Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.
Հոդված 17. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 35.1-ին հոդվածով.
«Հոդված 35.1. Պահեստավորման լիցենզիաները
1. Էներգիայի պահեստավորման լիցենզիա ունեցող անձին տրվում է լիցենզիայով սահմանված տարածքում էներգիա պահեստավորող կայան կառուցելու (վերակառուցելու), շուկայի կանոնների համաձայն՝ մեծածախ շուկայում էլեկտրական էներգիա գնելու և վաճառելու, շուկայի մասնակիցներին պահեստավորման ծառայություն մատուցելու իրավունք:
2. Էներգիայի պահեստավորման լիցենզիան տրվում է էներգիայի պահեստավորման երաշխիքով կամ առանց այդ երաշխիքի՝ նման լիցենզիա ստանալու մտադրություն ունեցող անձի կողմից երաշխիքից, հանձնաժողովի սահմանած կարգին համապատասխան, հրաժարվելու դեպքում:
3. Էներգիայի պահեստավորման երաշխիքով լիցենզիայի շրջանակում հանձնաժողովի կողմից էներգիայի պահեստավորման ծառայության սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից 15 տարվա ընթացքում լիցենզիայում նշված կայանի միջոցով մատուցվող պահեստավորման ծառայությունն ամբողջությամբ ենթակա է ձեռքբերման (օրենքով սահմանված էներգիայի պահեստավորման երաշխիք): Օրենքով սահմանված էներգիայի պահեստավորման երաշխիքից օգտվելու դեպքում լիցենզավորված անձն իրավունք չունի հետագայում հրաժարվելու դրանից: Էներգիայի պահեստավորման լիցենզիան ուժը կորցրած ճանաչվելու պարագայում տվյալ կայանում էներգիայի պահեստավորման նոր լիցենզիա տրամադրվելու դեպքում սույն մասով նախատեսված ժամկետը հաշվարկվում է տվյալ կայանի համար սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
4. Էներգիայի պահեստավորման երաշխիքով լիցենզիա ունեցող անձը հանձնաժողովի սահմանած սակագնով պարտավոր է էներգիայի պահեստավորման ծառայություն մատուցել էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կարգավարական հրահանգներին համապատասխան՝ շուկայի կանոններով սահմանված դեպքերում և կարգով:
5. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերից բխող՝ էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի առաջարկի դեպքում էներգիայի պահեստավորման լիցենզիաները տրվում և համապատասխան սակագները սահմանվում են հանձնաժողովի կողմից անցկացվող մրցույթի արդյունքով՝ հաշվի առնելով պետություն-մասնավոր գործընկերության մասին օրենսդրության կիրառելի կարգավորումները:
6. Էներգիայի պահեստավորման լիցենզիաները տրվում են՝ հաշվի առնելով նաև էներգետիկայի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի՝ Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառի զարգացման ռազմավարական ծրագրերից բխող՝ պահեստավորող կայանների գումարային հզորությունների առավելագույն չափաքանակների վերաբերյալ առաջարկությունները, 30 ՄՎտ և ավելի դրվածքային հզորությամբ կայանների պարագայում՝ նաև ստանալով սույն մասում նշված լիազորած մարմնի համաձայնությունը:
7. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման կամ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին արգելվում է զբաղվել էներգիայի պահեստավորման գործունեությամբ, բացառությամբ այն դեպքերի, երբ՝
1) պահեստավորող կայանն ամբողջությամբ ինտեգրված է համապատասխանաբար հաղորդման ցանցում կամ բաշխման ցանցում, օգտագործվում է բացառապես էլեկտրաէներգետիկական համակարգի անվտանգության և հուսալիության ապահովման համար, և առկա է այդ գործունեությամբ զբաղվելուն համաձայնություն տալու մասին հանձնաժողովի որոշումը.
2) միաժամանակ առկա են հետևյալ պայմանները.
ա. այլ անձինք, սույն օրենքի համաձայն, չեն ստացել էներգիայի պահեստավորման գործունեությամբ զբաղվելու իրավունք կամ չեն կարողացել պատշաճ ժամկետներում մատուցել պահեստավորման ծառայություն,
բ. պահեստավորող կայանն անհրաժեշտ է էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման կամ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին սույն օրենքով և շուկայի կանոններով սահմանված իր պարտականությունները կատարելու համար՝ էլեկտրաէներգետիկական համակարգի արդյունավետ, հուսալի և անվտանգ շահագործման համար, և պահեստավորող կայանը չի օգտագործվելու շուկայում էլեկտրաէներգիա գնելու կամ վաճառելու համար,
գ. հանձնաժողովը, գնահատելով սույն կետի «ա» և «բ» ենթակետերով նախատեսված պայմանների առկայության հանգամանքը, էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման կամ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին իր որոշմամբ համաձայնություն է տվել զբաղվելու էներգիայի պահեստավորման գործունեությամբ:
8. Էլեկտրական էներգիայի (հզորության) հաղորդման կամ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձը, սույն օրենքի համաձայն, էներգիայի պահեստավորման գործունեության իրավունք ստանալուց հետո համապատասխան պահեստավորող կայանը կարող է շահագործել բացառապես սույն հոդվածի 7-րդ մասի 1-ին կետում կամ նույն մասի 2-րդ կետի «բ» ենթակետում նշված նպատակներով:»: