Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-17-ից մինչև 2026-07-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸԳլուխ 8 · ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ ԸՆԴՈՒՆԵԼԸ, ԴՐԱ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿԵԼԸ, ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

Հոդված 58. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ ԸՆԴՈՒՆԵԼԸ

գործել է մինչև 2026-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 58. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ ԸՆԴՈՒՆԵԼԸ

1. Գրավոր վարչական ակտն ընդունված է համարվում այդ ակտը վարչական մարմնի իրավասու պաշտոնատար անձի կողմից ստորագրվելու օրվանից:

2. Բանավոր և այլ ձևի վարչական ակտերն ընդունված են համարվում այդ ակտերը հրապարակվելու պահից:

(58-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

&#9878Հոդված 59. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿԵԼԸ (ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԸ ՀԱՆՁՆԵԼԸ և ՀՐԱՊԱՐԱԿԵԼԸ)

1. Վարչական մարմինը վարույթի մասնակիցներին վարչական ակտի ընդունման մասին իրազեկում է սույն հոդվածով նախատեսված հանձնման կամ հրապարակման եղանակով:

2. Գրավոր վարչական ակտը, ընդունումից հետո` եռօրյա ժամկետում, պետք է հանձնվի վարույթի մասնակիցներին: Դա կարող է իրականացվել «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածով սահմանված կարգով կամ պատվիրված փոստով, այդ թվում` ստանալու մասին ծանուցմամբ, հասցեատիրոջը ստորագրությամբ առձեռն հանձնելու, ինչպես նաև հանձնման այնպիսի եղանակներով, որոնք թույլ են տալիս հաստատել հասցեատիրոջ կողմից ակտը ստանալու կամ օրենքով սահմանված դեպքերում պատշաճ ծանուցված լինելու փաստը:

Որպես կանոն, գրավոր վարչական ակտի հանձնումը պետք է կատարվի ակտը վարույթի մասնակիցներին ստորագրությամբ առձեռն հանձնելու միջոցով:

Սույն մասով նախատեսված հանձնման մյուս միջոցները կիրառվում են այն դեպքում, երբ որևէ հիմնավոր պատճառով ստորագրությամբ առձեռն հանձնելու հնարավորություն չկա, այդ թվում, եթե հասցեատերն ինքը խնդրել է օգտագործել հանձնման այլ միջոցներ:

Վարչական մարմինը գրավոր վարչական ակտը հասցեատիրոջը հանձնելիս պարտավոր է դրա հետ միասին հանձնել նաև այդ ակտի բաղկացուցիչ մաս համարվող փաստաթղթերը:

Նշված փաստաթղթերը վարչական ակտի հետ միաժամանակ չհանձնելը կամ ուշ հանձնելը չի կարող ազդել վարչական ակտի գործողության վրա և այդ պատճառով ակտի իրավաչափությունը վիճարկելու հիմք դառնալ:

3. Գրավոր վարչական ակտում, ինչպես նաև դրա բաղկացուցիչ մաս կազմող փաստաթղթերում օրենքով սահմանված կարգով փոփոխություններ և լրացումներ կատարելու դեպքում այդ փոփոխությունները և լրացումները կատարած վարչական մարմինը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով դրանք հանձնել վարչական ակտի հասցեատիրոջը:

4. Վարչական ակտն ընդունած վարչական մարմինը, գրավոր վարչական ակտի հասցեատիրոջ խնդրանքով, նրան կարող է տրամադրել նաև վարչական ակտի օտար լեզվով թարգմանված պատճենը, որը պետք է հաստատված լինի համապատասխան վարչական մարմնի պաշտոնական կնիքով:

Իրավաբանական ուժ ունի միայն վարչական ակտի վարչական վարույթի իրականացման լեզվով ընդունված տեքստը: Օտար լեզվով թարգմանված պատճենը չի կարող հիմք լինել այդ ակտի իմաստը կամ բովանդակությունը մեկնաբանելու կամ պարզաբանելու համար, իսկ վեճ առաջանալու կամ բողոք ներկայացնելու դեպքում հիմք է ընդունվում վարչական ակտի հայերենով ընդունված տեքստը:

5. Վարչական ակտի հրապարակումը կատարվում է վարչական մարմնի տեղեկագրում կամ այլ պաշտոնական տեղեկագրում հրատարակելով կամ զանգվածային լրատվության այլ միջոցներով հրապարակելով:

Գրավոր վարչական ակտը ենթակա է պարտադիր հրապարակման, եթե վարչական մարմնին հայտնի չեն այդ ակտով ուղղակիորեն շոշափվող անձանց վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Գրավոր վարչական ակտը կարող է հրապարակվել նաև վարչական մարմնի նախաձեռնությամբ, եթե ակտի հրապարակումը վարչական մարմինը համարում է առավել նպատակահարմար` պետության և հանրության շահերի, ինչպես նաև անձանց իրավունքների արդյունավետ պահպանման անհրաժեշտությունից ելնելով:

Մամուլում, զանգվածային լրատվության այլ միջոցներում կամ տեղեկատվության տարածման այլ միջոցներում հրապարակվում է գրավոր վարչական ակտի եզրափակիչ մասը: Նման եղանակով հրապարակման մեջ պետք է նշվի, թե որտեղ կարելի է ամբողջությամբ ծանոթանալ վարչական ակտին, այդ թվում` դրա հիմնավորմանը:

6. Բանավոր վարչական ակտը հրապարակվում է բանավոր ձևով` դրա հասցեատիրոջը (հասցեատերերին) հայտարարելու միջոցով: Բանավոր վարչական ակտը կարող է հրապարակվել դրա հասցեատիրոջ համար հասկանալի որևէ օտար լեզվով:

7. Այլ ձևի վարչական ակտը հրապարակվում է օրենքով նախատեսված որևէ տեսքով դրա հասցեատիրոջը (հասցեատերերին) անմիջականորեն տեսանելի, ընկալելի կամ որևէ այլ ձևով հասանելի դարձնելու միջոցով:

(59-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն, 17.12.14 ՀՕ-249-Ն, լրաց. 04.12.25 ՀՕ-420-Ն)

&#9878Հոդված 60. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼԸ

1. Գրավոր վարչական ակտն ուժի մեջ է մտնում այդ ակտի ընդունման մասին` սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով իրազեկելուն հաջորդող օրվանից, եթե օրենքով կամ այդ ակտով այլ բան նախատեսված չէ:

2. Եթե վարչական ակտը պարունակում է այնպիսի դրույթներ, որոնք ակտի որևէ մասով ուժի մեջ մտնելը կապում են որոշակի պայմանների կամ հանգամանքների առաջացման հետ, ապա վարչական ակտն այդ մասով ուժի մեջ է մտնում համապատասխան պայմանի կամ հանգամանքի առաջացման պահից (պայմանով ակտ):

3. Բանավոր և այլ ձևի վարչական ակտերն ուժի մեջ են մտնում այդ ակտերը հրապարակելու պահից:

(60-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

&#9878Հոդված 61. ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

1. Գրավոր վարչական ակտը կարող է գործել անորոշ կամ որոշակի ժամկետով:

Անորոշ ժամկետով ընդունված գրավոր վարչական ակտը գործում է այնքան ժամանակ, քանի դեռ չի փոխարինվել մեկ այլ վարչական ակտով կամ սույն օրենքով սահմանված կարգով անվավեր կամ ուժը կորցրած չի ճանաչվել, կամ օրենքով նախատեսված որևէ այլ հիմքով դրա գործողությունը չի դադարեցվել:

Որոշակի ժամկետով ընդունված գրավոր վարչական ակտը գործում է մինչև տվյալ ակտով նախատեսված ժամկետի լրանալը: Մինչև որոշակի ժամկետով ընդունված վարչական ակտի ժամկետը լրանալը կամ ժամկետը լրանալուց հետո` 15 օրվա ընթացքում, այդ վարչական ակտի ժամկետը կարող է այլ վարչական ակտով երկարաձգվել նոր ժամկետով կամ անորոշ ժամկետով:

2. Վարչական ակտը օրենքով նախատեսված դեպքերում կարող է գործողության ժամկետի վերաբերյալ որևէ նշում չպարունակել, եթե ակտով կարգավորվող հարցի լուծումը կապված է որոշակի մեկ կամ մի քանի այնպիսի գործողությունների կատարման կամ իրադարձության վրա հասնելու հետ, որոնց կատարման ավարտի կամ վրա հասնելու պահով էլ որոշվում է այդ ակտի գործողության ժամկետը (պայմանով ակտ):

Այդ ակտով նախատեսված պայմանի կատարման պահով ավարտվում է դրա գործողության ժամկետը:

3. Բանավոր վարչական ակտն ուժի մեջ մտնելու պահից գործում է մինչև այն պահը, երբ այդ ակտն ընդունած վարչական մարմինը ավարտում է դրա հետ կապված` օրենքով նախատեսված գործողությունների կատարումը կամ օրենքով նախատեսված որևէ եղանակով ակտի հասցեատիրոջը հայտարարում է ակտի գործողության դադարեցման մասին:

4. Այլ ձևի վարչական ակտը գործում է մինչև այն պահը, երբ ակտի հասցեատիրոջը, օրենքով նախատեսված տեսանելի, լսելի կամ որևէ այլ ձևով հասանելի եղանակով, հայտնի է դարձվում այդ ակտի գործողության դադարեցման մասին:

(61-րդ հոդվածը փոփ. 13.12.04 ՀՕ-10-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։