատվիրակելու դեպքում վճարահաշվարկային կազմակերպությունը պատասխանատվություն է կրում այդ անձի կողմից պատվիրակված ծառայության հետ կապված պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար:
6. Վճարահաշվարկային կազմակերպության նկատմամբ սույն oրենքով և այլ oրենքներով սահմանված վերահսկողության իրականացման վերաբերյալ դրույթները տարածվում են նաև այն անձանց վրա, որոնց պատվիրակվել է գործառույթների կատարումը` պատվիրակված գործառույթների իրականացման մասով:
7. Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով կարող են սահմանվել վճարահաշվարկային կազմակերպության կողմից գործառույթների պատվիրակման պայմանները, առանձին գործառույթների պատվիրակման սահմանափակումները, ինչպես նաև այն գործառույթների ցանկը, որոնց պատվիրակումն արգելվում է:
(19.1-ին հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-131-Ն)