Հոդված 31. Հանրակրթության բնագավառում տարածքային կառավարման մարմնի և Երևանի քաղաքապետի իրավասությունները
Հոդված 31. Հանրակրթության բնագավառում տարածքային կառավարման մարմնի և Երևանի քաղաքապետի իրավասությունները
1. Մարզպետի (Երևան քաղաքում` քաղաքապետի) իրավասություններն են`
1) ապահովում է մարզի տարածքում (Երևան քաղաքում) պետական կրթական քաղաքականության իրականացումը.
1.1) իրականացնում է պետական ուսումնական հաստատություններում վարչատնտեսական գործառույթների համակարգում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների).
1.2) իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից վարչատնտեսական գործառույթների պատվիրակված ծառայությունների իրականացման մշտադիտարկում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների).
1.3) ըստ անհրաժեշտության՝ հավաքում, ամփոփում և կրթության պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում ուսումնական հաստատություններին վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև հաստատում է ուսումնական հաստատությունների կողմից Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները.
1.4) իրականացնում է ոլորտի ոչ ֆինանսական ցուցանիշների ընդունման, ամփոփման աշխատանքներ և ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին.
2) աջակցում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կատարմանը.
3) մասնակցում է պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման և հանրակրթության մեջ ներգրավման աշխատանքներին՝ համագործակցելով ուսումնական հաստատության, համայնքի և շահագրգիռ մարմինների պատասխանատուների հետ.
4) ապահովում է պետական ուսումնական հաստատություններին օգտագործման իրավունքով հանձնված շենքերի կառուցումը, շահագործումը և պահպանումը, գույքի ընդունման և հանձնման գործառույթների իրականացումը.
5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է տվյալ պետական ուսումնական հաստատության համակարգողին և նրա հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցնում է համակարգողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.
6) աջակցում է ուսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման գործընթացին.
6.1) աջակցում է ուսուցչի հերթական և կամավոր ատեստավորումների գործընթացին.
7) իրականացնում է Հայաստանի Հանրապետության օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված այլ լիազորություններ։
(31-րդ հոդվածը խմբ., լրաց. 01.12.14 ՀՕ-200-Ն, խմբ. 09.02.22 ՀՕ-35-Ն, փոփ. 17.01.23 ՀՕ-3-Ն, լրաց., փոփ. 24.10.24 ՀՕ-387-Ն, լրաց., խմբ. 24.10.25 ՀՕ-356-Ն)
(09.02.22 ՀՕ-35-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(24.10.25 ՀՕ-356-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 06.05.26 ՀՕ-194-Ն օրենքի 3-րդ հոդվածի փոփոխության մասով ուժի մեջ մտնում մարզպետների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում՝ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում՝ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից)