Հոդված 38.1. Բաժնետիրական համաձայնագիրը
Հոդված 38.1. Բաժնետիրական համաձայնագիրը
1. Բաժնետիրական համաձայնագիրը բաժնետոմսերով հավաստվող իրավունքների իրականացման և (կամ) բաժնետոմսերի նկատմամբ իրավունքների իրականացման առանձնահատկությունների մասին պայմանագիր է: Բաժնետիրական համաձայնագրով կողմերը պարտավորվում են որոշակի ձևով իրականացնել բաժնետոմսերով հավաստվող իրավունքները և (կամ) բաժնետոմսերի նկատմամբ իրավունքները կամ ձեռնպահ մնալ այդ իրավունքների իրականացումից: Բաժնետիրական համաձայնագրով կարող է նախատեսվել բաժնետերերի ընդհանուր ժողովում համաձայնագրով սահմանված ձևով քվեարկելու, քվեարկության կարգը կամ քվեարկությունն այլ անձանց հետ համաձայնեցնելու, այլ անձանց ցուցումներով քվեարկելու, բաժնետոմսերը նախապես սահմանված գնով և (կամ) պայմանագրով սահմանված հանգամանքների ի հայտ գալու դեպքում ձեռք բերելու և (կամ) օտարելու, մինչև պայմանագրով հանգամանքների ի հայտ գալը բաժնետոմսերի օտարումից ձեռնպահ մնալու, ինչպես նաև բաժնետիրական Ընկերության կառավարման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման հետ կապված այլ համաձայնեցված գործողություններ իրականացնելու պարտավորությունը: Ընկերության ժողովում որոշումների ընդունման համար բավարար ձայների՝ սույն օրենքով կամ սույն օրենքի հիման վրա կանոնադրությամբ նախատեսված քանակը չի կարող փոփոխվել բաժնետիրական համաձայնագրով։
2. Բաժնետիրական համաձայնագիրը կնքվում է գրավոր: Բաժնետիրական համաձայնագրի կողմ կարող են լինել Ընկերությունը, բաժնետերերը, ինչպես նաև այն անձինք, որոնք բաժանորդագրվում են Ընկերության բաժնետոմսերին։ Եթե Ընկերությունը հանդիսանում է բաժնետիրական համաձայնագրի կողմ, ապա այդպիսի բաժնետիրական համաձայնագրի կնքումն իրականացվում է՝ հաշվի առնելով նաև սույն օրենքի 9-րդ գլխի դրույթները։
3. Բաժնետիրական համաձայնագրի առարկա չի կարող լինել Ընկերության խորհրդի կամ գործադիր մարմնի ցուցումների համաձայն բաժնետիրական համաձայնագրի կողմերի քվեարկելու պարտավորությունը:
4. Բաժնետիրական համաձայնագիրը պարտադիր է միայն համաձայնագրի կողմերի համար:
5. Բաժնետիրական համաձայնագրի խախտումը կարող է հիմք հանդիսանալ Ընկերության կառավարման մարմինների որոշումներն անվավեր ճանաչելու համար, եթե ապացուցվում է, որ Ընկերության կառավարման մարմինների որոշումներն ընդունվել են ֆիդուցիար պարտականությունների խախտմամբ:
6. Բաժնետիրական համաձայնագրով կարող են նախատեսվել դրանից բխող պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև դրանով նախատեսված պարտավորությունների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման քաղաքացիաիրավական պատասխանատվության միջոցներ:
(38.1-ին հոդվածը լրաց. 19.04.19 ՀՕ-18-Ն)
ՀՈԴՎԱԾ 39. ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐԸ
1. Բաժնետոմսերի հավաստագիրն անվանական արժեթուղթ է, որը հավաստում է Ընկերության մեկ կամ մի քանի բաժնետոմսերի նկատմամբ դրանց տիրապետողի (տիրապետողների) սեփականության իրավունքը:
2. Բաժնետիրոջը տրվում են առանձին հավաստագրեր` հասարակ (սովորական) և արտոնյալ բաժնետոմսերի առանձին տեսակների համար: Հավաստագրերը տրվում են բաժնետոմսերի արժեքը վճարելուց հետո:
3. Բաժնետոմսերի հավաստագիր տալու, այն փոխարինելու և չեղյալ ճանաչելու կարգը սահմանվում է օրենքով և այլ իրավական ակտերով:
4. Բաժնետոմսերի հավաստագիրը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
ա) «Բաժնետոմսերի հավաստագիր» անվանումը և հերթական համարը.
բ) Ընկերության պետական գրանցման տվյալները, լրիվ ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը.
գ) կանոնադրական կապիտալի չափը, այդ տեսակի թողարկված բաժնետոմսերի քանակը և գումարային անվանական արժեքի չափը.
դ) հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի տեսակը, անհրաժեշտության դեպքում` թողարկման ժամկետը: Ընկերության կողմից մի քանի դասի արտոնյալ բաժնետոմսերի թողարկման դեպքում յուրաքանչյուր դաս պետք է ունենա իր տարբերակիչ անվանումը.
ե) բաժնետոմսի յուրաքանչյուր տեսակի պետական գրանցման համարը.
զ) տվյալ հավաստագրով հավաստվող բաժնետոմսերի թիվը, յուրաքանչյուր բաժնետոմսի անվանական արժեքը, ինչպես նաև դրանց գումարային անվանական արժեքը.
է) հավաստագիրը տալու տարին, ամիսը, ամսաթիվը.
ը) հավաստագրով ներկայացված բաժնետոմսի (բաժնետոմսերի) գրանցված սեփականատիրոջ լրիվ անվանումը (ֆիզիկական անձանց համար` անունը).
թ) խորհրդի նախագահի և գլխավոր հաշվապահի կամ ֆինանսական հարցերով զբաղվող տնօրենի ստորագրությունները (կամ ֆաքսիմիլային վերարտադրությունները), իսկ եթե ռեեստրը վարում է մասնագիտացված կազմակերպություն, ապա նաև վերջինիս համապատասխան պաշտոնատար անձի ստորագրությունը (կամ ֆաքսիմիլային վերարտադրությունը), ինչպես նաև այդ կազմակերպության պետական գրանցման տվյալները, լրիվ անվանումն ու գտնվելու վայրը.
ժ) տեղեկություններ` հավաստագրով ներկայացված բաժնետոմսերով հավաստվող իրավունքների և (կամ) դրանց սահմանափակումների մասին, ներառյալ` ժողովում քվեարկության իրավունքի կամ բաժնետոմսերի փոխանցման սահմանափակումները.
ժա) (ենթակետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-53-Ն)
5. Հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի փոխանցման կամ գրանցված բաժնետիրոջ անվանման (անվան) փոփոխման դեպքում այդ բաժնետոմսերի հավաստագիրը վերադարձվում է և համարվում է չեղյալ: Նոր տիրապետողի անվանմամբ (անվամբ) տրվում է բաժնետոմսերի նոր հավաստագիր: Բաժնետոմսերի նոր հավաստագրեր են տրվում նաև նոր և նախկին տիրապետողների անվանումներով` հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի մասնակի փոխանցման դեպքում: Հավաստագրով ներկայացվող բաժնետոմսերի գրանցված բաժնետիրոջ անվանման (անվան) փոփոխման դեպքում բաժնետոմսերի նոր հավաստագիրը տրվում է գրանցված բաժնետիրոջ նոր անվանմամբ (անվամբ):
6. Հավաստագիրը պետք է համապատասխանի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին:
(39-րդ հոդվածը լրաց. 13.04.11 ՀՕ-111-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-53-Ն)
(հոդվածը 26.05.21 ՀՕ-236-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 10.07.21 թվականին)
(26.05.21 ՀՕ-236-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖ՀՈԴՎԱԾ 40. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԸ և ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ
1. Ընկերությունն իրավունք ունի համաձայն իր կանոնադրության թողարկել պարտատոմսեր և օրենքով սահմանված այլ արժեթղթեր:
Պարտատոմսերի և այլ արժեթղթերի տեղաբաշխումն իրականացվում է խորհրդի որոշմամբ, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ: Պարտատոմսերի և այլ արժեթղթերի թողարկումն ու տեղաբաշխումն իրականացվում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
2. Պարտատոմս է համարվում այն արժեթուղթը, որը հավաստում է դրա տիրապետողի իրավունքը` դրանում նախատեսված ժամկետում պարտատոմս թողարկած Ընկերությունից ստանալ պարտատոմսի անվանական արժեքը կամ գույքային այլ համարժեք: Պարտատոմսը դրա տիրապետողին իրավունք է տալիս նաև ստանալ պարտատոմսի անվանական արժեքից տոկոսադրույք կամ այլ գույքային իրավունքներ` Ընկերության սահմանած ժամկետներում:
Պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ պետք է սահմանվեն դրանց մարման ձևը, ժամկետները և պայմանները:
Պարտատոմսերը պետք է ունենան անվանական արժեք: Ընկերության թողարկած բոլոր ապահովված պարտատոմսերի անվանական արժեքների գումարը չպետք է գերազանցի կանոնադրական կապիտալը, կամ այն ապահովման գումարը, որը տրամադրված է Ընկերությանը պարտատոմսեր թողարկելու նպատակով: Սույն սահմանափակումը չի կիրառվում բաժնետիրական ընկերություն հանդիսացող արժեթղթավորման ֆոնդերի նկատմամբ:
Ընկերությունը կարող է թողարկել միաժամանակյա, ինչպես նաև տարաժամկետ (Ընկերության կողմից սահմանված ժամկետային հաջորդականությամբ) մարման ժամկետով պարտատոմսեր: Պարտատոմսերի մարումն իրականացվում է դրամով կամ այլ գույքով` համաձայն պարտատոմսերի թողարկման մասին որոշման:
Ընկերությունն իրավունք ունի թողարկել`
ա) Ընկերության գույքի գրավով ապահովված պարտատոմսեր.
բ) երրորդ անձանց կողմից պարտատոմսերի թողարկման համար տրամադրված երաշխավորությամբ ապահովված պարտատոմսեր.
գ) առանց ապահովման պարտատոմսեր:
Առանց ապահովման պարտատոմսերի թողարկումը թույլատրվում է Ընկերության պետական գրանցումից առնվազն երեք տարի հետո և պայմանով, որ սահմանված կարգով հաստատված լինեն Ընկերության առնվազն երկու տարեկան հաշվեկշիռները:
Ընկերությունը կարող է թողարկել ինչպես անվանական, այնպես էլ ըստ ներկայացնողի պարտատոմսեր:
Ընկերությունը պարտավոր է վարել իր կողմից տեղաբաշխված անվանական պարտատոմսերի սեփականատերերի ռեեստրը: Կորցրած անվանական պարտատոմսը վերականգնում է Ընկերությունը` ողջամիտ վճարի դիմաց: Կորցրած` ըստ ներկայացնողի պարտատոմսի սեփականատիրոջ իրավունքները վերականգնում է դատարանը` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Ընկերությունը կարող է ընձեռել պարտատոմսերի վաղաժամկետ մարման հնարավորություն` դրանց սեփականատերերի ցանկությամբ: Այդ դեպքում պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ պետք է սահմանվեն մարվող գումարի մեծությունը և այն ժամկետը, որից սկսած պարտատոմսերը կարող են ներկայացվել վաղաժամկետ մարման:
3. Ընկերությունը կարող է թողարկել փոխարկվող պարտատոմսեր և այլ արժեթղթեր, որոնք տալիս են Ընկերության պարտատոմսերը և այլ արժեթղթերը բաժնետոմսերի փոխարկման կամ բաժնետոմսերի արտոնյալ ձեռքբերման իրավունք: Ընդ որում, Ընկերությունն իրավունք չունի տեղաբաշխել փոխարկվող պարտատոմսեր և այլ արժեթղթեր, եթե ըստ տեսակների և դասերի հայտարարված բաժնետոմսերի քանակը պակաս է նշված տեսակների և դասերի բաժնետոմսերի այն քանակից, որոնք անհրաժեշտ են փոխարկվող պարտատոմսերը և այլ արժեթղթերն Ընկերության բաժնետոմսերի փոխարկելու հնարավորությունն ապահովելու համար:
4. Պարտատոմսերի տոկոսը վճարվում է դրանց վրա նշված ժամկետում, բայց ոչ պակաս, քան տարին մեկ անգամ` անկախ Ընկերության ֆինանսական վիճակից և ստացված շահույթից (բացի շահույթում մասնակցող պարտատոմսերից): Եթե պարտատոմսերը տեղաբաշխվում են անվանական արժեքից ցածր գներով, ապա տարեկան տոկոսները պարտատոմսի սեփականատիրոջը կարող են չվճարվել, ինչը պետք է սահմանվի պարտատոմսերի թողարկման մասին որոշմամբ և նշված լինի պարտատոմսում:
Պարտատոմսերով տոկոսները չվճարելու կամ սահմանված ժամկետում պարտատոմսերը չմարելու դեպքում Ընկերությունը կարող է լուծարվել դատական կարգով:
5. Պարտատոմսը պատրաստվում է տպագրական եղանակով և պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`
ա) «Պարտատոմս» անվանումը և հերթական համարը.
բ) Ընկերության պետական գրանցման տվյալները, լրիվ ֆիրմային անվանումը և գտնվելու վայրը.
գ) կանոնադրական կապիտալի չափը.
դ) թողարկման ժամկետը.
ե) պարտատոմսի անվանական արժեքը.
զ) այդ տեսակի պարտատոմսերի թողարկված քանակը և գումարային անվանական արժեքի չափը.
է) պարտատոմսերի մարման ժամկետը, մարվող գումարը և վճարվող տոկոսադրույքները կամ դրանց հաշվարկման կարգը, տոկոսադրույքների վճարման կարգը.
ը) անվանական պարտատոմսերի համար` պարտատոմսի սեփականատիրոջ լրիվ անվանումը (ֆիզիկական անձանց համար` անունը).
թ) խորհրդի նախագահի և գլխավոր հաշվապահի կամ ֆինանսական հարցերով զբաղվող տնօրենի ստորագրությունները (կամ ֆաքսիմիլային վերարտադրությունները).
ժ) պարտատոմսի ձևը և դրա հետ կապված իրավունքները, այդ թվում` փոխարկվող պարտատոմսերի համար` Ընկերության բաժնետոմսերի փոխարկման իրավունքը.
ժա) (ենթակետն ուժը կորցրել է 19.03.12 ՀՕ-53-Ն)
6. Տպագրական եղանակով պատրաստված պարտատոմսը պետք է համապատասխանի օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված արժեթղթերի պաշտպանվածության պահանջներին:
(40-րդ հոդվածը փոփ. 11.10.07 ՀՕ-202-Ն, լրաց. 13.04.11 ՀՕ-111-Ն, փոփ. 19.03.12 ՀՕ-53-Ն, լրաց. 04.05.18 ՀՕ-325-Ն)
(հոդվածը 26.05.21 ՀՕ-236-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 10.07.21 թվականին)
(26.05.21 ՀՕ-236-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ՀՈԴՎԱԾ 41. ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻՆ ՏՐԱՄԱԴՐՎՈՂ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ
1. Ընկերության աշխատակիցներին կանոնադրությամբ սահմանված կարգով կարող են տրամադրվել աշխատակցի բաժնետոմսեր, որոնք կարող են լինել հասարակ (սովորական) կամ արտոնյալ: Աշխատակցի բաժնետոմսերը տեղաբաշխվում են Ընկերության աշխատակիցների միջև` այդ նպատակի համար աշխատակիցների բաժնետիրացման հատուկ հիմնադրամի միջոցների հաշվին` Ընկերության կողմից իր բաժնետերերից հետ գնած բաժնետոմսերից:
Աշխատակցի բաժնետոմսերի մասը չպետք է գերազանցի կանոնադրական կապիտալի 25 տոկոսը:
2. Աշխատակցի բաժնետոմսը Ընկերության աշխատակցին արտոնյալ պայմաններով վաճառված անվանական բաժնետոմս է: Աշխատակցի բաժնետոմսերի շրջանառությունը կարող է սահմանափակվել կանոնադրությամբ սահմանված ժամկետով, բայց ոչ ավելի, քան երեք տարով, սկսած դրանց տեղաբաշխման օրվանից:
3. Աշխատակիցների բաժնետոմսերը տեղաբաշխվում են աշխատակիցների միջև վերջիններիս համաձայնությամբ: Աշխատակցի բաժնետոմսերի դիմաց վճարվող գումարը կարող է անվանական արժեքից ցածր լինել, բայց ոչ պակաս քսանհինգ տոկոսից:
4. Աշխատակցի հետ աշխատանքային հարաբերությունների դադարեցման դեպքում, բացի կենսաթոշակի անցնելու դեպքերից, Ընկերությունը նախապատվության իրավունք ունի հետ գնել աշխատակցի բաժնետոմսերը շուկայական գնով, սակայն անվանական արժեքից ոչ պակաս:
Աշխատակցի բաժնետոմսերի մահացած տիրոջ ժառանգորդները, եթե գործում են սույն հոդվածի 2-րդ կետում նշված սահմանափակումները, իրավունք ունեն Ընկերությունից պահանջել դրանց հետգնումը շուկայական գնով, սակայն ոչ պակաս անվանական արժեքից, կամ պահանջել դրանք փոխարկել Ընկերության այլ բաժնետոմսերի, եթե այդպիսիք հայտարարված են Ընկերության կողմից:
5. Աշխատակցի բաժնետոմսի սեփականատերերը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետով նշված սահմանափակման, օգտվում են նույն իրավունքներից, ինչպիսիք սահմանված են սույն օրենքով և կանոնադրությամբ` դրանց համապատասխանող հասարակ (սովորական) կամ տարբեր դասերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի համար:
Աշխատակցի բաժնետոմսերի անվանական արժեքը չպետք է տարբերվի Ընկերության հասարակ (սովորական) և համապատասխան դասի արտոնյալ արժեթղթի անվանական արժեքից:
6. Աշխատակիցների բաժնետոմսերի տեղաբաշխման, դրանց դիմաց վճարման և աշխատակիցների արտոնությունների սահմանման կարգի մասին որոշումը կայացնում է ժողովը:
(հոդվածը 26.05.21 ՀՕ-236-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 10.07.21 թվականին)
(26.05.21 ՀՕ-236-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ՀՈԴՎԱԾ 42. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ և ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ԴԻՄԱՑ ՎՃԱՐՈՒՄԸ
1. Ընկերության բաժնետոմսերի դիմաց վճարման միջոց կարող են լինել գույքը, ներառյալ` դրամական միջոցները, արժեթղթերը և գույքային իրավունքները, մտավոր սեփականությունը:
2. Ընկերության հիմնադրման ժամանակ նրա բաժնետոմսերը պետք է լրիվ վճարվեն մինչև Ընկերության պետական գրանցումը:
Ընկերության լրացուցիչ տեղաբաշխված բաժնետոմսերը պետք է վճարվեն դրանց տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված ժամկետում, բայց ոչ ուշ, քան տեղաբաշխման պահից մեկ տարվա ընթացքում:
2.1.
3. Ընկերության հիմնադրման ժամանակ բաժնետոմսերի դիմաց վճարման ձևը սահմանվում է Ընկերության հիմնադրման մասին պայմանագրով, իսկ լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի, ինչպես նաև Ընկերության կողմից թողարկվող այլ արժեթղթերի դիմաց` դրանց տեղաբաշխման մասին որոշմամբ:
Լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման ժամանակ, որոնց դիմաց վճարումը նախատեսված է միայն դրամական միջոցներով, պետք է վճարվի դրանց անվանական արժեքի առնվազն քսանհինգ տոկոսը:
Ընկերության բաժնետոմսերը և այլ արժեթղթերը, որոնց դիմաց վճարումը նախատեսված է ոչ դրամական միջոցներով, ձեռքբերման ժամանակ վճարվում են լրիվ արժեքով, եթե արժեթղթերի տեղաբաշխման մասին որոշմամբ այլ բան նախատեսված չէ:
Հրապարակային վաճառքի միջոցով տեղաբաշխվող արժեթղթերի դիմաց վճարումը կատարվում է միայն դրամական միջոցներով` լրիվ արժեքով:
4. Ընկերության հիմնադրման ժամանակ բաժնետոմսերի դիմաց հիմնադիրների կողմից վճարվող գույքի դրամական գնահատականը սահմանվում է հիմնադիրների միջև համաձայնեցմամբ, իսկ լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի և այլ արժեթղթերի ձեռքբերման ժամանակ` խորհրդի որոշմամբ և ենթակա է գնահատման` անկախ գնահատողի կողմից:
Խորհրդի որոշմամբ կարող են սահմանափակումներ դրվել Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի դիմաց վճարվող գույքի տեսակների վրա:
5. Ընկերության բաժնետոմսերը վճարելու պարտականությունից բաժնետիրոջն ազատել, ներառյալ` Ընկերության նկատմամբ պահանջների հաշվանցով, չի թույլատրվում:
6. Եթե լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման ժամանակ տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի լրիվ արժեքի վճարումը չի կատարվել, իսկ վճարված գումարը մեկ համապատասխան բաժնետոմսի արժեքից պակաս է, ապա բաժնետոմսերը փոխանցվում են Ընկերության տրամադրության տակ և դրանց արժեքը ժամանակին չվճարած բաժնետերերը զրկվում են բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքից: Այդ մասին կատարվում է համապատասխան նշում Ընկերության բաժնետերերի ռեեստրում: Դրամական միջոցները և այլ գույքը, որոնք վճարվել են բաժնետոմսերի դիմաց, բաժնետիրոջը չեն վերադարձվում:
Եթե լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի ձեռքբերման ժամանակ տեղաբաշխման մասին որոշմամբ սահմանված ժամկետներում բաժնետոմսերի լրիվ արժեքի վճարումը չի կատարվել, իսկ վճարված գումարը մեկ համապատասխան բաժնետոմսի արժեքից պակաս չէ, ապա կատարվում է բաժնետոմսերի քանակի վերահաշվարկ, այնպես, որ բաժնետոմսերի քանակի և ձեռքբերման արժեքի արտադրյալը չգերազանցի դրանց համար արդեն վճարված գումարը: Մնացած բաժնետոմսերը փոխանցվում են Ընկերության տրամադրության տակ, և բաժնետերերը զրկվում են դրանց նկատմամբ սեփականության իրավունքից: Այդ մասին կատարվում է համապատասխան նշում Ընկերության բաժնետերերի ռեեստրում:
Կանոնադրությամբ կարող են սահմանվել դրամական տույժեր` բաժնետոմսի դիմաց վճարման պարտավորությունների չկատարման համար:
Ընկերության տրամադրության տակ փոխանցված բաժնետոմսերը չեն տալիս ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ, դրանցով շահութաբաժիններ չեն հաշվարկվում: Ժողովը հաստատում է բաժնետոմսերի տեղաբաշխման արդյունքները և համապատասխան փոփոխություններ է կատարում կանոնադրությունում:
(հոդվածը 26.05.21 ՀՕ-236-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 10.07.21 թվականին)
(26.05.21 ՀՕ-236-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ՀՈԴՎԱԾ 43. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԸ և ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԸ
1. Ընկերությունում ստեղծվում է պահուստային հիմնադրամ` կանոնադրությամբ սահմանված չափով, բայց ոչ պակաս կանոնադրական կապիտալի 15 տոկոսից: Եթե պահուստային հիմնադրամը կազմում է կանոնադրությամբ սահմանված չափից ավելի փոքր մեծություն, ապա հատկացումներն այդ հիմնադրամին կատարվում են շահույթից` առնվազն հինգ տոկոսի չափով, ինչպես նաև Ընկերության նոր արժեթղթերի թողարկման արժեքի և դրանց անվանական արժեքի միջև եղած տարբերությունից ստացվող միջոցներից:
Պահուստային հիմնադրամն օգտագործվում է Ընկերության կորուստները ծածկելու, ինչպես նաև Ընկերության պարտատոմսերը մարելու և բաժնետոմսերը հետ գնելու համար, եթե Ընկերության շահույթը և այլ միջոցները դրա համար չեն բավարարում:
Պահուստային հիմնադրամը չի կարող օգտագործվել այլ նպատակների համար:
2. Օրենքով կամ կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև այլ հիմնադրամներ:
3. Ընկերության զուտ ակտիվների արժեքը գնահատվում է հաշվապահական հաշվեկշռի կամ աուդիտորական վերստուգման տվյալներով` օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված կարգով:
Եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է կանոնադրական կապիտալից, ապա Ընկերությունը պարտավոր է հայտարարել և սահմանված կարգով գրանցել իր կանոնադրական կապիտալի նվազումը: Եթե երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ ֆինանսական տարվա ավարտից հետո պարզվի, որ Ընկերության զուտ ակտիվների արժեքը պակաս է օրենքով սահմանված կանոնադրական կապիտալի նվազագույն չափից, ապա Ընկերությունը պարտավոր է ընդունել որոշում լուծարման մասին:
4. Եթե սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված դեպքերում կանոնադրական կապիտալի նվազեցման կամ Ընկերության լուծարման մասին որոշումը չի ընդունվել, ապա Ընկերության բաժնետերերը, պարտատերերը, ինչպես նաև լիազորված մարմիններն իրավունք ունեն պահանջել Ընկերության լուծարում` դատական կարգով:
(43-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-154-Ն)
(հոդվածը 26.05.21 ՀՕ-236-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 10.07.21 թվականին)
(26.05.21 ՀՕ-236-Ն օրենքն ունի անցումային դրույթ)