Հոդված 56.1. Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջը
Հոդված 56.1. Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջը
1. Ընկերության քվեարկող բաժնետոմսերի և միաժամանակ դրանցով տրամադրվող ձայների առնվազն 95 տոկոսին ուղղակիորեն միանձնյա տիրապետող բաժնետիրոջ (այսուհետ սույն հոդվածում՝ պահանջ ներկայացնող բաժնետեր) պահանջով (Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջ) հրավիրվում է արտահերթ ժողով, որը որոշում է ընդունում Ընկերության մյուս բաժնետերերին պատկանող քվեարկող բաժնետոմսերը (բացառությամբ Հայաստանի Հանրապետությանը կամ համայնքներին պատկանող բաժնետոմսերի) հետգնելու և պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու վերաբերյալ:
2. Ընկերության բաժնետոմսերի պարտադիր վաճառքի պահանջը պետք է առնվազն պարունակի հետևյալ տեղեկությունները.
1) հիմնավորում պահանջ ներկայացնող բաժնետիրոջ՝ սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պայմաններին համապատասխանության վերաբերյալ.
2) պահանջ ներկայացնող բաժնետիրոջ անունը (անվանումը), հաշվառման (գտնվելու) վայրի հասցեն, ծանուցման հասցեն, եթե այն տարբերվում է հաշվառման (գտնվելու) վայրի հասցեից, պահանջ ներկայացնող ֆիզիկական անձի դեպքում՝ անձը հաստատող փաստաթղթի տվյալները.
3) բաժնետոմսերը պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու դիմաց առաջարկվող գինը, որը չի կարող պակաս լինել անկախ գնահատողի կողմից սահմանված բաժնետոմսերի շուկայական արժեքից.
4) պահանջ ներկայացնող բաժնետիրոջ ընտրած (նշանակած) անկախ գնահատողի անունը, հաստատության անվանումը, որում վերջինս աշխատում է (առկայության դեպքում).
5) բաժնետոմսերը պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու դիմաց առաջարկվող գումարը հատուկ բանկային հաշվին դեպոնացնելու մասին տեղեկություններ: Որպես դեպոնացված գումարի հասցեատեր պետք է նշվեն այն բաժնետերերը, որոնց բաժնետոմսերը ենթակա են հետգնման:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված տեղեկությունները ժողովի մասին ծանուցմամբ ներկայացվում են բաժնետերերին:
4. Բաժնետերերը, որոնց բաժնետոմսերի վերաբերյալ կայացվել է բաժնետոմսերը հետգնելու և պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու մասին որոշում, իրավունք ունեն ժողովի որոշումը կայացվելուց հետո՝ երկու ամսվա ընթացքում, դիմելու դատարան՝ վիճարկելով բաժնետոմսերի տրամադրման դիմաց առաջարկվող գինը:
5. Սույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով նախատեսված գումարը դեպոնացված լինելու դեպքում բաժնետոմսերը հետգնելու և պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու վերաբերյալ ժողովի որոշումը հիմք է այդ բաժնետոմսերի վերաբերյալ Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառումներ կատարելու համար՝ անկախ ժողովի որոշումը վիճարկելու հանգամանքից:
6. Բաժնետոմսերը հետգնելու և պահանջ ներկայացնող բաժնետիրոջը տրամադրելու վերաբերյալ ժողովի որոշումը կայացվելու պահից բաժնետերերը իրավունք ունեն ստանալու պահանջ ներկայացնող բաժնետիրոջ կողմից դեպոնացված գումարը:
(56.1-ին հոդվածը լրաց. 26.05.21 ՀՕ-236-Ն)
(26.05.21 ՀՕ-236-Ն օրենքն ունի անցումային դրույթ)