Հոդված 27. Տրանսպորտային միջոցների դասակարգումը և դրանք վարելու իրավունքը
Հոդված 27. Տրանսպորտային միջոցների դասակարգումը և դրանք վարելու իրավունքը
1. Մեխանիկական տրանսպորտային միջոցները բաժանվում են հետևյալ կարգերի.
ա) «A» կարգ` մոտոտրանսպորտային միջոցներ (մոտոցիկլետներ և դրան հավասարեցված մեխանիկական տրանսպորտային միջոցներ), բացառությամբ մոպեդի.
բ) «B» կարգ` մինչև 3500 կգ թույլատրելի առավելագույն զանգված կամ ուղևորների համար նախատեսված մինչև 8 նստատեղ ունեցող ավտոմոբիլներ.
գ) «C» կարգ` 3500 կգ ավելի թույլատրելի առավելագույն զանգված ունեցող ավտոմոբիլներ.
դ) «D» կարգ` ուղևորների համար նախատեսված 8-ից ավելի նստատեղ ունեցող ավտոմոբիլներ.
ե) «E» կարգ` «B», «C» կամ «D» կարգի քարշակով շարժակազմեր.
զ) «Տրոլեյբուս» և «Մոտոսայլակ»:
2. «C» կարգի տրանսպորտային միջոցներով (բեռնատարներով) թույլատրվում է փոխադրել մինչև 8 ուղևոր, իսկ դրանից ավելի մարդ փոխադրելու դեպքում վարորդը պարտավոր է ունենալ նաև «D» կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք:
3. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական տրվում է՝
ա) «A» կարգի և մոտոսայլակ` 18 տարին լրացած անձանց.
բ) «B» և «C» կարգերի` 18 տարին լրացած անձանց.
գ) «D» կարգի՝ 21 տարին լրացած «B» և (կամ) «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության զինված ուժեր և այլ զորքեր զորակոչված 19 տարին լրացած «B» և (կամ) «C» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.
դ) «E» կարգի՝ 19 տարին լրացած «B», «C» կամ «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու վարորդական իրավունքի վկայական ունեցող անձանց.
ե) «տրամվայ» և «տրոլեյբուս»՝ 20 տարին լրացած անձանց:
«B», «C» և «D» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքի վկայական ունեցող անձանց թույլատրվում է դրանք վարել նաև կցորդներով, եթե կցորդի թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կիլոգրամը: 750 կիլոգրամը գերազանցող թույլատրելի առավելագույն զանգված ունեցող կցորդներով տրանսպորտային միջոցներ վարելու համար վարորդը պետք է ունենա նաև «E» կարգի տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք:
4. Մոպեդ վարել թույլատրվում է 16 տարին, իսկ հեծանիվ, լծասայլ (լծասահնակ) վարել, բեռնակիր, հեծկան կենդանիներ կամ անասուններ քշել` 14 տարին լրացած անձանց:
5. Հայաստանի Հանրապետությունում գործում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին համապատասխանող ազգային և միջազգային վարորդական վկայականներ:
6. Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը ծագում է վարորդական իրավունքի վկայականը ստանալու պահից:
7. «A» և «B» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները տրվում են 18, իսկ «C», «D» և «E» կարգերի տրանսպորտային միջոցներ վարելու միջազգային վարորդական վկայականները` 21 տարին լրացած անձանց:
8. Ազգային վարորդական վկայականը տրվում է տասը, իսկ միջազգային վարորդական վկայականը` մինչև երեք տարի ժամանակով, բայց ոչ ավելի, քան ազգային վարորդական վկայականի գործողության կամ բժշկական հավատարմագրման տեղեկանքի ժամկետից:
9. «Տրամվայ» և «տրոլեյբուս» վարելու իրավունք տալու համար գործնական քննությունը ընդունում են «տրամվայ» և «տրոլեյբուս» շահագործող կազմակերպությունները` տրանսպորտի և կապի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով:
(27-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.02.07 ՀՕ-72-Ն)