Հոդված 26.1. Մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը
Հոդված 26.1. Մշակութային ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակը
1. Մշակութային առանձին կազմակերպությունների՝ թատերական, երաժշտական, պարարվեստի, ֆիլմարվեստի, թանգարանային, գրադարանային և արխիվային, որոնք համապետական և համազգային նշանակության բացառիկ գործունեություն են իրականացնում, կարող է շնորհվել «Ազգային» կարգավիճակ:
2. Գործող և նոր ստեղծվող կազմակերպություններին սահմանված կարգով «Ազգային» կարգավիճակ շնորհում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
«Ազգային» կարգավիճակ շնորհվում է`
1) այն կազմակերպություններին, որոնք առանձնանում են ինքնատիպությամբ, կատարողական բարձր վարպետությամբ, անժամանցելի ձեռքբերումներով հարստացնում և զարգացնում են հայկական մշակութային ժառանգությունը, նպաստում են նրա պահպանմանն ու հանրահռչակմանը, խթանում են ազգային և համամարդկային արժեքների տարածմանը, նպաստում են հասարակության բարոյական և գեղագիտական դաստիարակությանը.
2) նոր ստեղծվող այն պետական կազմակերպություններին, որոնք մշակութային գործունեության տվյալ ոլորտում առանձնանում են իրենց բացառիկ բնույթով, և այդ կազմակերպությունների կանոնադրական գործառույթներում նախատեսված են սույն հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված պահանջները:
3. «Ազգային» կարգավիճակ կարող է շնորհվել մշակութային գործունեության տվյալ ոլորտը և տեսակը ներկայացնող միայն մեկ կազմակերպության։
4. «Ազգային» կարգավիճակ ունեցող մշակութային կազմակերպությունների ֆինանսավորումը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում արտահայտվում է առանձին տողով։
(26.1-րդ հոդվածը լրաց. 23.05.11 ՀՕ-183-Ն)