Հոդված 30. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 30. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:
2. Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամներից առնվազն չորսը:
3. Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վնաս հասցնել շահագրգիռ անձանց շահերին:
4. Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների և քվեարկության արդյունքների վերաբերյալ:
5. Նիստերը գումարվում են որոշակի պարբերականությամբ կամ ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի պահանջով:
6. Քննարկման արդյունքում Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում:
Ընթացակարգային հարցերի քննարկման կամ ըստ էության որոշում չկայացվելու (այդ թվում` դռնփակ նիստ գումարելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, աշխատակազմին հանձնարարություն տալու և այլն) դեպքում Հանձնաժողովի կողմից քվեարկությամբ կայացվում է բանավոր (արձանագրային) որոշում, ինչի մասին նշվում է արձանագրության մեջ:
Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում Հանձնաժողովի նախագահի կամ նրան փոխարինող անձի ձայնը որոշիչ է:
Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը մեկ այլ անդամի չի թույլատրվում:
Ծանուցված անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը և որոշումների ընդունմանը:
7. Վարչական ակտի ընդունումից հետո հասցեատիրոջն է հանձնվում դրա պատճենը` 5 օրվա ընթացքում:
8. Հանձնաժողովի կողմից ընդունված վարչական ակտն ուժի մեջ է մտնում դրա պատճենը հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Վարչական ակտի` մեկից ավելի հասցեատերերի առկայության դեպքում վարչական ակտը նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ուժի մեջ է մտնում իր մասով` տվյալ վարչական ակտի պատճենը համապատասխան հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ:
Հանձնաժողովի կողմից ընդունված մյուս անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում ընդունման պահից, եթե դրանցով այլ ժամկետ սահմանված չէ:
9. Հանձնաժողովի ընդունած վարչական ակտը կարող է բողոքարկվել վարչական կարգով` ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում: Հանձնաժողովի ընդունած վարչական ակտը կարող է բողոքարկվել դատական կարգով` վարչական բողոքի քննարկման արդյունքներին համաձայն չլինելու դեպքում` բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում, իսկ վարչական բողոք չբերելու դեպքում` Հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:
10. Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 90 օր է:
11. Հարուցված վարչական վարույթի իրականացման ժամկետի ընթացքը կարող է կասեցվել տնտեսվարող սուբյեկտի, վերջինիս պաշտոնատար անձի կամ իրավասու այլ աշխատակցի բացակայության պատճառով սույն օրենքով նախատեսված թղթակցությունը հանձնելու անհնարինության, Հանձնաժողով փաստաթղթեր կամ այլ տեղեկատվություն չներկայացնելու կամ ոչ հավաստի կամ ոչ ամբողջական տեղեկություններ ներկայացնելու կամ վարույթի իրականացմանն այլ կերպ խոչընդոտելու կամ վարչական վարույթի իրականացումն անհնար դարձնող այլ հանգամանքների առկայության դեպքում: Վարչական վարույթը վերսկսվում է սույն մասով նախատեսված հանգամանքների վերացումից հետո:
12. Հանձնաժողովի կողմից իրականացվող վարչական վարույթի ընթացքում սույն օրենքի խախտման փաստ չհայտնաբերվելու կամ վարչական ակտի ընդունումն անհնար դարձնող հանգամանքների առկայության դեպքում Հանձնաժողովի որոշմամբ վարույթը կարճվում է:
(30-րդ հոդվածը խմբ., լրաց. 04.05.05 ՀՕ-91-Ն, խմբ. 22.02.07 ՀՕ-107-Ն, լրաց. 30.09.08 ՀՕ-168-Ն, խմբ., լրաց. 12.04.11 ՀՕ-137-Ն, փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-249-Ն)