Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-06-12-ից մինչև 2025-07-04։Բացել գործող տեքստը
Գլուխ III · ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԸ: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԸ ԵՎ ԱՅԼ ԱՐԺԵԹՂԹԵՐԸ: ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԶՈՒՏ ԱԿՏԻՎՆԵՐԸ

Հոդված 35.1. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի՝ Ընկերության բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը

գործել է մինչև 2025-07-04Բացել ARLIS-ում

Հոդված 35.1. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի՝ Ընկերության բաժնետոմսերի թողարկման և տեղաբաշխման կարգը

1. Ընկերությունը կարող է կնքել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 886.2-րդ հոդվածով սահմանված փոխարկելի փոխառության պայմանագիր:

2. Փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու) կնքման մասին որոշումն ընդունում է ժողովը` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի միաձայնությամբ։

3. Ընկերության կանոնադրությամբ կարող է սահմանվել, որ փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու) կնքման մասին որոշումն ընդունում է ժողովը` Ընկերության քվեարկող բաժնետոմսերի բոլոր սեփականատերերի ձայների առնվազն 3/4-ով:

4. Եթե ժողովը սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով կայացրել է փոխարկելի փոխառության պայմանագիր կնքելու մասին որոշում, ապա այդ որոշմանը դեմ քվեարկած բաժնետերն ունի սույն օրենքի 47-րդ հոդվածով սահմանված նախապատվության իրավունքը։ Ընդ որում, նախապատվության իրավունքի կիրառման դեպքում Ընկերությունը հատուցում է միայն փոխատուի վնասները՝ ազատվելով պարտավորությունը բնեղենով կատարելուց։

5. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ փոխատուն պայմանագրով սահմանված ժամկետում Ընկերության գործադիր մարմին է ներկայացնում փոխարկման գրավոր պահանջ: Եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելով, ապա փոխարկման գրավոր պահանջը պետք է պարունակի այդ պայմանները վրա հասնելու հիմնավորումը։ Փոխարկելի փոխառության պայմանագրով կարող է սահմանվել, որ սույն մասում նշված պահանջը համարվում է ներկայացված պայմանագրով սահմանված պայմանները վրա հասնելու դեպքում:

6. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջն Ընկերության գործադիր մարմնի կողմից ստացվելուց (պայմանագրով սահմանված դեպքում` ստացված համարվելուց), իսկ եթե փոխարկելի փոխառության պայմանագրով նախատեսված է, որ փոխարկումը պայմանավորված է պայմանագրով սահմանված պայմանների վրա հասնելով, ապա այդ պայմանները վրա հասնելուց և սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պահանջն Ընկերության գործադիր մարմնի կողմից ստացվելուց (պայմանագրով սահմանված դեպքում` ստացված համարվելուց) հետո՝ 60-օրյա ժամկետում, Ընկերությունը պարտավոր է փոխարկելի փոխառության պայմանագրի համաձայն սահմանված տեսակի, դասի և քանակի բաժնետոմսերը թողարկել և տեղաբաշխել փոխատուի օգտին:

7. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ բաժնետոմսերի թողարկման և փոխատուի օգտին տեղաբաշխման դեպքում Ընկերության այլ բաժնետերերի կամ Ընկերության կողմից բաժնետոմսերը ձեռք բերելու նախապատվության իրավունքը չի կիրառվում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի։

8. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ բաժնետոմսերը թողարկվում են Ընկերության կանոնադրությամբ սահմանված` հայտարարված բաժնետոմսերի քանակի և անվանական արժեքի սահմաններում (եթե այդպիսիք սահմանված են):

9. Ի կատարումն փոխարկելի փոխառության պայմանագրի (որով Ընկերությունը հանդիսանում է փոխառու)՝ թողարկված բաժնետոմսերը համարվում են վճարված դրանց տեղաբաշխման պահին:

(35.1-ին հոդվածը լրաց. 12.05.25 ՀՕ-116-Ն)

(12.05.25 ՀՕ-116-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 36. ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՊԻՏԱԼԻ ՆՎԱԶԵՑՈՒՄԸ

1. Կանոնադրական կապիտալի նվազեցումը կարող է կատարվել`

ա) բաժնետոմսերի անվանական արժեքի փոքրացմամբ.

բ) բաժնետոմսերի ընդհանուր քանակի պակասեցմամբ, այդ թվում` սույն օրենքով նախատեսված դեպքերում, դրանց մի մասի ձեռքբերմամբ և մարմամբ:

Կանոնադրական կապիտալի նվազեցումը բաժնետոմսերի ձեռքբերման և մարման միջոցով թույլատրվում է, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ:

Կանոնադրական կապիտալի նվազեցման նպատակով Ընկերության կողմից բաժնետոմսեր կարող են ձեռք բերվել միայն բաժնետոմսերի սեփականատերերի համաձայնությամբ: Ընդ որում, այդ նպատակով Ընկերությանն առաջարկված բաժնետոմսերի ձեռքբերումն Ընկերության պարտականությունն է: Եթե ձեռքբերման առաջարկված բաժնետոմսերի քանակը գերազանցում է համապատասխան որոշմամբ սահմանված քանակը, ապա բաժնետերերից բաժնետոմսերը գնվում են նրանց առաջարկներին համամասնորեն:

2. Ընկերությունն իրավունք չունի նվազեցնել կանոնադրական կապիտալը, եթե դրա հետևանքով կանոնադրական կապիտալի չափը ավելի կփոքրանա օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն չափից: Ընկերության կողմից կանոնադրական կապիտալը օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն չափից նվազեցնելը հիմք է Ընկերության լուծարման:

3. Կանոնադրական կապիտալի նվազեցման և կանոնադրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշումն ընդունվում է ժողովի կողմից` դրան մասնակցող քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 3/4-ով, սակայն ոչ պակաս քվեարկող բաժնետոմսերի սեփականատերերի ձայների 2/3-ից, եթե Ընկերության կանոնադրությամբ ձայների առավել մեծ քանակ սահմանված չէ:

4. Կանոնադրական կապիտալի նվազեցման մասին որոշում ընդունելուց հետո 30-օրյա ժամկետում Ընկերությունը գրավոր ծանուցում է այդ մասին իր պարտատերերին: Պարտատերերն իրավունք ունեն ծանուցումն ստանալուց հետո` 30 օրվա ընթացքում, Ընկերությունից պահանջել պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:

5. Կանոնադրական կապիտալի նվազեցման հետ կապված կանոնադրության փոփոխությունների գրանցումը կատարվում է այդ փոփոխությունների մասին որոշումն ընդունելուց 60 օրը լրանալուց հետո և սույն հոդվածի 4-րդ կետին համապատասխան` պարտատերերի բոլոր առաջացած պահանջների բավարարման դեպքում:

Կանոնադրական կապիտալի նվազեցման կապակցությամբ բաժնետերերին վճարումները, բացառությամբ ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից պակասելու հիմքով կանոնադրական կապիտալի նվազեցման դեպքի, կատարվում են կանոնադրության պետական գրանցումից հետո:

6. Ընկերության զուտ ակտիվների արժեքն ընկերության կանոնադրական կապիտալի չափից նվազելու հիմքով ընկերության կանոնադրական կապիտալի նվազեցումը կատարվում է բոլոր բաժնետոմսերի անվանական արժեքի համամասնորեն պակասեցման ձևով` առանց բաժնետերերին որևէ հատուցման:

(36-րդ հոդվածը լրաց. 08.06.04 ՀՕ-95-Ն, 22.12.10 ՀՕ-273-Ն, լրաց., փոփ. 26.05.21 ՀՕ-236-Ն)

(26.05.21 ՀՕ-236-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

&#9878ՀՈԴՎԱԾ 37. ՀԱՍԱՐԱԿ (ՍՈՎՈՐԱԿԱՆ) ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ընկերության որոշակի դասի յուրաքանչյուր հասարակ (սովորական) բաժնետոմս տալիս է իր սեփականատեր հանդիսացող բաժնետիրոջը միևնույն իրավունքներ:

Հասարակ (սովորական) բաժնետոմսի սեփականատերը սույն օրենքի և կանոնադրության համաձայն իրավունք ունի`

ա) մասնակցելու ժողովին՝ վերջինիս իրավասությանը պատկանող բոլոր հարցերի նկատմամբ ձայնի իրավունքով, բացառությամբ սույն օրենքի 64-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.

բ) մասնակցել Ընկերության կառավարմանը.

գ) ստանալ շահութաբաժիններ` Ընկերության գործունեությունից առաջացած շահույթից.

դ) առաջնահերթ կարգով ձեռք բերել Ընկերության կողմից տեղաբաշխվող բաժնետոմսերը, եթե սույն օրենքով և կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ.

ե) ստանալ Ընկերության գործունեության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն` գաղտնի փաստաթղթերից բացի, այդ թվում` կանոնադրությամբ սահմանված կարգով ծանոթանալ հաշվապահական հաշվեկշիռներին, հաշվետվություններին, Ընկերության արտադրատնտեսական գործունեությանը.

զ) ժողովներում իր իրավունքները ներկայացնելու համար լիազորել երրորդ անձի.

է) հանդես գալ առաջարկություններով ժողովներում.

ը) ժողովներում քվեարկել իրեն պատկանող բաժնետոմսերի ձայների չափով.

թ) դիմել դատարան` ժողովի կողմից ընդունված և գործող օրենքներին ու այլ իրավական ակտերին հակասող որոշումների բողոքարկման նպատակով.

ժ) Ընկերության լուծարման դեպքում ստանալ Ընկերության գույքի իր հասանելիք մասը.

ժա) ունենալ կանոնադրությամբ նախատեսված այլ իրավունքներ:

2. Համապատասխան դասի հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատիրոջը չի կարող տրամադրվել նրան պատկանող տվյալ դասի հասարակ (սովորական) բաժնետոմսերի քանակից չբխող լրացուցիչ ձայնի իրավունք:

Հասարակ (սովորական) բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինների վճարումներն Ընկերության կողմից չեն երաշխավորվում:

3. Հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերը պարտավոր են չհրապարակել Ընկերության գործունեության վերաբերյալ գաղտնիք ներկայացնող տեղեկությունները: Գաղտնիք ներկայացնող տեղեկությունների ցանկը սահմանում է խորհուրդը, եթե այդ իրավասությունը կանոնադրությամբ վերապահված չէ Ընկերության ժողովին կամ գործադիր մարմնին:

Բաժնետերերը կարող են կրել կանոնադրությամբ նախատեսված և օրենքին ու այլ իրավական ակտերին չհակասող այլ պարտավորություններ: Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերը կարող են չկատարել կանոնադրությամբ սահմանված լրացուցիչ պարտականությունները, եթե նա դեմ է քվեարկել կամ չի մասնակցել տվյալ հարցով քվեարկությանը:

(37-րդ հոդվածը լրաց., խմբ. 26.05.21 ՀՕ-236-Ն, խմբ. 16.12.21 ՀՕ-412-Ն)

(26.05.21 ՀՕ-236-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ՀՈԴՎԱԾ 38. ԱՐՏՈՆՅԱԼ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ և ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1. Ընկերությունն իրավունք ունի տեղաբաշխել հաստատագրված կամ փոփոխական շահութաբաժնով, կուտակման, փոխարկելի և այլ արտոնյալ բաժնետոմսեր, եթե դա նախատեսված է կանոնադրությամբ:

Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը չունեն ձայնի իրավունք ժողովում, եթե արտոնյալ բաժնետոմսերի որոշակի դասերի համար սույն օրենքով և կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Ընկերության որոշակի դասի արտոնյալ բաժնետոմսերն իրենց սեփականատեր բաժնետերերին տրամադրում են միևնույն իրավունքները:

Սույն կետի երկրորդ մասով նախատեսված` ձայնի իրավունք ունենալու դեպքերում քվեարկությունների ժամանակ արտոնյալ բաժնետոմսն իր սեփականատեր բաժնետիրոջը տալիս է մեկ ձայնի իրավունք, եթե այլ բան նախատեսված չէ կանոնադրությամբ:

2. Կանոնադրությամբ պետք է սահմանվի Ընկերության կողմից տեղաբաշխվող և հայտարարված յուրաքանչյուր դասի արտոնյալ բաժնետոմսի դիմաց վճարվող շահութաբաժինը և լուծարային արժեքը (որը վճարվում է Ընկերության լուծարման ժամանակ): Արտոնյալ բաժնետոմսի դիմաց վճարվող շահութաբաժնի չափը և լուծարային արժեքը սահմանվում են դրամական տեսքով կամ որպես տոկոսադրույք` այդ բաժնետոմսի անվանական արժեքի նկատմամբ: Արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահութաբաժնի չափը և լուծարային արժեքը համարվում են սահմանված նաև այն դեպքում, եթե կանոնադրությամբ նախատեսված է դրանց որոշման կարգը:

Եթե Կանոնադրությամբ չի նախատեսված արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահութաբաժնի չափը, ապա դրանց սեփականատերերը հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերի հետ, իսկ հասարակ (սովորական) բաժնետոմսերի դասերի առկայության դեպքում ամենաբարձր չափով շահութաբաժիններ ստանալու իրավունք վերապահող բաժնետոմսերի դասի սեփականատերերի հետ շահութաբաժիններ ստանալու հավասար իրավունք ունեն:

Եթե կանոնադրությամբ նախատեսված են արտոնյալ բաժնետոմսերի երկու կամ ավելի դասեր, ապա կանոնադրությամբ պետք է սահմանվի նաև շահութաբաժինների և լուծարային արժեքի վճարման հերթականությունը` յուրաքանչյուր դասի արտոնյալ բաժնետոմսի համար: Կանոնադրությամբ կարող է սահմանվել, որ որոշակի դասի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց լրիվ կամ մասնակի չվճարված շահութաբաժինը, որի մեծությունը սահմանված է կանոնադրությամբ, կուտակվում և վճարվում է հետագայում (կումուլյատիվ արտոնյալ բաժնետոմսեր): Կանոնադրությամբ կարող են սահմանվել նաև որոշակի դասերի արտոնյալ բաժնետոմսերի, Ընկերության հասարակ (սովորական) բաժնետոմսերի կամ այլ դասերի արտոնյալ բաժնետոմսերի փոխարկման հնարավորությունները և պայմանները:

3. Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը ժողովում ունեն ձայնի իրավունք, եթե քննարկվում են Ընկերության վերակազմակերպման կամ լուծարման հարցեր:

Որոշակի դասի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը ժողովում ձեռք են բերում ձայնի իրավունք, եթե քննարկվում են կանոնադրության փոփոխման կամ լրացման հետ կապված այն որոշումները, որոնք սահմանափակում են այդ դասերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի իրավունքները, ներառյալ` այլ դասերի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց վճարվող շահութաբաժինների և (կամ) լուծարային արժեքի սահմանումը կամ ավելացումը, ինչպես նաև այլ դասի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերին շահութաբաժինների և (կամ) լուծարային արժեքի վճարման հերթականության արտոնությունների տրամադրումը:

4. Առանձին դասերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը, որոնց հասանելիք շահութաբաժնի չափը սահմանված է կանոնադրությամբ, բացառությամբ կումուլյատիվ արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի, իրավունք ունեն ձայնի իրավունքով մասնակցել այն ժողովում բոլոր հարցերի քննարկմանը, որը հետևում է տարեկան այն ժողովին, որում չի ընդունվել որոշում` այդ դասի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց շահութաբաժինները վճարելու մասին, կամ ընդունվել է որոշում` դրանք չվճարելու կամ ոչ լրիվ վճարելու մասին: Այդ իրավունքը դադարում է տվյալ դասի արտոնյալ բաժնետոմսերի դիմաց լրիվ ծավալով շահութաբաժինների առաջին վճարումից հետո:

Առանձին դասերի արտոնյալ կումուլյատիվ բաժնետոմսերի սեփականատերերն իրավունք ունեն ձայնի իրավունքով մասնակցել այն ժողովում բոլոր հարցերի քննարկմանը, որը հետևում է տարեկան այն ժողովին, որում չի ընդունվել որոշում` այդ դասի արտոնյալ կումուլյատիվ բաժնետոմսերի դիմաց բոլոր կուտակված շահութաբաժինները վճարելու մասին, կամ ընդունվել է որոշում` դրանք չվճարելու կամ ոչ լրիվ ծավալով վճարելու մասին: Այդ իրավունքը դադարում է տվյալ դասի արտոնյալ կումուլյատիվ բաժնետոմսերի դիմաց լրիվ ծավալով բոլոր կուտակված շահութաբաժինների վճարումից հետո:

5. Կանոնադրությամբ առանձին դասերի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի համար կարող է նախատեսվել ձայնի իրավունք, եթե կանոնադրությամբ նախատեսված է նաև տվյալ դասի արտոնյալ բաժնետոմսերի փոխարկման հնարավորությունը հասարակ (սովորական) բաժնետոմսերի: Ընդ որում, նման արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերը պետք է ունենա ձայների այնպիսի քանակ, որը չպետք է գերազանցի ձայների այն քանակը, որը նա կունենար արտոնյալ բաժնետոմսերը հասարակ (սովորական) բաժնետոմսերի փոխարկման դեպքում:

5.1. Բաժնետերերի ընդհանուր ժողովում արտոնյալ բաժնետոմսերի դասերով նախատեսված իրավունքների սահմանափակմանը վերաբերող հարցերի քննարկմանը կարող են մասնակցել այդ բաժնետոմսերի սեփականատերերը կամ անվանատերերը։ Ընդ որում, իրավունքների սահմանափակման վերաբերյալ որոշումը կարող է ընդունվել միայն այն պարագայում, երբ այդ որոշմանը կողմ են քվեարկել համապատասխան դասի արտոնյալ բաժնետոմսերի առնվազն 3/4-ի սեփականատերերը կամ անվանատերերը, եթե Ընկերության կանոնադրությամբ սեփականատերերի կամ անվանատերերի առավել մեծ թիվ սահմանված չէ։

Սույն մասի իմաստով իրավունքների սահմանափակում են համարվում արտոնյալ բաժնետոմսերի շահաբաժինների (շահութաբաժինների) նվազեցումը, հաշվարկման և (կամ) վճարման կարգի փոփոխությունները:

6. Արտոնյալ բաժնետոմսերը հասարակ (սովորական) բաժնետոմսերով փոխարկելիս Ընկերությունը պետք է մարի արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերի նկատմամբ բոլոր պարտքերը կամ նրանց համաձայնությամբ պարտավորվի վճարել պարտքերն այլ ձևով:

7. Երեք հաջորդական տարիների ընթացքում արտոնյալ բաժնետոմսերին հասանելիք շահութաբաժնի չվճարելը կարող է հիմք հանդիսանալ Ընկերությունը դատական կարգով լուծարելու համար:

8. Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերն օգտվում են սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետի «ա», «գ», «դ», «է» և «ը» ենթակետերով սահմանված իրավունքներից` սույն հոդվածի դրույթներին համապատասխան, իսկ «բ», «ե», «զ», «թ» և «ժ» ենթակետերով սահմանված իրավունքներից` հասարակ (սովորական) բաժնետոմսերի սեփականատերերի հետ հավասար իրավունքներով:

9. Արտոնյալ բաժնետոմսերի սեփականատերերը կրում են սույն օրենքի 37-րդ հոդվածի 3-րդ կետով սահմանված պարտականությունները:

(38-րդ հոդվածը փոփ., լրաց. 19.04.19 ՀՕ-18-Ն, լրաց. 26.05.21 ՀՕ-236-Ն)

(26.05.21 ՀՕ-236-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։