Հոդված 75. Ծառայողների բուժսպասարկումը
Հոդված 75. Ծառայողների բուժսպասարկումը
1. Ծառայողները և նրանց ընտանիքի անդամներն ապահովվում են անվճար որակյալ բուժօգնությամբ համապատասխան գերատեսչական բժշկական հիմնարկներում: Ծառայության անցկացման վայրում նման բժշկական հիմնարկների բացակայության, ինչպես նաև անհետաձգելի դեպքերում փրկարարական ծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին անհրաժեշտ բժշկական օգնություն ցույց է տրվում Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր կարգի բուժհիմնարկներում` համապատասխան մարմինների միջոցների հաշվին` բուժման ծախսերի հետագա փոխհատուցմամբ, որի կարգն ու պայմանները սահմանում է կառավարությունը:
1.1. Մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ կատարելիս վնասվածք կամ խեղում կամ դրանց հետևանքով հիվանդություն ստացած փրկարարական ծառայողները, փրկարարական ծառայողի ստացած վնասվածքի կամ խեղման կամ ծագած հիվանդության` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում բուժման (հետազոտության) անհնարինության դեպքում (բացառությամբ, եթե ստացած վնասվածքը կամ խեղումը կամ դրանց հետևանքով ծագած հիվանդությունը դիտավորությամբ ինքն իրեն վնաս պատճառելու հետևանք է) օգտվում են «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով սահմանված`օտարերկրյա պետությունում բուժման, ճանապարհածախսի և կեցության գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին հոգալու իրավունքից:
Այն դեպքերում, երբ ծառայողի բուժումն օտարերկրյա պետությունում կազմակերպելու համար անհրաժեշտ է ուղեկցող անձի ներկայություն, ապա հատուցվում են նաև ուղեկցող անձի ճանապարհածախսը և կեցությունն օտարերկրյա պետությունում:
2. Կենսաթոշակի անցնելու կապակցությամբ օրենքով սահմանված կարգով ազատված, հաշմանդամ դարձած ծառայողների, ծառայության ընթացքում զոհված (մահացած) ծառայողների ընտանիքների անդամների բժշկական սպասարկումը կատարվում է սույն օրենքով և կառավարության սահմանած կարգով:
3. Համապատասխան նախարարության համակարգում գործում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով լիցենզավորված բժշկական հաստատություն` փրկարարական ծառայության ծառայողների և նրանց ընտանիքների անդամների (այդ թվում` կենսաթոշակառուների ու նրանց ընտանիքների անդամների) բուժսպասարկումը և բուժումը կատարելու նպատակով:
4. Համապատասխան նախարարության բժշկական հաստատությունը արտակարգ իրավիճակների և ռազմական դրության (պատերազմի) ժամանակ գործում է աղետների բժշկության համակարգում ու իրականացնում է տուժած բնակչության բուժսպասարկում:
5. Համապատասխան նախարարության բժշկական հաստատությունից կարող են օգտվել այլ մարմինների ծառայողները և քաղաքացիները: Այդ մարմինների ցանկը և համապատասխան նախարարության բժշկական հաստատությունից օգտվելու կարգը սահմանում է Կառավարությունը:
6. Համապատասխան նախարարության բժշկական հաստատությունում փրկարարական ծառայությունն իրականացվում է սույն օրենքով սահմանված կարգով:
7. Համապատասխան նախարարության բժշկական հաստատության գործունեության և ֆինանսավորման կարգը սահմանում է Կառավարությունը:
8. Համապատասխան նախարարության բժշկական հաստատության փրկարարական ծառայության պաշտոնների համապատասխանությունը սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պաշտոնների խմբերին սահմանում է Կառավարությունը, իսկ փրկարարական ծառայության պաշտոններում նշանակումները կատարվում, և կոչումները շնորհվում են սույն օրենքով սահմանված կարգով:
9. Համապատասխան նախարարի հրամանով ձևավորվում է համապատասխան նախարարության բժշկական հանձնաժողով, և սահմանվում են այդ հանձնաժողովի գործունեության կարգը, պայմանները և լիազորությունները:
10. Սույն հոդվածով նախատեսված բժշկական հաստատությունը ստեղծվում է օրենքով չարգելված միջոցների հաշվին:
(75-րդ հոդվածը փոփ., լրաց. 08.12.11 ՀՕ-305-Ն, լրաց. 01.03.17 ՀՕ-81-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-289-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-488-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարար նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից)
(16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)