Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2009-06-08-ից մինչև 2010-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 13. Տրանսպորտային միջոցների հաշվառման պայմանները

գործել է մինչև 2010-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 13. Տրանսպորտային միջոցների հաշվառման պայմանները

1. Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող գործարանային արտադրության կամ ինքնաշեն տրանսպորտային միջոցները ենթակա են պարտադիր պետական հաշվառման:

2. Տրանսպորտային միջոցը կարող է չներկայացվել պարտադիր պետական հաշվառման, եթե այն`

ա) ձեռք է բերվել (ներմուծվել է) վաճառքի նպատակով տրանսպորտային միջոցների առևտրով զբաղվող իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից.

բ) չի շահագործվելու:

3. Տրանսպորտային միջոցի սեփականատերը կամ նրա լիազորած անձը պարտավոր է տրանսպորտային միջոցը ոստիկանությունում հաշվառման (վերահաշվառման) ներկայացնել դրա ձեռքբերման, մաքսային ձևակերպման կամ հաշվառման տվյալների փոփոխության օրվանից հետո` 5 օրվա ընթացքում, կամ տարանցիկ համարանիշների գործողության ժամկետում:

«Ժամանակավոր» և «տարանցիկ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցները ենթակա են հաշվառման սահմանային մաքսային կետերում:

«Ժամանակավոր» մաքսային ռեժիմով ներմուծված տրանսպորտային միջոցներին սահմանային մաքսային կետում տրվում են հաշվառման փաստաթղթեր և հաշվառման համարանիշներ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած դեպքերի: «Ժամանակավոր» և «տարանցիկ» մաքսային ռեժիմներով Հայաստանի Հանրապետություն ներմուծված տրանսպորտային միջոցների հաշվառման կարգը սահմանվում է ոստիկանության պետի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի համատեղ հրամանով:

Հայաստանի Հանրապետություն ներմուծված և Ճանապարհային ոստիկանությունում հաշվառման ենթակա տրանսպորտային միջոցներին մաքսազերծումից հետո մաքսային մարմնի կողմից տրվում են «տարանցիկ» համարանիշներ:

«Տարանցիկ» համարանիշները մաքսային մարմիններին տրամադրում է Ճանապարհային ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգով:

4. Հաշվառված տրանսպորտային միջոցի օտարման հետ կապված հաշվառման գործողությունները կատարվում են Ճանապարհային ոստիկանության իրավասու ստորաբաժանումում լրացված`

ա) օտարողի (ներկայացուցչի) և ձեռք բերողի (ներկայացուցչի) համատեղ դիմումի հիման վրա, եթե օտարումը ձևակերպված է հասարակ գրավոր գործարքով.

բ) միայն ձեռք բերողի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա, եթե ձեռք բերողը ներկայացնում է կողմերի պահանջով նոտարի վավերացրած օտարման պայմանագիր կամ հարկադիր կատարողի կամ անվճարունակության կառավարչի հետ կնքված օտարման պայմանագիր.

գ) տրանսպորտային միջոցի մահացած սեփականատիրոջ ժառանգի (ներկայացուցչի) դիմումի հիման վրա, եթե հաշվառվում է ժառանգի անունով:

5. Իրավասու մարմնի տված թույլտվության հիման վրա վերասարքավորված տրանսպորտային միջոցը հաշվառվում, վերահաշվառվում և հաշվառումից հանվում է տեխնիկական զննություն անցնելու վերաբերյալ փաստաթուղթ ներկայացնելուց հետո: Տրանպորտային միջոցի վերասարքավորման դեպքում, անկախ վերասարքավորման տեսակից, տրանսպորտային միջոցի թողարկման տարեթիվը փոխելն արգելվում է:

6. Տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշը պետության սեփականությունն է:

7. Տրանսպորտային միջոցը փոխելիս (օտարելիս) աճուրդով ձեռք բերված մեծ պահանջարկ ունեցող հաշվառման համարանիշն օգտագործողն այն ի պահ է հանձնում տրանսպորտային միջոցը հաշվառող մարմնին: Եթե երկու ամսվա ընթացքում նա հաշվառման է ներկայացնում իրեն պատկանող այլ տրանսպորտային միջոց, ապա այդ համարանիշը տրամադրվում է նրան համարանիշների հատկացման համար օրենքով սահմանված պետական տուրքի վճարմամբ: Նշված ժամկետում այլ տրանսպորտային միջոց հաշվառման չներկայացնելու դեպքում նա զրկվում է ի պահ հանձնված հաշվառման համարանիշն անվճար օգտագործելու առաջնահերթության իրավունքից:

(13-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։