Հոդված 28. Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները
Հոդված 28. Տրանսպորտային միջոցի վարորդի ուսուցման հիմնական պահանջները
1. Սույն հոդվածի չորրորդ մասով սահմանված տարիքը լրացած և օրենսդրությամբ նախատեսված դեպքերում վարորդական գործունեության, ներառյալ` առողջական վիճակի հետ կապված սահմանափակումներ չունեցող անձինք կարող են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի հաստատած ուսումնական պլանով և ծրագրով ուսուցումը ստանալուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով մասնակցել տրանսպորտային միջոցը վարելու իրավունքի որակավորման քննություններին։
2. (2-րդ մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-72-Ն)
3. Գործնական քննությանը կարող են մասնակցել միայն վարորդի թեկնածուները:
4. Վարորդի թեկնածու կարող է դառնալ 17 տարին լրացած անձը:
5. (5-րդ մասն ուժը կորցրել է 21.02.07 ՀՕ-72-Ն)
6. Անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը պետք է ունենա տվյալ կարգի տրանսպորտային միջոցը վարելու վարորդական իրավունքի վկայական:
7. Տրանսպորտային միջոցների գործնական վարման սկզբնական ուսուցումն իրականացվում է ավտոդրոմում կամ ավտոհրապարակում, իսկ դրա բացակայության դեպքում` ճանապարհային երթևեկությունից մեկուսացված փակ տարածքում, որը կահավորվում է տրանսպորտային միջոցների սկզբնական գործնական վարման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցներով:
8. Գործնական վարման ուսուցման նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցը պետք է ունենա համապատասխան ճանաչման նշան և կահավորված լինի վարել սովորեցնողի համար նախատեսված հետին տեսանելիության հայելիով, ինչպես նաև կցորդման և արգելակման լրացուցիչ ոտնակներով: Գործնական վարման ուսուցումն իրականացվում է տեղական ինքնակառավարման մարմինների սահմանած ճանապարհներին:
9. Գործնական վարման ուսուցումն անցնող վարորդի թեկնածուի կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքում օրենքով սահմանված կարգով պատասխանատվություն է կրում ուսումնական հիմնարկի վարորդ-հրահանգիչը կամ անհատական կարգով գործնական վարել սովորեցնողը:
10. Տրանսպորտային միջոցների վարորդների ուսուցումը լիցենզավորման ենթակա ձեռնարկատիրական գործունեություն է, որի լիցենզավորումը, լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է կրթության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը, որը նախքան լիցենզիա տալը պետք է տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնից ստանա տրանսպորտային միջոց վարելու ուսուցում կազմակերպելու համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների հագեցվածության մասին եզրակացություն: Տրանսպորտային միջոցների վարորդների ուսուցման գործունեություն իրականացնելու լիցենզավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
11. Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը յուրաքանչյուր տարի լիցենզավորող մարմին է ներկայացնում ուսուցում իրականացնող կազմակերպությունների շրջանավարտների կողմից որակավորման քննությունների հանձնման արդյունքները:
Եթե կազմակերպության շրջանավարտների 70%-ը չի կարողացել առաջին անգամից հանձնել որակավորման քննությունները, ապա դա հիմք է համարվում լիցենզիայից զրկելու համար:
(28-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 21.02.07 ՀՕ-72-Ն, փոփ. 26.12.08 ՀՕ-22-Ն)