Հոդված 14. Ուսումնական պլանները
Հոդված 14. Ուսումնական պլանները
1. Ուսումնական հաստատությունում կրթական գործընթացը կազմակերպվում է` համաձայն հանրակրթության պետական չափորոշչի և ուսումնական հաստատության տարեկան ուսումնական պլանի:
2. Ուսումնական հաստատությունում իրականացվող յուրաքանչյուր հանրակրթական ծրագրի համար կազմվում է առանձին ուսումնական պլան` հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան:
3. Հանրակրթական պետական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունն իր ուսումնական պլանները կազմում է ուսումնական պլանի ընդհանրական կառուցվածքի և ուսումնական պլանի կազմման կանոնների հիման վրա, որի համաձայն՝ դպրոցական բաղադրիչով նախատեսված ժամաքանակը ուսումնական հաստատությունը բաշխում է պետական բաղադրիչով սահմանված կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած առարկաներին:
4. Ուսումնական հաստատությունը վճարովի հիմունքներով կարող է իրականացնել հանրակրթական և (կամ) մասնագիտական լրացուցիչ կրթական ծրագրեր, ինչպես նաև այլ ծառայություններ՝ համաձայն իր կանոնադրության և Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի:
Սովորողների մասնակցությունը լրացուցիչ վճարովի պարապմունքներին կամավոր է և իրականացվում է ուսումնական հաստատության և ծնողի միջև կնքված պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:
(14-րդ հոդվածը խմբ. 26.06.23 ՀՕ-244-Ն)
(հոդվածը 26.06.23 ՀՕ-244-Ն օրենքի 1-ին հոդվածի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման ժամանակացույցի համաձայն)
(26.06.23 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)