Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 57-րդ հոդվածում՝
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 57-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն Ընկերությունից պահանջելու բաժնետոմսերի հետգնման գնի որոշում և իրենց պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնում, եթե`
1) որոշում է ընդունվել Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու մասին` սույն օրենքի 61-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն, և նշված բաժնետերերը քվեարկել են Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ նշված խոշոր գործարք կնքելու դեմ կամ այդ հարցերով քվեարկությանը չեն մասնակցել․
2) կանոնադրության մեջ լրացումներ կամ փոփոխություններ են կատարվել, կամ հաստատվել է կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որի հետևանքով սահմանափակվել են նշված բաժնետերերի իրավունքները, և նրանք դեմ են քվեարկել կամ քվեարկությանը չեն մասնակցել.
3) Ընկերության կամ վերահսկող բաժնետիրոջ որոշումը, գործողությունը կամ անգործությունը ակնհայտ անբարենպաստ հետևանքներ են առաջացնում Ընկերության վերահսկող չհամարվող բաժնետիրոջ համար, ներառյալ երբ Ընկերության վերահսկող բաժնետիրոջը տրվում է ակնհայտ անհամաչափ առավելություն՝ ի վնաս Ընկերության վերահսկող չհամարվող բաժնետերերի․
4) Ընկերությունը գործունեության վերջին հինգ տարում առնվազն երեք տարի չի գումարել բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողով կամ չի իրականացրել Ընկերության տարեկան հաշվետվությունների, հաշվապահական հաշվեկշիռների, շահույթների և վնասների հաշվի, շահույթների և վնասների բաշխման հաստատում, տարեկան շահութաբաժինների վճարման մասին որոշման ընդունում և տարեկան շահութաբաժինների չափի հաստատում։ Ընդ որում, բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովի մասին բաժնետիրոջը չծանուցելը վերահսկող չհամարվող բաժնետիրոջ համար սույն կետով սահմանված հիմք է Ընկերության կողմից իրեն պատկանող բաժնետոմսի հետգնման իրավունքի իրացման համար․
5) Ընկերությունը գործունեության վերջին 10 տարվա մեջ առնվազն հինգ տարի չի բաշխել կամ չի վճարել Ընկերության՝ վերահսկող չհամարվող բաժնետիրոջ շահութաբաժինները, կամ բաշխած և վճարած շահաբաժինները աննշան են վերահսկող չհամարվող բաժնետիրոջը պատկանող՝ միայն Ընկերության զուտ ակտիվների արժեքի հիման վրա որոշված բաժնետոմսերի շուկայական արժեքի տարեկան միջին եկամտաբերության նկատմամբ՝ հաշվարկված ըստ Կենտրոնական բանկի սահմանած բանկային տոկոսի հաշվարկային դրույքի, եթե այլ բան նախատեսված չէ Ընկերության բաժնետերերի միջև կնքված բաժնետիրական համաձայնագրով․
6) առկա են այլ հիմքեր, որոնք դատարանի կողմից կարող են համարվել Ընկերության կամ վերահսկող բաժնետիրոջ կողմից իրավունքի չարաշահում։».
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Սույն հոդվածի իմաստով բաժնետերը համարվում է վերահսկող, եթե նա ուղղակիորեն միանձնյա տիրապետում է Ընկերության քվեարկող բաժնետոմսերի և միաժամանակ դրանցով տրամադրվող ձայների 50 և ավելի տոկոսին կամ օրենքով չարգելված որևէ ձևով հնարավորություն ունի կանխորոշելու Ընկերության որոշումները։ Ընկերության երկու կամ ավելի բաժնետերերը, որոնք միասին տիրապետում են Ընկերության քվեարկող բաժնետոմսերի և միաժամանակ դրանցով տրամադրվող ձայների 50 և ավելի տոկոսին և գործում են համաձայնեցված՝ վերահսկող չհամարվող բաժնետերերի շահերի դեմ, սույն հոդվածի իմաստով նույնպես համարվում են վերահսկող բաժնետեր:»: