Հոդված 45. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
Հոդված 45. ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ
1. Ծառայողները ոստիկանությունում ծառայությունից ազատվում են`
1) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.
1.1) երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.
2) անձնական նախաձեռնությամբ` գրավոր զեկուցագրի հիման վրա.
2.1) հաստիքների կրճատման, կառուցվածքային փոփոխության դեպքում, եթե ոստիկանության ծառայողը գրավոր հրաժարվում է այլ պաշտոնի նշանակվելուց.
3) սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.
4) հիվանդության պատճառով` ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ` ծառայությանը ոչ պիտանի, իսկ պատերազմի ժամանակ` երկրորդ աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում).
5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.
6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրանց նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից առնվազն մեկը՝ խիստ կարգապահական կամ «կոչման իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժ.
7) (կետն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-317-Ն)
8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելուց խուսափելու դեպքում.
9) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու դեպքում.
9.1) (կետն ուժը կորցրել է 02.10.25 ՀՕ-317-Ն)
10) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում` չհաշված հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը.
11) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի, Փրկարար ծառայության, Ազգային անվտանգության ծառայության, Քրեակատարողական ծառայության և Հայաստանի Հանրապետության դատախազության մարմիններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից տեղափոխված ծառայողին թույլատրվում է ուսումնառությունը շարունակել ոստիկանական կրթական ծրագրով Լիազոր մարմնի ուսումնական հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում:
11.1) ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու դեպքում.
11.2) Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունից ազատվելու դեպքում, բացառությամբ կադրերի գործող ռեզերվում գտնվող կամ հեռակա ուսուցման ձևով սովորող ծառայողների.
11.3) սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասով սահմանված փորձաշրջանի արդյունքներով.
12) մահվան դեպքում.
13) սույն օրենքի 15-րդ հոդվածի 7-րդ, 9-րդ կամ 10-րդ մասերով նախատեսված ժամկետներում սույն օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված ատեստավորմանը չմասնակցելու կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 14-րդ մասով նախատեսված ժամկետում ատեստավորմանը կրկին չմասնակցելու կամ ատեստավորման արդյունքներով սույն օրենքի 15-րդ հոդվածի 13-րդ մասի 3-րդ կամ 4-րդ կետով նախատեսված եզրակացություն կայացվելու դեպքում:
Ոստիկանությունում ծառայությունից ազատելը Լիազոր մարմնի ուսումնական հաստատությունից ազատելու հիմք է:
1.1. (մասն ուժը կորցրել է 16.12.22 ՀՕ-461-Ն)
1.2․ Դիտավորյալ հանցանքի հատկանիշներ պարունակող արարքի առնչությամբ ոստիկանության ծառայողի նկատմամբ ոչ ռեաբիլիտացնող հիմքով քրեական հետապնդում չհարուցվելու կամ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվելու, ինչպես նաև «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքով սահմանված կոպիտ խախտում կատարելու դեպքում վերջինս ազատվում է ոստիկանությունում ծառայությունից։
2. Ոստիկանության ծառայողին ոստիկանությունում ծառայությունից ազատում է նրան համապատասխան պաշտոնին նշանակելու (ծառայության ընդունելու) իրավունք ունեցող ղեկավարը (պաշտոնատար անձը):
3. Ոստիկանության ծառայողին սույն հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և 1.2-րդ մասով նախատեսված հիմքով ոստիկանությունում ծառայությունից ազատելու դեպքում ոստիկանությունում ծառայության ստաժի մեջ չեն հաշվարկվում պաշտոնավարումը կասեցված լինելու, ազատությունից փաստացի զրկված (ձերբակալված կամ կալանավորված) լինելու ժամանակահատվածները, եթե նշված հարկադրանքի միջոցները կիրառելու մասին որոշումներն օրենքով սահմանված կարգով չեն ճանաչվել ոչ իրավաչափ:
4. Սույն հոդվածի 1-ին մասի 13-րդ կետի պահանջները չեն տարածվում Լիազոր մարմնի ուսումնական հաստատություններում սովորող, այդ թվում` Լիազոր մարմնի կողմից այլ ուսումնական հաստատություններ գործուղված ոստիկանության ծառայողների վրա:
5. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում ոստիկանության ծառայողը կարող է ոստիկանությունում ծառայությունից ազատվել գրավոր զեկուցագիրը ներկայացնելուց ոչ շուտ, քան 30 օր հետո։
(45-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ., փոփ., լրաց. 24.10.06 ՀՕ-169-Ն, խմբ. 09.04.07 ՀՕ-143-Ն, լրաց. 06.12.07 ՀՕ-288-Ն, խմբ. 15.11.10 ՀՕ-169-Ն, լրաց., խմբ., փոփ. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց. 17.12.14 ՀՕ-218-Ն, 16.12.16 ՀՕ-215-Ն, փոփ., խմբ. 23.03.18 ՀՕ-273-Ն, փոփ. 31.05.19 ՀՕ-49-Ն, 09.06.22 ՀՕ-232-Ն, փոփ., լրաց. 16.12.22 ՀՕ-461-Ն, 21.04.23 ՀՕ-135-Ն, լրաց. 24.10.24 ՀՕ-400-Ն, խմբ., փոփ., լրաց. 02.10.25 ՀՕ-317-Ն)
(16.12.22 ՀՕ-461-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(21.04.23 ՀՕ-135-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(24.10.24 ՀՕ-400-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 11.09.25 ՀՕ-296-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից)