Հոդված 10. Պետական ուսումնական հաստատության կառավարումը
Հոդված 10. Պետական ուսումնական հաստատության կառավարումը
(վերնագիրը խմբ. 09.02.22 ՀՕ-35-Ն)
1. Պետական ուսումնական հաստատության կառավարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և պետական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:
2. Պետական ուսումնական հաստատությունն ունի կոլեգիալ կառավարման մարմին` խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ): Օրենսդրությամբ սահմանված կարգով մի քանի հաստատության համար կարող է ձևավորվել նաև միասնական խորհուրդ։
3. Պետական ուսումնական հաստատության ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է ուսումնական հաստատության գործադիր մարմինը` տնօրենը և վարչատնտեսական մասի համակարգողը (այսուհետ՝ համակարգող), որոնք նշանակվում, ազատվում, և նրանց լիազորությունները դադարում են օրենսդրությամբ սահմանված կարգով և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված դեպքերում:
4. Պետական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի կառավարումն իրականացնում է ուսումնական հաստատության համակարգողը կամ լիազոր մարմնի պատվիրակած իրավաբանական անձը՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
5. Պետական ուսումնական հաստատությունում ուսումնադաստիարակչական գործընթացի համակարգումն ու մեթոդական ղեկավարումն իրականացնում է տնօրենը:
6. Պետական ուսումնական հաստատության կառավարման մարմինների լիազորությունները սահմանվում են օրենքով, այլ իրավական ակտերով և պետական ուսումնական հաստատության կանոնադրությամբ:
7. Պետական ուսումնական հաստատության կրթական գործունեության արդյունավետ կազմակերպման նպատակով ձևավորվում են խորհրդակցական մարմիններ` մանկավարժական, ծնողական, աշակերտական խորհուրդներ, առարկայական մեթոդական միավորումներ, որոնց ձևավորման կարգը և իրավասությունները սահմանվում են ուսումնական հաստատության կանոնադրությամբ: Մանկավարժական, ծնողական և աշակերտական խորհուրդները Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգով կարող են ներգրավվել տվյալ պետական ուսումնական հաստատության տնօրենի նշանակման գործընթացում: Պետական ուսումնական հաստատության կանոնադրությամբ կարող են նախատեսվել նաև այլ խորհրդակցական մարմիններ` հոգաբարձուների և այլ խորհուրդներ:
8. Պետական ուսումնական հաստատության կառավարմանը մասնակցում են ուսումնական հաստատության աշակերտական խորհրդի անդամները` խորհրդակցական ձայնի իրավունքով:
(10-րդ հոդվածը լրաց. 06.03.20 ՀՕ-101-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-35-Ն)
(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)