Հոդված 5. Նախադպրոցական կրթության նպատակները, խնդիրները
Հոդված 5. Նախադպրոցական կրթության նպատակները, խնդիրները
1. Նախադպրոցական կրթությունը նպատակաուղղված է յուրաքանչյուր երեխայի՝
1) մտավոր, ֆիզիկական, հոգեկան և սոցիալ-անձնային զարգացմանը.
2) ինքնասպասարկմանը, սոցիալականացմանը, կյանքի հմտությունների ձևավորմանն ու զարգացմանը.
3) աշխարհաճանաչման ինքնուրույնության և ինքնաճանաչման փորձի ձեռքբերմանը.
4) երեխայի իրավունքների պաշտպանությանը, նրա արժանապատվության նկատմամբ հարգանքին:
2. Նախադպրոցական կրթության խնդիրներն են՝
1) նախադպրոցական կրթության հանրային նշանակության բարձրացումն ու որակի բարելավումը կրթական ծրագրերի բովանդակության վերանայման և ժամանակակից կրթական նորարարությունների ներդրման, միջազգային չափանիշներին համապատասխանեցման միջոցով.
2) որակյալ նախադպրոցական կրթություն տրամադրելու հավասար հնարավորությունների, ներառականության և մատչելիության ապահովումը խելամիտ հարմարեցումների միջոցով.
3) նախադպրոցական կրթության զարգացմանն աջակցելը միասնական պետական քաղաքականության, համաֆինանսավորման միջոցով.
4) երեխայի կյանքի, առողջության պահպանմանը և ամրապնդմանը, ներդաշնակ ու համակողմանի զարգացմանը, ուսուցմանն ու դաստիարակությանը նպաստելը.
5) նախադպրոցական կրթական ծառայությունների որակի շարունակական բարելավումը նախադպրոցական կրթական ծրագիր իրականացնող մանկավարժական աշխատողների շարունակական կատարելագործման և մասնագիտական զարգացման միջոցով.
6) նախադպրոցական կրթությունից հանրակրթության սահուն անցման ապահովումը: