Անցնել բովանդակությանը
Գլուխ 6 · ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 29. Հանրակրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. Հանրակրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասությունները

1. Հայաստանի Հանրապետության կառավարության իրավասություններն են`

1) հանրակրթության բնագավառում իրականացնում է պետական քաղաքականությունը.

2) հաստատում է հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման և հաստատման կարգը.

3) հաստատում է հանրակրթության պետական չափորոշիչը.

3.1) սահմանում է այլընտրանքային (հեղինակային, փորձարարական և միջազգային) կրթական ծրագրերի փորձաքննության անցկացման, ճանաչման և հաստատման կարգը.

4) հիմնադրում, վերակազմակերպում է ուսումնական հաստատությունները.

4.1) հաստատում է ուսումնական հաստատությունների ցանկերը.

5) հաստատում է պետական ուսումնական հաստատությունների օրինակելի կանոնադրությունները.

6) հաստատում է պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի մրցույթի հայտարարման, անցկացման, մասնագիտական հանձնաժողովի ձևավորման, գործունեության, տնօրենի նշանակման և բողոքարկման, փորձաշրջանի սահմանման կարգը.

6.1) հաստատում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի պատվիրակման կարգը.

6.2) հաստատում է պետական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման կարգը.

7) հաստատում է այն հիվանդությունների ցանկը, որոնց առկայությունը խոչընդոտում է մանկավարժական կամ վարչական գործունեության կատարմանը.

8) սահմանում է պետական ուսումնական հաստատության դասարանների կազմավորման կարգը.

9) հաստատում է հիմնական և միջնակարգ կրթության ավարտական փաստաթղթերի ձևերը.

10) սահմանում է ուսումնական հաստատության և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը.

11) սահմանում է ուսումնական հաստատության աշխատողների աշխատանքի և հանգստի ռեժիմի առանձնահատկությունները.

12) հաստատում է ուսումնական հաստատության ուսուցչի հերթական ատեստավորման կարգը.

12.1) սահմանում է հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման կարգը.

12.2) սահմանում է ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը.

12.3) սահմանում է ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգը.

12.4) հաստատում է կամավոր ատեստավորման արդյունքով ուսուցչի դրույքաչափի և դրան հատկացվող հավելավճարի տրամադրման, կամավոր ատեստավորման հանձնաժողովի ձևավորման կարգը.

12.5) հաստատում է մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների և մանկավարժական աշխատողների կամավոր ատեստավորման կարգը և կամավոր ատեստավորման արդյունքով մանկավարժահոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետներին և մանկավարժական աշխատողներին հավելավճարի տրամադրման կարգը.

13) սահմանում է ուսուցիչների ատեստավորման տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը.

14) սահմանում է տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգը.

15) հաստատում է ուսումնական հաստատության գործունեության ներքին և արտաքին գնահատման չափանիշներն ու իրականացման կարգը.

16) սահմանում է ուսումնական հաստատությունների` պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման կարգը, պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման սկզբունքները և մեթոդաբանությունը.

16.1) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը.

17) սահմանում է պետական բյուջեի միջոցներից ֆինանսավորման ենթակա ոչ պետական ուսումնական հաստատությանը ներկայացվող պահանջները և չափանիշները.

17.1) հաստատում է ոչ պետական ուսումնական հաստատության և մասնավոր հատվածի հետ համատեղ ծրագրերը.

18) սահմանում է ուսումնական հաստատությունների լրացուցիչ ֆինանսավորման մրցույթի կարգը.

18.1) սահմանում է պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկում գտնվող երեխաների բացահայտման և ուղղորդման կարգը.

18.2) սահմանում է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը.

19) իրականացնում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված այլ լիազորություններ:

(29-րդ հոդվածը փոփ. 10.12.09 ՀՕ-228-Ն, խմբ., լրաց. 06.03.20 ՀՕ-101-Ն, 09.02.22 ՀՕ-35-Ն, խմբ. 17.01.23 ՀՕ-3-Ն, փոփ., լրաց. 26.06.23 ՀՕ-244-Ն, լրաց. 25.10.23 ՀՕ-324-Ն, 11.07.24 ՀՕ-303-Ն, լրաց., խմբ. 24.10.24 ՀՕ-387-Ն, խմբ. 24.10.25 ՀՕ-356-Ն, լրաց. 06.05.26 ՀՕ-194-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(26.06.23 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

(24.10.25 ՀՕ-356-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։