Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2018-04-08-ից մինչև 2018-04-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 5 · ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հոդված 16. ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

գործել է մինչև 2018-04-09Բացել ARLIS-ում

Հոդված 16. ԱՆԲԱՐԵԽԻՂՃ ՄՐՑԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՉԲԱՑԱՀԱՅՏՎԱԾ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ

1. Սույն հոդվածի իմաստով չբացահայտված են համարվում տեխնիկական, կազմակերպչական կամ առևտրային տեղեկատվությունները, այդ թվում` արտադրության գաղտնիքները (նոու-հաու), եթե դրանք`

ա) որպես ամբողջություն կամ իր մասերի ճշգրիտ փոխդասավորվածությամբ և համախմբությամբ ընդհանրապես հայտնի կամ դյուրամատչելի չեն տվյալ կարգի տեղեկատվության հետ սովորաբար առնչվող անձանց համար.

բ) երրորդ անձանց անհայտ լինելու ուժով ունեն իրական կամ հնարավոր որոշակի առևտրային արժեք, բայց բացակայում են օրինական հիմքերով դրանց ազատորեն ստանալու հնարավորությունները.

գ) օրինականորեն տնօրինող ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից ձեռնարկվել են տեղեկատվությունն առկա հանգամանքներում գաղտնի պահելու ողջամիտ քայլեր, որոնք կարող են արտահայտված լինել համապատասխան պայմանագրի կնքման և (կամ) դրա պայմանների ապահովման, նախազգուշական այլ միջոցների ձեռնարկման տեսքով` պահպանելով այն նույնականացման տեղեկակիրներում` փաստաթղթերի, համակարգչային ֆայլերի, տեսագրման և ձայնագրման ժապավենների, տվյալ տեղեկատվությունը մարմնավորող իրի տեսքով և այլն:

Չբացահայտված տեղեկատվության առարկա կարող են լինել արտադրության եղանակները, քիմիական բանաձևերը, գծագրերը, փորձնական նմուշները, ապրանքի վաճառքի և բաշխման եղանակները, պայմանագրի ձևերը, գործարար ծրագրերը, պայմանագրային գների մանրամասնությունները, սպառողների մասնագիտական գործունեության ոլորտները (պրոֆիլները), գովազդման ռազմավարությունը, մատակարարների կամ հաճախորդների ցուցակները, համակարգչային ծրագրային ապահովումները, տվյալների հիմնապաշարները (բազաները) և այլն:

Չբացահայտված տեղեկատվություն չեն համարվում վարչական բնույթի դիտարկումների միջոցով հավաքված հաշվետվություններում ընդգրկված նյութերը և տեղեկությունները:

2. Ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հանգեցնում է չբացահայտված տեղեկատվության ձեռքբերմանը, օգտագործմանը կամ բացահայտմանը` առանց դրա օրինաչափ տիրապետողի համաձայնության կամ գործարար շրջանառության սովորույթներին հակասող ձևերով, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:

3. Սույն օրենքի 11 հոդվածի 3-րդ մասում նշված իրավունքները ծագում են անկախ չբացահայտված տեղեկատվության նկատմամբ որևէ ձևականություն կատարելուց (գրանցելուց, վկայական ստանալուց և այլն) և գործում են այնքան ժամանակ, քանի դեռ պահպանվում են սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված պայմանները:

4. Սույն հոդվածի իմաստով չբացահայտված տեղեկատվության ձեռքբերման, օգտագործման կամ բացահայտման գործարար շրջանառության սովորույթներին հակասող եղանակներից են`

ա) արդյունաբերական, առևտրային լրտեսությունը կամ դրան հարկադրումը.

բ) չբացահայտված տեղեկատվությանն առնչվող պայմանագրի խախտումը, լուծումը կամ դրան հարկադրումը.

գ) խորհրդապահության խախտումը կամ դրան հարկադրումը.

դ) չբացահայտված տեղեկատվության ձեռքբերումը երրորդ անձի կողմից, որը գիտեր կամ կարող էր իմանալ, որ դա ենթադրում է վերոհիշյալ կետերում նշված գործողությունների կատարում:

5. Չբացահայտված տեղեկատվության օգտագործում է համարվում դրա կիրառումը ձեռնարկատիրական գործունեության ընթացքում, ինչպես նաև դրա կիրառմամբ ստացված կամ մշակված (վերամշակված) ապրանքը տնտեսական շրջանառության մեջ մտցնելը:

6. Չբացահայտված տեղեկատվության բացահայտում է համարվում ինչպես դրա հրապարակումը, այնպես էլ փոխանցումը մեկ այլ անձի, որը, գաղտնի պահելով այն, կարող է նյութական կամ այլ օգուտ ստանալ:

7. Ցանկացած գործողություն կամ վարքագիծ համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն, եթե այն հանդիսանում է կամ դրան հետևում է`

ա) նոր քիմիական խառնուրդի, բաղադրության կամ միացության օգտագործմամբ դեղագործական կամ գյուղատնտեսական քիմիական ապրանքների հավանություն ստանալու նպատակներով իրավասու մարմին ներկայացված և զգալի ջանքերի արդյունք հանդիսացող փորձարկման կամ այլ չբացահայտված տվյալների անբարեխիղճ առևտրային օգտագործում.

բ) սույն մասի «ա» կետում նշված տվյալների բացահայտում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա անհրաժեշտ է հասարակության շահերի պաշտպանության համար, կամ եթե արդեն ստեղծված են անբարեխիղճ առևտրային օգտագործումից տվյալների պաշտպանության երաշխիքներ:

Սույն մասի իմաստով տվյալների անբարեխիղճ առևտրային օգտագործում է համարվում դրանց վաճառքն այլ անձանց, օգտագործումը նույն կամ նման ապրանքներ արտադրելու համար և այլն:

8. Եթե չբացահայտված տեղեկատվությունն ապօրինի օգտագործող անձն այն ստացել է դա տարածելու (հրապարակելու) իրավունքը չունեցող անձից, որի մասին ինքը չգիտեր և պարտավոր չէր իմանալ (բարեխիղճ ձեռք բերող), ապա չբացահայտված տեղեկատվության օրինական տիրապետողն իրավունք ունի բարեխիղճ ձեռք բերողից պահանջել չբացահայտված տեղեկատվության օգտագործմամբ իրեն պատճառված վնասի հատուցում` սկսած այն պահից, երբ բարեխիղճ ձեռք բերողն իմացել է, որ դրա օգտագործումն ապօրինի է:

9. Հաշվի առնելով չբացահայտված տեղեկատվության օգտագործման հետ կապված բարեխիղճ ձեռք բերողի կատարած ծախսերը` դատարանը կարող է թույլատրել դրա հետագա օգտագործումը մինչև կատարված ծախսերի փոխհատուցումը:

10. Չբացահայտված տեղեկատվության բովանդակություն ունեցող տեղեկություններն ինքնուրույն և օրինաչափ ստացած անձն իրավունք ունի դրանք օգտագործել` անկախ համապատասխան չբացահայտված տեղեկատվության տիրապետողի իրավունքներից և վերջինիս հանդեպ դրա օգտագործման համար պատասխանատվություն չի կրում:

11. Չբացահայտված տեղեկատվությունն օրինականորեն տնօրինող անձը կարող է դրա բովանդակությունը կազմող տեղեկություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն տրամադրել այլ անձի` համապատասխան պայմանագրի հիման վրա:

12. Համապատասխան պայմանագրի հիման վրա չբացահայտված տեղեկատվությունը տնօրինող անձը պարտավոր է պատշաճ միջոցներ ձեռնարկել դրա գաղտնիության պահպանման համար և չբացահայտված տեղեկատվության օրինաչափ տիրապետողի հետ հավասար որպես այդպիսին ունի երրորդ անձանց ապօրինի օգտագործումից այն պաշտպանելու իրավունք: Եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ, ապա չբացահայտված տեղեկատվությունը տնօրինող անձը դրա գաղտնիությունը պահպանելու պարտականությունը կրում է նաև լիցենզային պայմանագիրը դադարեցնելուց հետո, եթե այդ տեղեկությունը շարունակում է պահպանել իր չբացահայտված բնույթը:

(16-րդ հոդվածը խմբ. 28.06.02 ՀՕ-398-Ն, 26.05.04 ՀՕ-86-Ն, փոփ. 22.02.07 ՀՕ-107-Ն, 23.03.18 ՀՕ-249-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։