Հոդված 12. Բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը
Հոդված 12. Բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը
1. Արգելվում է տնտեսավարող սուբյեկտների կողմից բանակցային ուժեղ դիրքի չարաշահումը:
2. Բանակցային ուժեղ դիրքի չարաշահում է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հիմնավորված չէ տնտեսական պայմաններով կամ գործոններով և վնասում է կամ կարող է վնասել բանակցություններում թույլ դիրք ունեցող կողմի շահերը:
3. Բանակցային ուժեղ դիրքի չարաշահում է համարվում՝
1) ապրանքներ ձեռք բերելուց անհիմն հրաժարվելը.
2) խտրական պայմանների սահմանումը կամ կիրառումը.
3) ձեռնարկատիրական հարաբերությունների անհիմն դադարեցումը.
4) արտոնությունների տրամադրման, այդ թվում՝ զեղչերի կիրառման, հավելյալ ծառայությունների մատուցման պարտադրումը, որի դիմաց բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից որևէ գործողություն չի իրականացվում.
5) պայմանագրի կամ համագործակցության պայմանների միակողմանի և հաճախակի փոփոխությունն առանց պայմանագրի կողմի համաձայնության կամ գիտության.
6) առևտրային օբյեկտում իրացնողների ապրանքների ներկայացման և իրացման համար չհիմնավորված հավելյալ վճարների գանձումը.
7) բանակցային ուժեղ դիրք ունեցող սուբյեկտին պատկանող առևտրային ցանցերում մրցակից ապրանքների գների, ցուցադրման եղանակի, տեղի և իրացման համար էական նշանակություն ունեցող այլ պայմանների միջև արհեստական տարբերությունների սահմանումը կամ կիրառումը.
8) պայմանագրի կողմին պայմանների պարտադրումը, որոնք վերաբերում են`
ա. այլ տնտեսավարող սուբյեկտի հետ պայմանագիր կնքելու արգելքին.
բ. այլ տնտեսավարող սուբյեկտի հետ կնքվող պայմանագրի վերաբերյալ տեղեկատվության տրամադրմանը.
գ. մատակարարված և առևտրային ցանցի սեփականությունը համարվող ապրանքի փչացման, վնասվածքի, կորստի կամ ոչնչացման դեպքում տնտեսավարող սուբյեկտի կողմից վնասների փոխհատուցմանը, բացառությամբ այն դեպքի, երբ դա տեղի է ունեցել վերջինիս մեղքով.
դ. տնտեսավարող սուբյեկտի կողմից այն ծախսերի փոխհատուցմանը, որոնք կապված չեն ապրանքի մատակարարման պայմանագրի կատարման կամ ապրանքի հետագա իրացման հետ.
ե. այն ապրանքի վերադարձման պարտավորության սահմանմանը, որոնք չեն իրացվել որոշակի ժամանակահատվածի ընթացքում, բացառությամբ այն դեպքերի, երբ ապրանքների վերադարձման պահանջը սահմանված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ պայմանագրով.
զ. ապրանքները բանակցային ուժեղ դիրք ունեցող սուբյեկտի մատնանշած ապրանքային նշանով իրացնելուն.
է. իրացման ընթացքում զեղչեր կամ ակցիաներ կիրառելու, արտոնություններ սահմանելու արգելքին.
9) առանց գրավոր պայմանագիր կնքելու կամ գործարքը հաստատող այլ գրավոր փաստաթղթի առկայության մատակարարում իրականացնելուն պարտադրելը.
10) բանակցային ուժեղ դիրք ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից առևտրային հարաբերության մյուս կողմի համար վատթարացնող այլ պայմանների պարտադրանքը.
11) այլ գործողություն կամ վարքագիծ, որը պարունակում է սույն հոդվածի 2-րդ մասի հատկանիշները:
(03.03.21 ՀՕ-112-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխությունը 12-րդ հոդվածում հնարավոր չէ կատարել, քանի որ 03.03.21 ՀՕ-92-Ն օրենքով արդեն իսկ ամբողջությամբ խմբագրվել է օրենքը, որի արդյունքում բացակայում են նշված բառերը)