Հոդված 19.1. Որոշումները նոր ի հայտ եկած հանգամանքներով վերանայելը, ինչպես նաև որոշումների պարզաբանումը, գրասխալների, թվաբանական սխալների և վրիպակների ուղղումը
Հոդված 19.1. Որոշումները նոր ի հայտ եկած հանգամանքներով վերանայելը, ինչպես նաև որոշումների պարզաբանումը, գրասխալների, թվաբանական սխալների և վրիպակների ուղղումը
1. Հանձնաժողովի որոշումները կարող են վերանայվել նոր ի հայտ եկած հանգամանքներով՝ Հանձնաժողովի նախաձեռնությամբ կամ որոշման ընդունմանը նախորդած վարույթի մասնակիցների դիմումի հիման վրա:
2. Նոր ի հայտ եկած հանգամանքները հիմք են որոշման վերանայման համար, եթե այդ հանգամանքները հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել Հանձնաժողովին կամ վարույթի մասնակիցներին, կամ այդ հանգամանքները հայտնի են եղել վարույթի մասնակիցներին, բայց նրանցից անկախ պատճառներով չեն ներկայացվել Հանձնաժողով, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն:
3. Նոր ի հայտ եկած հանգամանքներով Հանձնաժողովի որոշման վերանայման համար դիմում կարող է ներկայացվել երեք ամսվա ընթացքում, սկսած այն պահից, երբ դիմում ներկայացնող անձն իմացել է կամ կարող էր իմանալ այդ հանգամանքների ի հայտ գալու մասին:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դիմում ներկայացնելու բաց թողնված ժամկետը Հանձնաժողովը կարող է վերականգնել դիմում ներկայացնող անձի միջնորդության հիման վրա, եթե այդ միջնորդությունը ներկայացվել է վեց ամսվա ընթացքում, սկսած այն պահից, երբ դիմումատուն իմացել կամ կարող էր իմանալ նոր հանգամանքների ի հայտ գալու մասին, և այդ միջնորդության մեջ նշված հանգամանքները Հանձնաժողովը ճանաչել է հարգելի:
5. Նոր ի հայտ եկած հանգամանքներով որոշման վերանայման համար ներկայացված դիմումը, բացի ընդհանուր վավերապայմաններից, պարունակում է նաև`
1) վերանայվող որոշման համարը, կայացման տարին, ամիսը և ամսաթիվը.
2) դիմումատուի պահանջը` նոր ի հայտ եկած հանգամանքների մատնանշմամբ.
3) նոր ի հայտ եկած հանգամանքների` գործի համար էական նշանակություն ունենալու վերաբերյալ հիմնավորումները:
Դիմումին կցվում են դիմումատուի տրամադրության տակ առկա բոլոր այն ապացույցները, որոնք կարող են էական նշանակություն ունենալ հարցի լուծման համար:
Նոր ի հայտ եկած հանգամանքների` գործի լուծման համար էական նշանակություն ունենալու հարցը լուծում է Հանձնաժողովը:
6. Հանձնաժողովը վերադարձնում է դիմումը, եթե չեն պահպանվել դիմումի ձևին և բովանդակությանը ներկայացվող պահանջները, կամ բաց է թողնվել սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետը, և չի ներկայացվել բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդություն, կամ այդ միջնորդությունը Հանձնաժողովը մերժել է:
7. Հանձնաժողովը սեփական նախաձեռնությամբ կամ վարույթին մասնակցող անձանց դիմումի հիման վրա իրավունք ունի պարզաբանել իր որոշումները, ուղղել դրանցում առկա գրասխալները, թվաբանական սխալներն ու վրիպակները առանց փոխելու որոշման բովանդակությունը:
(19-ին հոդվածը լրաց. 23.03.18 ՀՕ-249-Ն)