Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2023-02-16։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2023-02-16-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 6 · ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 30. Հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները

գործել է մինչև 2023-02-16ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 30. Հանրակրթության բնագավառում կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասությունները

1. Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի իրավասություններն են`

1) մշակում և հաստատում է հանրակրթական պետական ծրագրերը, հաստատում է հանրակրթական այլընտրանքային, այդ թվում՝ փորձարարական, հեղինակային և միջազգային հիմնական ծրագրեր.

2) սահմանում է մասնագիտացված հանրակրթական, արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և այլընտրանքային կրթական ծրագրերի իրականացման ժամկետները.

3) տալիս է հանրակրթական ծրագրերի իրականացման լիցենզիաներ.

4) օրենքով սահմանված կարգով համաձայնություն է տալիս այլ տեսակի ոչ պետական ուսումնական հաստատության ստեղծմանը.

5) համարվում է պետական ավագ դպրոցների, ինչպես նաև տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների պետական կառավարման լիազորված մարմինը.

6) սահմանում է պետական ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի ձևավորման կարգը, բացառությամբ կրթահամալիրի, որի խորհրդի ձևավորման կարգը սահմանվում է կրթահամալիրի կանոնադրությամբ.

6.1) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է ուսումնական հաստատության տնօրենին և համակարգողին: Իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատությունների նշանակված տնօրենի և համակարգողի հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` հինգ տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցնում է տնօրենի և համակարգողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.

7) փորձագիտական եզրակացություն է տալիս պետական ուսումնական հաստատության տնօրենի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ.

8) հաստատում է երաշխավորված դասագրքերի ցանկը.

9) (կետն ուժը կորցրել է 01.12.14 ՀՕ-200-Ն)

10) սահմանում է պետական ուսումնական հաստատություններում արձակուրդների ժամկետները և տևողությունը.

11) սահմանում է պետական ավարտական քննությունների ժամանակացույցը և աշխատակարգը.

12) հաստատում է պետական ուսումնական հաստատության և ծնողի միջև կնքվող պայմանագրերի օրինակելի ձևերը.

13) սահմանում է դպրոցական տարիքի երեխաներին հանրակրթության մեջ ընդգրկելու կարգը.

14) սահմանում է սահմանված ժամկետից ուշ հանրակրթության մեջ ընդգրկվող երեխաների կրթության կազմակերպման կարգը.

15) մշակում և հաստատում է ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողի փոխադրման և ավարտման կարգը.

16) կազմակերպում է ամփոփիչ ատեստավորում և որոշում ուսումնական հաստատության շրջանավարտների համապատասխանությունը հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին.

17) հաստատում է ուսումնական հաստատությունից սովորողին այլ ուսումնական հաստատություն տեղափոխելու և ազատելու կարգը.

18) սահմանում է բազմահամակազմ դասարան կազմավորելու, առանձին առարկաների դասաժամերին դասարանը խմբերի բաժանելու կարգերը.

19) հաստատում է սովորողների անհատական ուսուցման, ինչպես նաև դրսեկության ձևով հանրակրթության կազմակերպման կարգերը.

20) ապահովում է առարկայական ծրագրերի, դասագրքերի և ուսումնական ձեռնարկների, դասամատյանների ձևերի մշակումը, փորձաքննությունը և հրատարակումը.

21) մշակում և հաստատում է ուսումնական հաստատության ուսուցչի թափուր տեղի համար մրցույթի օրինակելի կարգը.

22) սահմանում է մանկավարժական աշխատողների և տնօրենի վերապատրաստման բովանդակությանը ներկայացվող պահանջները, համաձայնություն է տալիս ուսուցիչների վերապատրաստման ծրագրերին.

23) իրականացնում է ուսումնական հաստատությունների գործունեության գնահատում, հրապարակում է ուսումնական հաստատությունների վարկանիշային ցանկը.

24) մասնակցում է ուսումնական հաստատության արտաքին գնահատմանը.

25) հաստատում է սովորողների հանրապետական և դպրոցական առարկայական օլիմպիադաների, մրցույթների, ռազմամարզական խաղերի, սպարտակիադաների, մանկավարժական աշխատողների մասնագիտական մրցույթների կազմակերպման և անցկացման կարգերն ու կանոնադրությունները.

26) առաջարկում է մրցութային հիմունքներով ուսումնական հաստատությանը հատկացնել լրացուցիչ նպատակային ֆինանսավորում պետական բյուջեի միջոցներից.

26.1) տրամադրում է լուծարված ուսումնական հաստատության ավարտական փաստաթղթի կրկնօրինակը` արխիվային հիմքերի առկայության դեպքում.

26.2) սահմանում է հանրակրթական առարկաների դասագրքերի և ուսումնաօժանդակ գրականության ստեղծման, հրատարակման և հանրակրթության պետական չափորոշչին դրանց համապատասխանության գնահատման առարկայական հանձնաժողովների ձևավորման կարգը.

26.3) սահմանում է միջնակարգ կրթության կրեդիտային համակարգի ներդրման և գործարկման կարգը.

26.4) սահմանում է պետական ուսումնական հաստատությունների անվանակոչության կարգը.

26.5) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատություններում հեռավար (դիստանցիոն) կրթության կազմակերպման կարգը.

26.6) սահմանում է ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի անդամների և մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոնները (վարքականոնը).

26.7) սահմանում է ուսումնական հաստատություններում գործածվող փաստաթղթերի ցանկը և հաստատում դրանց լրացման (գործածման) կարգերը.

26.8) մշակում և հաստատում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության զարգացման ծրագրի մշակման ձևաչափը և զարգացման ծրագրի կատարման ամենամյա հաշվետվության կատարողական ցուցանիշներն ու պահանջները.

26.9) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) ստանալու նպատակով վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը.

26.10) սահմանում է «Տարվա լավագույնները» մրցույթի անվանակարգերը, դրանց պահանջները և անցկացման կարգերը.

26.11) սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգը.

26.12) հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով նախատեսված ծրագրերի և միջոցառումների իրականացման գործակիցները և նորմատիվները, ֆինանսավորման կարգերը.

26.13) հաստատում է Հայաստանի Հանրապետության ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը.

26.14) սահմանում է հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններում երկարօրյա ուսուցման կազմակերպման կարգը.

26.15) հաստատում է Հայաստանի Հանրապետության հանրակրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում դասագրքերը և ուսումնական այլ նյութերը գործածության երաշխավորելու կարգը.

26.16) սահմանում է ուսուցչի մասնագիտական չափանիշները.

26.17) սահմանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորողների գնահատման չափանիշները.

26.18) սահմանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորման կարգը.

26.19) սահմանում է ուսումնական հաստատության դպրոցական և անհատական բաղադրիչով սահմանված առարկաների ծրագրերի և խմբակների երաշխավորման կարգը.

26.20) սահմանում է ատեստավորման ենթակա ուսուցչի կողմից հավաքվող անհրաժեշտ կրեդիտների անվանացանկը, չափանիշները և նվազագույն չափաքանակը.

26.21) սահմանում է սովորողների տնային ուսուցման կարգը.

26.22) սահմանում է ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող երաշխավորված կազմակերպությունների և դասընթացների ցանկի ձևավորման կարգը.

27) իրականացնում է սույն օրենքով, Հայաստանի Հանրապետության օրենքներով և կառավարության որոշումներով սահմանված այլ լիազորություններ:

(30-րդ հոդվածը լրաց. 14.04.11 ՀՕ-128-Ն, լրաց., խմբ., փոփ. 01.12.14 ՀՕ-200-Ն, լրաց., փոփ. 06.03.20 ՀՕ-101-Ն, լրաց., խմբ. 09.02.22 ՀՕ-35-Ն)

(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։