Հոդված 55. Ուսուցումը ոստիկանության ուսումնական հաստատությունում
Հոդված 55. Ուսուցումը ոստիկանության ուսումնական հաստատությունում
1. Ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ոստիկանության ուսումնական հաստատություն կարող են ընդունվել առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները:
2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ոստիկանական նախնական և միջին մասնագիտական կրթություն ստանալու նպատակով ոստիկանության ուսումնական հաստատություն կարող են դիմել սույն օրենքի 11-րդ հոդվածով նախատեսված պահանջները բավարարելու դեպքում:
3. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում ոստիկանության ուսումնական հաստատություն կարող են ընդունվել նաև օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք` Կառավարության սահմանած կարգով:
4. Ոստիկանության ուսումնական հաստատությունում «Իրավագիտության բակալավր» մասնագիտական որակավորում կարող են ստանալ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:
5. Ոստիկանության ուսումնական հաստատությունում ոստիկանության կադրային ստորաբաժանման հայտի հիման վրա ձևավորված պետական պատվերի շրջանակում «Իրավագիտության բակալավր» մասնագիտական որակավորում կարող են ստանալ սույն օրենքի 11-րդ հոդվածի պահանջները բավարարող և առնվազն միջնակարգ ընդհանուր կրթություն ունեցող քաղաքացիները:
6. Ոստիկանության ուսումնական հաստատությունում «Իրավագիտության մագիստրոս» որակավորմամբ մասնագիտական կրթություն կարող են ստանալ «Իրավագիտության բակալավր» որակավորմամբ մասնագիտական կրթություն ստանալուց հետո ոստիկանությունում ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ ունեցող ոստիկանության ծառայողները:
7. Ոստիկանության ուսումնական հաստատությունում դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով` Ոստիկանության պետի հրամանով սահմանված կարգին համապատասխան:
Ընդունելությունը կատարվում է Կառավարության հաստատած մասնագիտությունների ցանկին և տեղերին համապատասխան:
Ոստիկանության ուսումնական հաստատությունում ընդունելությունը կազմակերպվում է պետական պատվերի շրջանակում, բացառությամբ վճարովի կրթական ծառայություններ իրականացնելու դեպքերի:
7.1. Տվյալ ուսումնական տարվա դիմորդների ընտրության և ընդունելության ստուգումների և քննությունների կազմակերպման և ընթացքի վերահսկման նպատակով Ոստիկանության պետի հրամանով ստեղծվում են մանդատային և ընդունող հանձնաժողովներ, որոնց գործունեության կարգերը սահմանվում են Ոստիկանության պետի հրամանով:
8. Ոստիկանության ուսումնական հաստատությունը կարող է իրականացնել նաև վճարովի կրթական ծառայություններ:
9. Ոստիկանության ուսումնական հաստատությունում բարձրագույն և հետբուհական կրթական ծրագրերով իրականացվում է նաև հեռակա ուսուցում ոստիկանության ծառայողների համար: Այդ ծառայողներն ընդունելության քննություններին մասնակցում են մինչև 43 տարեկանը լրանալը` ոստիկանությունում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո` ծառայողի դրական բնութագրի առկայության դեպքում:
10. Ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում բարձրագույն և միջին մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին Ոստիկանության պետը շնորհում է ոստիկանության լեյտենանտի կոչում, իսկ պարեկի նախնական մասնագիտական կրթություն ստացած շրջանավարտներին լեյտենանտի կոչում կարող է շնորհվել, եթե նրանք նշանակվեն ոստիկանության միջին խմբի պաշտոններին համապատասխանող պարեկի պաշտոնում:
(55-րդ հոդվածը խմբ., փոփ. 14.12.04 ՀՕ-131-Ն, խմբ. 24.10.06 ՀՕ-169-Ն, փոփ., լրաց. 29.04.10 ՀՕ-47-Ն, խմբ. 08.12.11 ՀՕ-333-Ն, փոփ., լրաց., խմբ. 17.12.14 ՀՕ-218-Ն, խմբ., փոփ. 16.12.16 ՀՕ-215-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-273-Ն, 31.05.19 ՀՕ-49-Ն, փոփ., լրաց. 03.06.20 ՀՕ-296-Ն)