Հոդված 26. ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ԴԻՄԵԼԸ
Հոդված 26. ԲԱՆԿԻ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅԱՄԲ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ԴԻՄԵԼԸ
1. Բանկի պարտատերերն իրավունք ունեն դիմել Կենտրոնական բանկ` սույն օրենքով սահմանված կարգով բանկի սնանկության մասին դիմումը դատարան ներկայացնելու միջնորդությամբ: Միջնորդությանը պետք է կցվեն բանկի դրամական պարտավորությունների առկայությունը և նրանց չափը հիմնավորող փաստաթղթերը:
2. Կենտրոնական բանկը սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջնորդությունը քննարկում և երկշաբաթյա ժամկետում որոշում է կայացնում այն բավարարելու կամ մերժելու մասին: Բացառիկ դեպքերում Կենտրոնական բանկի նախագահը կարող է երկարաձգել միջնորդության քննարկման ժամկետը ևս երկու շաբաթով: Կենտրոնական բանկը սույն կետով սահմանված որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռօրյա ժամկետում ուղարկում է այն պարտատիրոջը:
3. Կենտրոնական բանկի որոշումը պարտատիրոջ միջնորդությունը մերժելու մասին կարող է բողոքարկել միջնորդությունը ներկայացրած պարտատերը` Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ մտնելու պահից` տասնօրյա ժամկետում: Բողոքի քննության ժամանակ դատարանն առաջարկում է Կենտրոնական բանկին` ներկայացնել եզրակացություն սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքերի բացակայության մասին կամ բանկի բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշման պատճենը: Կենտրոնական բանկը, դատարանի առաջարկն ստանալուց հետո` 10-օրյա ժամկետում, պարտավոր է նշված փաստաթղթերն ուղարկել դատարան: Կենտրոնական բանկի` բանկային գործունեության լիցենզիան ուժը կորցրած ճանաչելու մասին որոշման պատճենի ներկայացումը դատարան հիմք է հանդիսանում սնանկության գործի վարույթն սկսելու համար:
4. Սույն օրենքի 24-րդ հոդվածով սահմանված հիմքերի բացակայության մասին Կենտրոնական բանկի եզրակացության առկայության դեպքում դատարանը մերժում է պարտատիրոջ դիմումը:
5. (կետն ուժը կորցրել է 27.04.04 ՀՕ-64-Ն)
(26-րդ հոդվածը փոփ., խմբ. 27.04.04 ՀՕ-64-Ն)
(հոդվածը 03.07.26 ՀՕ-364-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)