Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-15-ից մինչև 2022-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 8 · ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 30. Անցումային դրույթներ

գործել է մինչև 2022-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 30. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից`

ա) վեցամսյա ժամկետում այն կազմակերպությունները, որոնք ստեղծել են վճարահաշվարկային համակարգեր, պարտավոր են դիմել և ստանալ Կենտրոնական բանկի թույլտվությունը սույն օրենքով և սույն օրենքի հիման վրա ընդունված` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով.

բ) վեցամսյա ժամկետում այն կազմակերպությունները, որոնք մասնակցում են արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում, պարտավոր են դիմել և ստանալ Կենտրոնական բանկի թույլտվությունը սույն օրենքով և սույն օրենքի հիման վրա ընդունված` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով.

գ) վեցամսյա ժամկետում այն կազմակերպությունները, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ստացել են վճարահաշվարկային ծառայություններ մատուցելու լիցենզիա, պարտավոր են իրենց գործունեությունը համապատասխանեցնել սույն օրենքի և դրա հիման վրա ընդունված` Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերի պահանջներին: Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը նշված կազմակերպություններին տրամադրված լիցենզիաները վերաձևակերպվում են: Լիցենզիաների վերաձևակերպման համար պետական տուրք չի գանձվում.

դ) այն կազմակերպությունները, որոնք մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահը որպես հիմնական գործունեություն իրականացրել են սույն օրենքով սահմանված` վճարահաշվարկային կազմակերպության գործունեություն, սակայն չեն ունեցել վճարահաշվարկային ծառայությունների մատուցման լիցենզիա, սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից վեցամսյա ժամկետում, սույն օրենքով սահմանված կարգով դիմում են Կենտրոնական բանկ` որպես վճարահաշվարկային կազմակերպություն լիցենզավորվելու համար: Կենտրոնական բանկը լիցենզավորում է նշված անձանց, եթե պահպանվել են սույն օրենքով սահմանված պահանջներն ու պայմանները.

ե) վեցամսյա ժամկետում սույն օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գործունեություն իրականացնող անձինք պարտավոր են սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում տեղեկացնել Կենտրոնական բանկին` սույն օրենքով և Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով: Ընդ որում` Կենտրոնական բանկին չտեղեկացնելն առաջացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված պատասխանատվություն:

2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները չկատարելու դեպքում սահմանված ժամկետի ավարտից հետո վճարահաշվարկային համակարգի գործունեությունը, արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցությունը, վճարահաշվարկային կազմակերպության գործունեությունը համարվում են դադարած, և վճարահաշվարկային կազմակերպությունը ենթակա է լուծարման:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

2004 թ. դեկտեմբերի 21

Երևան

ՀՕ-150-Ն

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։