Հոդված 71. Ուսման ծախսերի փոխհատուցումը
Հոդված 71. Ուսման ծախսերի փոխհատուցումը
1. Ծառայողը և համապատասխան նախարարության կողմից ուսուցման գործուղված ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր է փոխհատուցել իր` ուսումնական հաստատությունում ուսման կամ օտարերկրյա պետությունում կազմակերպված ուսուցման և վերապատրաստման համար պետության կատարած ծախսերը, եթե նա`
ա) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ վերապատրաստումը.
բ) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ծառայությունից.
գ) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ծառայությունից.
դ) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ծառայությունից:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ծառայողը չի հատուցում ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերը, եթե նա`
ա) բարձրագույն ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի կամ վերապատրաստումն (որակավորումն) անցնելուց հետո ոչ պակաս, քան երկու տարի.
բ) ծառայությունից ազատվել է հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքերում, եթե ծառայողին համապատասխան համարժեք պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է փրկարարական ծառայության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ, հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ` պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:
3. Ուսման կամ վերապատրաստման (որակավորման) համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է կառավարությունը:
(71-րդ հոդվածը փոփ. 08.12.11 ՀՕ-305-Ն, 23.03.18 ՀՕ-289-Ն)
(հոդվածը 16.12.22 ՀՕ-488-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարար նշանակելու մասին Հանրապետության նախագահի հրամանագիրն ուժի մեջ մտնելու պահից)
(16.12.22 ՀՕ-488-Ն օրենքն ունի անցումային դրույթ և եզրափակիչ մաս)