Անցնել բովանդակությանը
Գլուխ 4 · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 18.1. Տրանսպորտային միջոցները հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու կարգը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 18.1. Տրանսպորտային միջոցները հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու կարգը

1. Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե», «զ», «է», «ը», «թ», «ժ», «ժգ», «ժդ», «ժե», «ժզ» և «ժէ» կետերով նախատեսված դեպքերում ճանապարհային երթևեկությունը կարգավորողը պարտավոր է սույն հոդվածով սահմանված կարգով, տրանսպորտային միջոցը բերման ենթարկելով պահպանվող հատուկ տարածք, դնել արգելանքի տակ: Սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ա», «բ», «գ», «դ», «ե» և «զ» կետերով նախատեսված դեպքերում, տրանսպորտային միջոցի վարորդի համաձայնությամբ, տրանսպորտային միջոցը կարող է հանձնվել տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող անձի:

2. Բերման ենթարկումն իրենից ներկայացնում է տրանսպորտային միջոցի օգտագործումը դադարեցնելու ժամանակավոր հարկադիր միջոց, որը ներառում է (վարչական իրավախախտման հայտնաբերման տեղում արգելանքի տակ դնելու պատճառը վերացնելու անհնարինության դեպքում) վերջինիս տեղափոխումը հատուկ տարածք:

3. Տրանսպորտային միջոցը բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու հիմքերի առկայության դեպքում իրավասու պաշտոնատար անձն անհրաժեշտ գործողություններ է իրականացնում վարորդին տրանսպորտային միջոցի վարումից սույն օրենքի 24.1 -րդ հոդվածով սահմանված կարգով հեռացնելու և տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու ուղղությամբ:

4. Տրանսպորտային միջոցի տեղափոխումը հատուկ տարածք իրականացնում է իրավասու պաշտոնատար անձը անձամբ կամ մեկ այլ տրանսպորտային միջոցի օգնությամբ:

5. Տրանսպորտային միջոցի վարորդի բացակայության դեպքում այն հատուկ տարածք բերման ենթարկելու մասին բերման ենթարկողն անհապաղ հայտնում է ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը հնարավորության դեպքում՝ անմիջապես, իսկ հնարավորության բացակայության պարագայում տրանսպորտային միջոցի սեփականատիրոջ կամ նրա ներկայացուցչի կողմից դիմելու դեպքում նրանց տեղեկացնում է տրանսպորտային միջոցի գտնվելու վայրի մասին:

6. Հայաստանի Հանրապետության զինված ուժերին պատկանող տրանսպորտային միջոցները բերման են ենթարկվում սույն հոդվածի համաձայն` տեղակայելով դրանք կայազորային հավաքատեղերում:

Պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր և այլ հատուկ բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցները բերման են ենթարկվում սույն հոդվածի համաձայն` տեղակայելով դրանք փրկարար ծառայության պետական լիազոր մարմնի կողմից հսկվող տարածքներում:

Տրոլեյբուսը բերման է ենթարկվում սույն հոդվածի համաձայն` տեղակայելով այն համապատասխան հավաքակայանում:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերին պատկանող, պայթուցիկ, դյուրավառ, ռադիոակտիվ ու խիստ ներգործող թունավոր նյութեր և այլ հատուկ բեռներ տեղափոխող տրանսպորտային միջոցները, ինչպես նաև տրոլեյբուսները բերման ենթարկելու և համապատասխան մարմիններին հանձնելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

7. Տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու վերաբերյալ իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, որի ձևը սահմանվում է ոստիկանության պետի հրամանով:

Արձանագրության մեջ նշվում է բերման ենթարկված տրանսպորտային միջոցի մեջ գտնվող իրերի ցուցակը: Արձանագրության կրկնօրինակը հանձնվում է այն անձին, որի նկատմամբ կիրառվել է հարկադրանքի միջոցը, իսկ հատուկ տարածք տրանսպորտային միջոցի տեղափոխման դեպքում` նաև հատուկ տարածքում տրանսպորտային միջոցի պահպանման համար պատասխանատու անձին:

8. Տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու և պահպանման ժամկետը հաշվվում է օրերով և ժամերով` սկսած հատուկ տարածքում դրա տեղավորման պահից:

9. Եթե տրանսպորտային միջոցը տնօրինողը կամ տրանսպորտային միջոցի շահագործման համար պատասխանատու անձը տրանսպորտային միջոցն արգելանքի վերցնելու պահից 120 ժամվա ընթացքում`

ա) վերացնում է արգելանքի տակ դնելու պատճառները, ապա ոստիկանությունն անմիջապես տրանսպորտային միջոցը հանում է արգելանքից.

բ) չի վերացնում արգելանքի տակ դնելու պատճառները կամ վերացնելով արգելանքի տակ դնելու պատճառները` տրանսպորտային միջոցը չի հանում հատուկ տարածքից, ապա տրանսպորտային միջոցի պահպանման ծախսերը մարելու նպատակով տրանսպորտային միջոցի վարորդից (տիրոջից, տիրոջ ներկայացուցչից) հաջորդող յուրաքանչյուր լրիվ օրվա համար գանձվում է վճար՝ օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 50 տոկոսի չափով:

10. Տրանսպորտային միջոցի վարորդի (սեփականատիրոջ, սեփականատիրոջ ներկայացուցչի) կողմից պահպանման ծախսերը կամավոր չվճարելու դեպքում օրենքով սահմանված կարգով դրանք ենթակա են բռնագանձման:

11. Սույն հոդվածի իններորդ մասի «բ» կետով սահմանված կարգը չի տարածվում սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու դեպքերի վրա, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի «ժգ» կետով նախատեսված հիմքերի առկայության դեպքում տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու ժամանակ գործում է գործի քննության ավարտից հետո տրանսպորտային միջոցի վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) ծանուցելուց 120 ժամ հետո:

12. Այն դեպքում, երբ օրենքով նախատեսված է իրավախախտման գործիք կամ անմիջական օբյեկտ հանդիսացող առարկայի բռնագրավում, տրանսպորտային միջոցն արգելանքի տակ դնելու պատճառները վերացվում են իրավասու պաշտոնատար անձի կողմից:

13. Վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) թույլատրվում է մոտենալ հատուկ տարածքում պահպանվող տրանսպորտային միջոցին միայն դրա պահպանման համար պատասխանատու անձի ներկայությամբ:

14. Իրավասու պաշտոնատար անձը համոզվելով, որ տրանսպորտային միջոցի բերման ենթարկելու պատճառները վերացված են, գրավոր կարգով թույլատրություն է տալիս հատուկ տարածքում արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցը բաց թողնելու մասին և համապատասխան նշում կատարում տրանսպորտային միջոցը հատուկ տարածք բերման ենթարկելու և արգելանքի տակ դնելու արձանագրության մեջ:

15. Բերման ենթարկված տրանսպորտային միջոցը վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին) հանձնումը կատարվում է տրանսպորտային միջոցը հատուկ տարածքում պահպանման ծախսերն ամբողջությամբ վճարելուց հետո:

16. Հատուկ տարածքներում իրականացվում է բերման ենթարկված և արգելանքի տակ դրված տրանսպորտային միջոցների հաշվառում, որի կարգը սահմանվում է ոստիկանության պետի նորմատիվ հրամանով:

(18.1 -ին հոդվածը լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, փոփ. 15.11.10 ՀՕ-171-Ն, 14.11.19 ՀՕ-240-Ն, խմբ. 03.07.25 ՀՕ-251-Ն)

(03.07.25 ՀՕ-251-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։