Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 6. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 6. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն ունեն հետևյալ իմաստները և բովանդակությունը.

մշակույթ՝ մարդկանց, սոցիալական խմբերի կամ հասարակական միավորումների կողմից նյութական և հոգևոր ոլորտներում ստեղծված արժեքների, համոզմունքների, սովորույթների, ավանդույթների, զգայությունների, մտածողության և հասարակական համակեցության կանոնների, վարքագծի ու գործողությունների ամբողջություն, սոցիալական, տնտեսական և ժամանցային համալիր գործունեություն, որն ապահովում է մշակութային արժեքների փոխանցելիությունը, ժառանգականությունը և պահպանությունը, ձևավորում է հասարակության ինքնությունը և համախմբում նրանց ընդհանրական արժեքների շուրջ.

մշակութային գործունեություն՝ մշակութային արժեքների և առարկաների (օբյեկտների) պահպանում, ստեղծում, տարածում և մեկնաբանում, մշակութային բարիքների մատուցում և իրացում.

մշակութային արժեքներ՝ մշակույթի և արվեստի երկեր, գեղարվեստական ժողովրդական ստեղծագործություններ և արհեստներ, բանահյուսություն, բարոյագիտական և գեղագիտական գաղափարատիպեր (իդեալներ), վարվեցողության կանոններ և ձևեր, լեզուներ, բարբառներ և խոսվածքներ, ազգային ավանդույթներ և սովորույթներ, պատմաաշխարհագրական տեղանուններ, մշակութային գործունեության մասին գիտական հետազոտությունների արդյունքներ և մեթոդներ, մշակութային ժառանգության առարկաներ (օբյեկտներ).

մշակութային բարիքներ՝ իրավաբանական և ֆիզիկական անձանց կողմից բնակչության մշակութային պահանջմունքների բավարարման նպատակով մատուցվող մշակութային ծառայություններ և իրացվող մշակութային արտադրանք (ապրանքներ).

մշակութային կազմակերպություն՝ կազմակերպություն, որի ստեղծման հիմնական նպատակը մշակութային գործունեության իրականացումն է.

մշակութային ոչ առևտրային կազմակերպություն՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից ստեղծված մշակութային կազմակերպություն, որի գործունեությունը բխում է պետության կամ համայնքի կողմից իրականացվող մշակութային քաղաքականությունից և ռազմավարությունից.

ստեղծագործական գործունեություն՝ մշակութային արժեքների ստեղծում և մեկնաբանում.

ստեղծագործական աշխատող՝ մշակութային արժեքներ ստեղծող կամ մեկնաբանող ֆիզիկական անձ.

ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող՝ մասնագիտական հմտություններ ունեցող, մասնագիտական ծառայություններ առաջարկող և ստեղծագործական գործունեությամբ զբաղվող, ստեղծագործական ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ինչպես նաև մշակույթի և արվեստի բնագավառում այդ գործունեության միջոցով եկամուտ ստեղծող անձ․

մշակութային գործունեությամբ զբաղվող անձ՝ սույն օրենքի 7-րդ հոդվածի գործողության ոլորտներում գործունեություն իրականացնող մշակութային կազմակերպությունում կամ մշակութային ոչ առևտրային կազմակերպությունում գրանցված աշխատանքային կամ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագրով ստեղծագործական գործունեություն իրականացնող անձ.

ստեղծարար արդյունաբերություն՝ նոր գաղափարների, ստեղծագործական բովանդակության և նորարարությունների արտադրության, մշակութային արժեքների ստեղծման, մշակութային տարբեր արտադրանքների և ծառայությունների ձևավորման, հանրայնացման, փոխանցման, իրացման, վերավաճառքի, բաշխման և սպառման համակարգ.

ստեղծագործական աշխատողների միություն՝ ստեղծագործական աշխատողների կամավոր միավորում, որն ունի հասարակական միավորման կարգավիճակ և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ստեղծվել է ստեղծագործական աշխատողների շահերի ընդհանրության հիման վրա՝ հոգևոր կամ ոչ նյութական այլ պահանջմունքներ բավարարելու համար.

Հայաստանի Հանրապետության մշակութային ժառանգություն՝ անցյալում ստեղծված նյութական և ոչ նյութական մշակութային արժեքների ամբողջություն, որը համաշխարհային ժառանգության բաղկացուցիչ մաս է՝ անկախ սեփականության իրավունքից, անհատների ու համայնքների, այդ թվում՝ ազգային փոքրամասնությունների համար ունի մշակութային, հոգևոր, գեղագիտական, զգայական, գիտական, տնտեսական կարևոր նշանակություն, հիմնարար գործոն է Հայաստանի Հանրապետության մշակութային բազմազանության խթանման և կայուն զարգացման համար.

Հայաստանի Հանրապետության մշակութային հարստություն՝ մշակութային արժեքների ամբողջություն (ներառյալ մշակութային ժառանգության օբյեկտները և ոչ նյութական մշակութային ժառանգությունը), որը հայ ժողովրդի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող ազգային փոքրամասնությունների և այլ էթնոմշակութային խմբերի համար ունի ազգային նշանակություն.

պետական մշակութային քաղաքականություն՝ պետության գործունեությունը մշակույթի ոլորտում և սկզբունքների ու նորմերի ամբողջությունը, որով ղեկավարվում է պետությունը մշակութային քաղաքականություն իրականացնելիս:

(6-րդ հոդվածը խմբ., լրաց. 22.01.25 ՀՕ-22-Ն, 18.06.26 ՀՕ-237-Ն)

(22.01.25 ՀՕ-22-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։