Հոդված 56.2. Ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջը
Հոդված 56.2. Ընկերության բաժնետոմսերի պարտադիր գնման պահանջը
(հոդվածը 26.05.21 ՀՕ-236-Ն օրենքի լրացմամբ ուժի մեջ կմտնի 10.07.21 թվականին)
(26.05.21 ՀՕ-236-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ՀՈԴՎԱԾ 57. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՈՒՄԸ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ՊԱՀԱՆՋՈՎ
1. Ձայնի իրավունք տվող բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն Ընկերությունից պահանջել բաժնետոմսերի հետգնման գնի որոշում և իրենց պատկանող բաժնետոմսերի կամ դրանց մի մասի հետգնումը, եթե`
ա) որոշում է ընդունվել Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ խոշոր գործարք կնքելու մասին` սույն օրենքի 61-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն, և նշված բաժնետերերը քվեարկել են Ընկերության վերակազմակերպման, նախապատվության իրավունքի կասեցման կամ նշված խոշոր գործարք կնքելու դեմ, կամ այդ հարցերով քվեարկությանը չեն մասնակցել.
բ) կանոնադրության մեջ լրացումներ կամ փոփոխություններ են կատարվել, կամ հաստատվել է կանոնադրությունը նոր խմբագրությամբ, որի հետևանքով սահմանափակվել են նշված բաժնետերերի իրավունքները, և նրանք դեմ են քվեարկել կամ քվեարկությանը չեն մասնակցել:
2. Ընկերությունից իրենց պատկանող բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմվում է Ընկերության բաժնետերերի ռեեստրի տվյալների հիման վրա, այն ժողովին մասնակցելու իրավունք ունեցող բաժնետերերի ցուցակը կազմելու օրվա դրությամբ, որի օրակարգը պարունակում է հարցեր, որոնց ընդունումը կարող է հանգեցնել բաժնետերերի իրավունքների` սույն հոդվածի 1-ին կետում նշված սահմանափակմանը:
3. Ընկերության կողմից բաժնետոմսերի հետգնումը կատարվում է դրանց շուկայական արժեքով, որը որոշվում է առանց բաժնետոմսի գնահատման և հետգնման պահանջի իրավունք տվող Ընկերության գործողությունների հետևանքով առաջացող փոփոխությունները հաշվի առնելու:
(հոդվածը 26.05.21 ՀՕ-236-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 10.07.21 թվականին)
(26.05.21 ՀՕ-236-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ՀՈԴՎԱԾ 58. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՀԵՏԳՆՄԱՆ ՊԱՀԱՆՋԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Ընկերությունը պարտավոր է տեղեկացնել բաժնետերերին` նրանց պատկանող բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի և իրականացման կարգի մասին:
2. Ժողովի մասին ծանուցումը, որի օրակարգում ընդգրկված են հարցեր, որոնց վերաբերյալ քվեարկությունը կարող է սույն օրենքով սահմանված կարգով հանգեցնել բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի առաջացմանը, պետք է պարունակի սույն հոդվածի 1-ին կետում նշված տեղեկությունները: Ծանուցումը պետք է պարունակի նաև տեղեկություններ բաժնետոմսերի հետգնման գնի մասին, եթե վերջինս սահմանված կարգով մինչ այդ որոշված է:
Նշված որոշումների ընդունման պահից` 7-օրյա ժամկետում, Ընկերությունը պարտավոր է ծանուցել հետգնման իրավունք ունեցող բաժնետերերին` նրանց մոտ Ընկերությունից բաժնետոմսերի հետգնման պահանջի իրավունքի առաջացման և հետգնման կարգի մասին:
3. Բաժնետիրոջ` իրեն պատկանող բաժնետոմսերը հետգնելու մասին գրավոր պահանջը, որը պարունակում է տեղեկություններ հետգնման ներկայացված բաժնետոմսերի քանակի և բաժնետիրոջ բնակության (գտնվելու) վայրի մասին, ներկայացվում է Ընկերությանը` ժողովի կողմից համապատասխան որոշումների ընդունման պահից ոչ ուշ, քան 45 օրվա ընթացքում:
4. Սույն հոդվածի 3-րդ կետում սահմանված ժամկետի ավարտից հետո Ընկերությունը պարտավոր է 30 օրվա ընթացքում հետգնել բաժնետոմսերը` հետգնման գրավոր պահանջ ներկայացրած բաժնետերերից:
5. Բաժնետոմսերի հետգնումն իրականացվում է սույն հոդվածի 2-րդ կետի առաջին մասում նշված ծանուցման մեջ սահմանված գնով, իսկ եթե սահմանված չէ նման գին, ապա այն սահմանվում է սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետում նշված որոշումների ընդունման պահի դրությամբ:
Բաժնետոմսերի հետգնմանն ուղղվող միջոցների գումարը չի կարող գերազանցել Ընկերության զուտ ակտիվների արժեքի 10 տոկոսը: Զուտ ակտիվների արժեքը սահմանվում է սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետում նշված որոշումների ընդունման պահի դրությամբ: Եթե բաժնետերերի պահանջով հետգնման ենթակա բաժնետոմսերի գումարային արժեքը գերազանցում է այն գումարը, որն Ընկերությունը կարող է տրամադրել բաժնետոմսերի հետգնման համար, ապա բաժնետոմսերը հետ են գնվում բաժնետերերի ներկայացված պահանջներին համամասնորեն:
6. Եթե բաժնետերը համաձայն չէ հետգնման գնի հետ, ապա նա իրավունք ունի բաժնետոմսերի վերագնահատման պահանջով դիմել դատարան` Ընկերության կողմից բաժնետերերին վճարումը կատարելու սահմանված օրից 3 ամսվա ընթացքում:
7. Սույն օրենքի 57-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով հետգնված բաժնետոմսերն ուղղվում են Ընկերության տնօրինությանը: Նշված բաժնետոմսերը չեն տալիս ձայնի իրավունք, հաշվի չեն առնվում ձայների հաշվարկման ժամանակ, և դրանցով շահութաբաժիններ չեն հաշվարկվում: Դրանք ենթակա են տեղաբաշխման մեկ տարվա ընթացքում: Հակառակ դեպքում ժողովը պարտավոր է որոշում ընդունել նշված արժեթղթերի մարման միջոցով կանոնադրական կապիտալի չափի նվազեցման մասին:
(հոդվածը 26.05.21 ՀՕ-236-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 10.07.21 թվականին)
(26.05.21 ՀՕ-236-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ՀՈԴՎԱԾ 59. ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՇՈՒԿԱՅԱԿԱՆ ԱՐԺԵՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ
1. Գույքի շուկայական արժեք է համարվում, ներառյալ` Ընկերության բաժնետոմսերի և այլ արժեթղթերի արժեքը, այն գինը, որով գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն վաճառելու պարտավորություն չունեցող վաճառողը կհամաձայներ վաճառել այդ գույքը, իսկ գույքի արժեքի մասին բոլոր անհրաժեշտ տեղեկություններ ունեցող և այն ձեռք բերելու պարտավորություն չունեցող գնորդը կհամաձայներ այդ գույքը ձեռք բերել:
2. Գույքի շուկայական արժեքը սահմանվում է խորհրդի որոշմամբ, բացառությամբ`
ա) Ընկերության բնականոն գործունեության հետ կապված այն դեպքերի, երբ գործարքը կնքվում է Ընկերության ծախսերի և եկամուտների նախահաշվի շրջանակներում.
բ) սույն օրենքով սահմանված դեպքերի, երբ շուկայական արժեքը որոշվում է դատարանի, այլ մարմնի կամ անձի կողմից:
Եթե մեկ կամ մի քանի գործարքներում, որոնց համար պահանջվում է սահմանել գույքի շուկայական արժեք, շահագրգիռ անձ է հանդիսանում խորհրդի անդամը, ապա գույքի շուկայական արժեքը սահմանվում է խորհրդի այն անդամների որոշմամբ, որոնք չունեն շահագրգռվածություն նշված գործարքում: Հիսուն և ավելի բաժնետեր (քվեարկող բաժնետոմսերի սեփականատեր) ունեցող Ընկերությունում գույքի շուկայական արժեքը որոշվում է խորհրդի` գործարքի կնքմամբ շահագրգռվածություն չունեցող, անկախ անդամների կողմից:
3. Գույքի շուկայական արժեքի սահմանման համար` անկախ գնահատողի ծառայություններից Ընկերությունը կարող է օգտվել խորհրդի որոշմամբ:
4. Անկախ գնահատողի կողմից գույքի շուկայական արժեքի սահմանումը պարտադիր է սույն օրենքի 58-րդ հոդվածով սահմանված` Ընկերության բաժնետերերին պատկանող բաժնետոմսերի հետգնման, ինչպես նաև 64-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան գործարք կնքելու դեպքերում:
5. Ընկերության բաժնետոմսերի կամ այլ արժեթղթերի շուկայական արժեքի որոշման անհրաժեշտության դեպքում հաշվի են առնվում այդ բաժնետոմսերի ձեռքբերման, ինչպես նաև առաջարկի և պահանջարկի գներին վերաբերող և համապատասխան զանգվածային լրատվության միջոցներում պարբերաբար հրապարակվող տեղեկությունները:
Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի շուկայական արժեքի որոշման դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել Ընկերության զուտ ակտիվների արժեքը, ինչպես նաև այն գինը, որն Ընկերության բոլոր տեղաբաշխված հասարակ (սովորական) արժեթղթերի համար համաձայն է վճարել Ընկերության գույքի մասին լրիվ տեղեկություններ ունեցող գնորդը, ինչպես նաև այլ գործոններ, որոնք Ընկերության գույքի շուկայական արժեքը սահմանող մարմինը (անձը) կհամարի կարևոր:
Սույն կետով որոշվող հասարակ (սովորական) բաժնետոմսերի շուկայական արժեքը չի կարող պակաս լինել այն գնից, որը հաշվարկվել է Ընկերության զուտ ակտիվների արժեքը հիմք ընդունելով:
(59-րդ հոդվածը խմբ., լրաց. 25.05.11 ՀՕ-210-Ն)
(հոդվածը 26.05.21 ՀՕ-236-Ն օրենքի փոփոխությամբ ուժի մեջ կմտնի 10.07.21 թվականին)
(26.05.21 ՀՕ-236-Ն օրենքն ունի անցումային դրույթ)