Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2010-07-01-ից մինչև 2010-12-25։Բացել գործող տեքստը
Գլուխ 4 · ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ԵՐԹԵՎԵԿՈՒԹՅԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 15. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը

գործել է մինչև 2010-12-25Բացել ARLIS-ում

Հոդված 15. Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը

1. Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները և դրանց կցորդները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկական զննության:

2. Տրանսպորտային միջոցի առաջին տեխնիկական զննությունը կատարվում է նախքան տրանսպորտային միջոցը Ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը:

Նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը կատարվում է տրանսպորտային միջոցի հաշվառմանը հաջորդող տարում: Այդ տրանսպորտային միջոցներին հաշվառման համարանիշի հետ տրվում է հաշվառման կտրոն, որը պետք է փակցվի տեխնիկական զննության կտրոնի համար նախատեսված տեղում:

3. Տրանսպորտային միջոցի երկրորդ և հետագա տեխնիկական զննությունները կատարվում են հետևյալ պարբերականությամբ.

ա) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները` առևտրային հիմունքներով ուղևորների փոխադրման համար օգտագործվող թեթև մարդատար ավտոմոբիլները (տաքսի ավտոմոբիլներ) և կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրամվայները, տրոլեյբուսները և ավտոբուսները` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ.

բ) տրանսպորտային միջոցները, դրանց թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին ներառյալ (բացի սույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ.

գ) տրանսպորտային միջոցները, դրանց թողարկման տարվան հաջորդող հինգերորդ տարվանից սկսած, իսկ ինքնաշեն կամ թողարկման տարին չճշտված տրանսպորտային միջոցները (բացի սույն մասի «ա» կետում նշված տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

Տրանսպորտային միջոցը սույն մասի պահանջին համապատասխանող տարում տեխնիկական զննություն պետք է անցնի մինչև նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված կտրոնի վրա նշված ամսվա վերջին օրը:

4. Տեխնիկական զննությունն իրականացնում են տրանսպորտային միջոցի հաշվառման վայրն սպասարկող տարածքում տեխնիկական զննության լիցենզիա ունեցող կազմակերպությունները, բացառությամբ տրամվայների և տրոլեյբուսների, որոնց տեխնիկական զննությունն անցկացնում են դրանք շահագործող կազմակերպությունները:

Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառի պետական լիազոր մարմնի, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության և ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացվում է համապատասխան պետական մարմինների իրավասու ստորաբաժանումներում` պետական մարմինների ղեկավարների հրամանով սահմանված կարգով:

Տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության սակագների ձևավորման սկզբունքները և դրանք հաստատող պետական մարմինը սահմանվում են օրենքով:

5. Լիցենզիայում պետք է նշվի շահագործվող հոսքագծերի քանակը` ելնելով լիցենզիայի գործողության տարածքում հաշվառված տրանսպորտային միջոցների քանակից: Լիցենզավորված անձը կարող է իր հոսքագծերը տեղակայել իր լիցենզիայի գործողության տարածքի մեկ կամ մի քանի վայրերում: Լիցենզավորված անձն իրավունք չունի իրականացնելու տրանսպորտային միջոցների առուվաճառք, տրանսպորտային միջոցների վերանորոգում, տրանսպորտային միջոցները վարձակալությամբ տալու գործունեություն:

6. Տեխնիկական զննության արդյունքում շահագործման պահանջներին համապատասխանող տրանսպորտային միջոցի համար զննություն իրականացրած լիցենզավորված անձը տրամադրում է սահմանած նմուշի կտրոն, որը պետք է փակցվի տրանսպորտային միջոցի վրա` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ նախատեսված տեղում:

7. Կտրոնը համարվում է խիստ հաշվառման փաստաթուղթ: Կտրոնները լիցենզավորված անձին տրամադրում է Հայաստանի Հանրապետության կառավարարության լիազոր մարմինը` հօգուտ պետական բյուջեի գանձելով օրենքով սահմանված պետական տուրք յուրաքանչյուր միավորի համար:

(15-րդ հոդվածը խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։