Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2020-04-14-ից մինչև 2020-05-30։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՁԵՎԵՐԸ

Հոդված 24. Ախտաբանաանատոմիական գործունեությունը

գործել է մինչև 2020-05-30Բացել ARLIS-ում

Հոդված 24. Ախտաբանաանատոմիական գործունեությունը

(վերնագիրը խմբ. 03.10.11 ՀՕ-258-Ն)

1. Ախտաբանաանատոմիական գործունեությունը բժշկական օգնության և սպասարկման տեսակ է, որն իրականացվում է ախտաբանաանատոմիական հետազոտությունների, ախտաբանաանատոմիական հերձումների և ախտաբանաանատոմիական փորձաքննության միջոցով:

2. Ախտաբանաանատոմիական հետազոտությունները հիվանդությունների ախտորոշման նպատակով համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում իրականացնում են որակավորում ունեցող մասնագետ-բժիշկները: Ախտաբանաանատոմիական հետազոտությունների ցանկը և անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Ախտաբանաանատոմիական հերձումները մահացած անձի մահվան պատճառը որոշելու և նրա հիվանդության ախտորոշումը ճշգրտելու նպատակով համապատասխան լիցենզիա ունեցող բժշկական հաստատություններում իրականացնում են որակավորում ունեցող մասնագետ-բժիշկները: Ախտաբանաանատոմիական հերձումը կարող է իրականացվել, եթե մահվան դեպքը օրենսդրությամբ սահմանված դատաբժշկական փորձաքննության առարկա չէ: Ախտաբանաանատոմիական հերձումների իրականացման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

4. Ախտաբանաանատոմիական հերձումները կարող են չիրականացվել` հիմք ընդունելով մահացածի կյանքի օրոք հայտնած կամքը կամ նրա հարազատների կամ օրինական ներկայացուցչի գրավոր դիմումը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

5. Ախտաբանաանատոմիական հերձումները պարտադիր կարգով իրականացվում են`

1) Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած` շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների ցանկում ընդգրկված որևիցե հիվանդության հետևանքով անձի մահվան դեպքում, բացառությամբ սույն հոդվածի 5.1-ին մասով նախատեսված դեպքերի.

2) վարակիչ հիվանդությունների կամ դրանց առկայության հիմնավորված կասկածի դեպքում.

3) նորագոյացություններից մահվան դեպքերում, երբ բացակայում է ախտորոշման հյուսվածքաբանական հաստատումը (վերիֆիկացիան).

4) շուրջծննդյան (պերինատալ) մահացության դեպքում.

5) հղիների, ծննդականների և ծննդաբերների մահվան (մայրական մահացության) դեպքում.

6) այն դեպքում, երբ պացիենտը մահացել է բուժհաստատություն ընդունվելուց հետո` առաջին 24 ժամվա ընթացքում:

Պարտադիր կարգով իրականացվող ախտաբանաանատոմիական հերձումների անցկացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

5.1. Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան դեպքում ախտաբանաանատոմիական հերձումներ չեն իրականացվում:

6. Մահվան կամ հիվանդության ախտորոշման վերաբերյալ ախտաբանաանատոմիական հետազոտության եզրակացությունը կցվում է մահացած անձի բժշկական փաստաթղթերին, իսկ դրա պահանջի դեպքում տրվում է նաև հարազատներին, օրինական ներկայացուցչին, ոստիկանությանը, դատախազությանը, ազգային անվտանգության ծառայությանը կամ դատարանին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

(24-րդ հոդվածը խմբ. 03.10.11 ՀՕ-258-Ն, փոփ. 06.10.15 ՀՕ-113-Ն, լրաց. 31.03.20 ՀՕ-162-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։